2024.07.09,

Նյուսրում

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը վրացական մեդիայի համար կարող է անհաղթահարելի բարդություններ ստեղծել

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Վրաստանում ընդունած աղմկահարույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ուղիղ ազդում է վրացական լրատվամիջոցների աշխատանքի վրա։  

Այն լրատվամիջոցները, որոնց արտաքին ֆինանսավորումը կազմում է իրենց տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին, օրենքի համաձայն, համարվում են «օտարերկրյա գործակալ»։ Նման լրատվամիջոցները պարտավոր են ընդունել գործակալ լինելու հանգամանքը, լրացնել տարեկան ֆինանսական հայտարարագիր։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն խուսափել որպես «օտարերկրյա գործակալ» գրանցումից կամ հայտարարագիր չներկայացնելուց, ստիպված կլինեն վճարել տուգանք՝ 25 հազար լարիի չափով (շուրջ 94 հազար դոլար):  

OC-Media-ի համահիմնադիր Մարիամ Նիկուրաձեն ասում է, որ օրենքը հարվածում է անկախ լրատվամիջոցներին, որոնք աշխատում են օնլայն հարթակում։ Ըստ նրա՝ հեռուստատեսությունը, ռադիոն, տպագիր մամուլը վերահսկվում են, ունեն ֆինանսավորման աղբյուրներ, իսկ ահա այն լրատվամիջոցները, որոնք դրամաշնորհ են ստանում արտերկրից ու պահպանում են իրենց խմբագրական անկախությունը՝ ստիպված են կամ ենթարկվել օրենքով սահմանված նոր կանոններին կամ փակվել։  

«Մենք, ինչպես և մյուս կետերը, օրենքով պարտավորված կլինենք գրանցվել օտարերկրյա գործակալների ռեեստրում, բայց ոչ OC Media-ն, ոչ էլ շատ այլ կազմակերպություններ չեն նախատեսում դա անել։ Դա դեմ է մեր առաքելությանն ու արժեքներին։ Սա նշանակում է, որ մենք կտուգանվենք։ Ցավոք, այլ լուծում չկա։ Ի վերջո, այս օրենքը կհանգեցնի անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փակմանը»,- մանրամասնում է Մարիամ Նիկուրաձեն։ 

Լրագրողը նկատում է, որ առայժմ միակ հույսը գոյատևելն է մինչև հոկտեմբերին կայանալիք համապետական ընտրությունները, որոնց արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» կարող է զրկվել իշխանության ղեկից։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, Վրաստանում անկախ մեդիայի ապագան հուսադրող չի լինի, քանի որ իշխող կուսակցությունն անցնում է նույն ճանապարհով, ինչ Ռուսաստանում և Բելառուսում»։ 

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի ղեկավար Գուրամ Իմնաձեն նշում է, որ օրենքի խնդրահարույց հատվածը նախատեսված մոնիտորինգն է։ «Օտար ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների» բացահայտման և օրենքի պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար Արդարադատության նախարարությունը ցանկացած պահի կարող է մշտադիտարկում իրականացնել, իսկ լիազորված պաշտոնատար անձը կարող է մոնիտորինգի նպատակով ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։ 

Իմնաձեի խոսքով՝ օրենքը չի մանրամասնում մոնիտորինգի շրջանակը, ինչը նշանակում է, որ կարող է հասանելիություն տրվել կազմակերպության կամ զանգվածային լրատվության միջոցների ցանկացած տեսակի տեղեկատվության։ «Ոչ ոք չի վստահի լրատվամիջոցներին, եթե նրանք երաշխիք չունենան, որ իրենց տրամադրված տեղեկատվությունը պաշտպանված կլինի», – նշել է Իմնաձեն։ 

Լուսանկարն արված է մայիսին ընթացող բողոքի ցույցերի ժամանակ Jam-news.net-ի կողմից

Շաբաթներ շարունակ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին անցկացնում խորհրդարանի շենքի առաջ։ Նրանք բախվում էին ուժայինների կոշտ դիմադրությանը։ Ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառման պայմաններում Վրաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ իշխանություններից պահանջում էին հրաժարվել վիճահարույց օրենքի ընդունման նախաձեռնությունից, բայց ապարդյուն։  

Ցույցերի ընթացքում ավելի քան 200 կազմակերպություններ, որոնց թվում նաև լրատվամիջոցներ, հայտարարել էին, որ երբեք և որևէ ձևով մտադիր չեն գրանցվել «իրենց արժանապատվությունը նվաստացնող ռեեստրում»։ Նրանք ահազանգել էին, որ դադարեցնում են համագործակցությունը իշխանությունների հետ և հրաժարվում են մասնակցել աշխատանքային խմբերին և հանդիպումներին, որտեղ ներկա կլինեն իշխանությունների ներկայացուցիչները՝ մինչև օրենքի նախագիծը հետ կանչվի։ 

Netgazeti.ge կայքի խմբագիր Տազո Կուպրեիշվիլիին տեղի ունեցածն ինձ չի զարմացնում։  

Ըստ նրա՝ իշխանությունը վաղուց է սկսել վարկաբեկող արշավը նման լրատվամիջոցների դեմ։  

«Օրինակ՝ պետական պաշտոնյաները նրանց անվանում են լրտեսներ, հրապարակային տեղեկատվություն չեն տալիս, հրաժարվում են հարցազրույցից։ Ավելին, օրենքի ընդունման ժամանակ անկախ առցանց լրատվամիջոցների լրագրողներին գրեթե 2 ամիս չէին թողնում ներս մտնել խորհրդարանի շենք։ Երբ օրենքը լիովին կիրառվի, այն կլինի ռեպրեսիվ զենք իշխանության ձեռքին՝ անկախ լրատվամիջոցներին և լրագրողներին պատժելու համար»,- մանրամասնում է Տազո Կուպրեիշվիլին։  

Վերջինս հայտնում է, որ netgazeti-ին ևս կանգնած է դժվարությունների առաջ։  

«Կառավարությունը վախեցնում է բիզնեսին մեզ մոտ գովազդելուց, այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք դրամաշնորհներ փնտրել դոնորներից, որպեսզի կարողանանք ստուգված տեղեկատվություն տրամադրել հանրությանը, հետաքննել կոռուպցիան և զեկուցել մարդու իրավունքների խախտումների մասին: Եթե մեզ տուգանեն, հետագայում մեր բանկային հաշիվների վրա կալանք կդրվի, մենք չենք կարողանա վճարել մեր աշխատակիցներին, դժվար կլինի շարունակել աշխատանքը»,- շեշտում է խմբագիրը։  

Նա նշում է, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով։ Ըստ նրա՝ գրանցամատյանում որպես «օտարերկրյա շահեր կրող կազմակերպություններ» գրանցվելուց հետո իրենք կրելու են «օտարերկրյա գործակալի», «լրտեսի» պիտակ, ինչն անընդունելի է լրատվամիջոցների ու լրագրողների ճնշող մեծամասնության համար։ 

«Չեմ կարծում, որ որևէ անկախ լրատվամիջոց կարողանա չգրանցվելուց հետո 25 հազար լարիի տուգանք վճարել։ Սա աղետալիորեն մեծ գումար է վրացական լրատվամիջոցների համար։ Դա կհանգեցնի լրատվամիջոցների բանկային հաշիվների և գույքի բռնագրավմանը, ինչի հետևանքով ի վերջո նաև աշխատանքի կասեցմանը»,- նշում է Տազո Կուպրեիշվիլին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *