2024.06.18,

Նյուսրում

Ինչ պետք է իմանան ցույցեր, բողոքի ակցիաներ լուսաբանող լրագրողները

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Դավիթ Ալավերդյանը խորհուրդ չի տալիս անփորձ լրագրողներին լուսաբանել ցույցեր, հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ։ Ըստ նրա՝ հանրային նման միջոցառումները լրագրողական փորձ ու համապատասխան գիտելիքներ են պահանջում։  

Մեկնաբանելով  հունիսի 12-ին ԱԺ մոտ տեղի ունեցած իրադարձությունները, որոնց ժամանակ տասը լրագրող էր տուժել վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների ժամանակ, Դավիթ Ալավերդյանն ասաց, որ միշտ պետք է ելնել այն կանխավարկածից, որ նման սցենարը հավանական է, հատուկ միջոցների կիրառումը՝ ևս։  

Նա հիշեցրեց․ «Խմբագրությունը չի ուղարկում լրագրողին դեպքի վայր վնասվելու, վիրավորվելու կամ առավել ևս զոհվելու», ուստի ԶԼՄ ներկայացուցիչներն առաջին հերթին պետք է մտածեն իրենց անվտանգության ապահովման մասին, որպեսզի կարողանան լիարժեք կատարել իրենց աշխատանքը։   

Media.am-ի հետ զրույցում Դավիթ Ալավերդյանը կիսվեց խորհուրդներով, թե ինչպես պետք է նախապատրաստվել նման իրադարձությունների լուսաբանմանն ու ինչ անել դեպքի վայրում․ 

-Խորհուրդ է տրվում հագնել սպորտային, հարմարավետ կոշիկներ, շարժումները չսհմանափակող հագուստ, որպեսզի հնարավոր փախուստի ժամանակ դրանք դրանք չխոչընդոտեն լրագրողի արագ տեղաշարժը։ Սա համերգ չէ, որտեղ պետք է ներկայանալ երեկոյան զգեստներով, բարձրակրունկներով ու շպարով։  

-Հանրային նման միջոցառումները լուսաբանելիս ցանկալի է ունենալ քաղաքային, թեթև բաճկոններ, որոնց վրա մեծ տառերով գրված է PRESS: Դրանք սովորաբար լինում են մուգ կապույտ գույնի և օգնում են ոստիկանությանը նույնականացնել լրագրողին։ Լարված իրավիճակներում, շատ հաճախ, ոստիկանները չեն կարողանում տարբերակել քաղաքացիական հագուստով լրագրողներին բողոքի ակցիայի մասնակիցներից։ Եթե նման բաճկոններ բացակայում են, կարելի է դրանք փոխարինել PRESS գրությամբ գլխարկներով։ 

-Պարտադիր է ունենալ լրագրողական բեյջ, որի վրա գրված է լրագրողի ազգանունը, նրա ներկայացրած լրատվամիջոցը, որպեսզի ոստիկանությունը նույնականացնի լրագրողին և բերման չենթարկի ակցիայի մասնակիցների հետ։ 

-Քանի որ ցանկացած հանրահավաքի, բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից ուժ, հատուկ միջոցներ կիրառելը հավանական է, պետք է նման իրադարձությունների գնալ ֆիզիկապես պատրաստ։ Ցանկացած լարված իրավիճակում լրագրողը պետք է լքի տարածքը, դիրքավորվի անվտանգ վայրում, իրադարձություններին հետևի հեռվից, ոչ թե կենտրոնից, ուստի առողջական խնդիրները կարող են բարդացնել, դանդաղեցնել դեպքի վայրից հեռանալու պրոցեսը։  

-Ուսումնասիրելով վերջին տարիների իրադարձությունները, կարող եմ ասել, որ լրագրողները հայտնվում են ոստիկանության ու ակցիայի մասնակիցների մեջտեղում։ Լարված պահերին, երբ կողմերը սկսում են իրար վրա քարեր, շշեր նետել, բախվել, լրագրողները մնում են կողմերի մեջտեղում, դառնում են թիրախ, ուստի ցանկալի է չգտնվել կենտրոնում, իրադարձություններին հետևել կողքից։  

Արդյունավետ լուսաբանման համար ամենևին պարտադիր չէ լինել առաջին շարքում ու տուժել։ Հեռավորությունից ամեն ինչ շարունակում է մնալ նույնքան տեսանելի ու լսելի։   

Ուստի, օպերատորներին խորհուրդ եմ տալիս նկարահանումներ կատարել Camera Stick-ով, որպեսզի կարողանան հեռավորություն պահել բախումներից ու չլինեն երկու կողմերի մեջտեղում։ Նույնն էլ, իհարկե, վերաբերում է ֆոտոլրագրողներին։ Նրանք էլ կարող են օգտագործել Zoom-ի հնարավորություններից և մի փոքր հեռվից ֆիքսել իրադարձությունները։  

-Խորհուրդ եմ տալիս ունենալ ուսապարկ, որտեղ կլինի ջուր, փոքր դեղատուփ՝ ցավազրկողներով, վերքը մշակելու քսուկներով։ Կարելի է վերցնել նաև թաշկինակ, որպեսզի արցունքաբեր գազ կիրառելու պարագայում այն կարողանաք թրջել ջրով, դնեք աչքերի ու քթի հատվածում։ Դա կօգնի կարճ ժամանակ կատարել ֆիլտրի դեր, կտա հնարավորություն հեռանալ դեպքի վայրից։ 

-Նախապես դիտարկել նահանջի, փախուստի ճանապարհները։  

-Ուշադիր հետևել ոստիկանության հայտարարություններին։ Որպես կանոն, ուժ կիրառելուց առաջ, ոստիկանությունը նախազգուշացնում է հնարավոր ուժի կիրառման մասին, լրագրողներին խնդրում է լքել տարածքը։ Եթե նման զգուշացում չի արվում, արագ կողմնորոշվել ու դուրս գալ կիզակետից՝ նախապես ուսումնասիրված փախուստի ճանապարհով։ 

-Բջջային հեռախոսի վրա ակտիվացնել մեկ հրահանգով միանգամից մի քանի հոգու նամակ ուղարկելու ֆունկցիան՝ հրատապ զանգը, որպեսզի կարողանաս իմաց տալ որտեղ ես դու, ինչ օգնության կարիք ունես։  

Դավիթ Ալավերդյանը նշում է, որ խմբագրությունները հաճախ չեն գիտակցում նման իրադարձությունների վտանգը, ուղարկում են լուսաբանման անպատրաստ լրագրողների․ «Բոլորը պետք է ունենան մեկ կամ երկու հրահանգավորված, վերապատրատսված լրագրողներ, ովքեր կկարողանան լուսաբանել նման իրադարձությունները՝ ապահովելով սեփական անվտանգությունը»։ 

Նա շեշտում է՝ եթե հանրահավաքները շարունակվում են մեկ օրից ավել, եթե ակցիայի վայր բերբել են ոստիկանական մեծ քանակության ուժեր, եթե կողմերն անում են կտրուկ հայտարարություններ, նշանակում է, որ կա սպառնալիք հատուկ միջոցների, ուժի կիրառման։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *