2024.05.02,

Նյուսրում

Իրավապահ կառույցները քննարկում են լրագրողների նկատմամբ բռնությունների մասին ահազանգերը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի դեմ ընթացող բողոքի ակցիաների ժամանակ գրանցվել են միջադեպեր, երբ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Ապրիլի 27-ին Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը, ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել էին բացել ճանապարհը, ապա ուժ գործադրել։ Այդ ընթացքում ոստիկանները խոչընդոտել էին Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը՝ հրելով գետնին էին գցել լրագրող Անի Ներկարարյանին։ Նա ոտքի շրջանում վնասվածք էր ստացել։

Նույն օրը Ազատամուտ-Իջևան ճանապարհին միջադեպ էր գրանցվել NewDay լրատվական կայքի օպերատորի մասնակցությամբ։ Տավուշում բողոքի ցույցերի ակտիվ մասնակից Վահագն Մախսուդյանին բերման ենթարկելու ժամանակ դիմակավորված իրավապահները փորձել էին բերման ենթարկել նաև NewDay-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին։ Վերջինս՝ լրագրող Անի Գևորգյանի հետ գտնվել էր Մախսուդյանի մեքենայում։ Օպերատորին տապալել էին գետնին, ձեռնաշղթա հագցրել, ապա բաց էին թողել ու բերման չեն ենթարկել։

Լրագրող Անի Գևորգյանն ասել էր, որ Վահագն Մախսուդյանը մեկնում էր Իջևան ու իրենք խնդրել էին, որ իրենց էլ տանի՝ գնումներ կատարելու համար։ Քանի որ օպերատորը բեյջ չէր ունեցել ու գտնվել էր Մախսուդյանի մեքենայում, ոստիկանները, ըստ երևույթին, նրան շփոթել էին այլ անձի հետ, ապա բաց թողել։

Այս առնչությամբ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ իրավապահ մարմինները չեն կարողացել հենց այդ ժամանակ նրան նույնականացնել, քանի որ օպերատորը բեյջ չի կրել։

«Ոստիկանությունը առանց բեյջի մարդուն պետք է ասելով նույնականացնի՞: Այսինքն ոստիկանությունը, երբ գործողություններ է իրականացնում, պետք է գնա բոլորից հարցնի՝ դու ով ես, ներողություն, կարելի՞ է ձեզ բերման ենթարկել: Ոչ իհարկե: Լրագրողներն ու օպերատորները, եթե տվյալ տարածքում գործունեություն են իրականացնում, ապա պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն: Իսկ եթե այդտեղ ծառայողական լիազորությունների վերազանցում կա, ապա կա իրավական պրոցես, թող ծառայողական քննություն հարուցվի»,- հայտարարել է Արթուր Հովհաննիսյանը։

Ապրիլի 30-ին էլ Երևանում ընթացող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները հրել են 24news.am-ի լրագրողին։ Տեսանյութում երևում է, որ լրագրողի հետ ունեցած վիճաբանությունից հետո ոստիկանները սկսում են հրել նրան՝ փողոցի երթևեկելի մասից դուրս բերելու համար։

9 լրագրողական կազմակերպություններն ու Ժուռնալիստների միությունը դատապարտել են ոստիկանների պահվածքը NewDay.am-ի և  Oragir.news-ի լրագրողների նկատմամբ։

«Ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ», – ահազանգել են լրագրողական կազմակերպությունները։ Նրանք պահանջել են ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու, լրագրողների իրավունքների խախտումները կանխարգելող որոշումներ կայացնելու, ապօրինի բռնությունները դադարեցնող գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Ժուռնալիստների միությունն էլ հորդորել է մարդու իրավունքների պաշտպանից, համապատասխան բոլոր կառույցներից քննության առարկա դարձնել կատարվածը, միջազգային կազմակերպություններին կոչ է արել աչք չփակել մամուլի, ազատ խոսքի, լրագրողների մասնագիտական աշխատանքի դեմ ուղղված «խայտառակ գործողությունների վրա»։

Ներքին գործերի նախարարությունից media.am-ին փոխանցեցին, որ երկու դեպքերով՝ NewDay.am-ի, Oragir.news-ի հետ կապված, տարվում է ուսումնասիրություն։ Առայժմ չկա տեղեկատվություն այն մասին, թե կա՞ն արդյոք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող ոստիկաններ, թե՞ չկան։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ իրենք հարգում են լրագրողների աշխատանքը և չունեն մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու մտադրություն։ Նա ողջունեց լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ հանդիպումներ անցկացնելու մասին ու հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպում-քննարկում էլ նախատեսում է ինքն անցկացնել՝ ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության թեմայով։

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *