2024.04.01,

Նյուսրում

Սոլովյովը՝ հայկական հանրային մուլտիպլեքսից դուրս

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Ռուսական «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»  և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները այլևս Հայաստանի տարածքում չեն հեռարձակվում։ 

Որոշումը կայացրել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը՝ նշելով, որ հիմք է ընդունվել վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը։ 

Ռուսական երեք ալիք՝ «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ»-ն, «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ»-ը և «ՌՈՍԻՅԱ-Կ»-ն Հայաստանի տարածքում հեռարձակվում են Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի հիման վրա։

Վերջին կես տարվա ընթացքում մի քանի անգամ հայկական կողմը հայտնել է իր դժգոհությունը ռուսական հաղորդումների ժամանակ հնչող տեսակետների վերաբերյալ, որոնք պարունակում են սուտ տեղեկություններ, վիրավորանք ու զրպարտություն։  

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հանրային մուլտիպլեսքսում առհասարակ չպետք է ներգրավված լինեն օտարերկրյա հեռուստաալիքներ, այն էլ այնպիսի ալիքներ, որոնք խախտում են ՀՀ օրենքը։   

«Ժամանակ կպահանջվի, որ հարցը լուծվի արմատապես։ Մեկ-երկու հաղորդումը արգելելը չի լուծում խնդիրը»,- ասում է Նավասարդյանը։ Ըստ նրա, Ռուսատանի հետ միջկառավարական համաձայնագրում փոփոխություն պետք է մտցվի առ այն, որ վերահեռարձակվող ալիքներով չպետք է սփռվեն քաղաքական ու տեղեկատվական հաղորդումներ»։  

Մարտի 18-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների հարցով Մոսկվայում կոնսուլտացիաներ են ընթանալու: 

Նա տեղեկացրել էր, որ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ, որոնք բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից․ այն է՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ խորհրդանիշերի, պետության նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ։ 

Երկու օր անց՝ մարտի 20-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր, որ ռուսական կողմը Երևանից ստացել է մշակումները, փոխանցել է դրանց վերաբերյալ իր մտքերը և որ կողմերը սերտ կապի մեջ են։  

Միաժամանակ, Բորիս Նավասարդյանը նշում է, որ չի կարծում, թե ռուսական ալիքների ազդեցությունը մեր հասարակության վրա, տեղեկատվական միջավայրի վրա, մեծ է։ Ամեն դեպքում, նրա կարծիքով, չի կարելի թույլ տալ, որ ռուսական կողմը կարծի, թե կարող է խախտել ՀՀ սահմանադրությունը, չհարգել մեր օրենսդրությունը։ Այդ պարագայում կնշանակի, որ մենք ինքներս չենք հարգում մեր Սահմանադրությունն ու պետականության հիմքերը։  

«Մենք երեք կապուղի ենք տրամադրել ռուսական ալիքներին։ Հայաստանյան երեք հեռուստաընկերություններ չեն կարողանում ընդգրկվել հանրային մուլտիպլեքսում, որովհետև մենք այդ երեք կապուղիները տրամադրել ենք ռուսական ալիքներին։ Ու դրա դիմաց մեր հեռուստադիտողը լսում է վիրավորանք իր երկրի ու ժողովրդի մասին»,- նշում է Բորիս Նավասարդյանը ու հիշեցնում, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, կարող է սահմանափակվել այն դեպքերում, եթե հակասում է օրենսդրությանը։  

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱ) անդամ Հասմիկ Հակոբյանն էլ նշում է, որ վերահեռարձակվող ռուսական հաղորդումներում առկա բովանդակային խնդիրները ՀՀ համար նոր չեն, դրանք պարբերական բնույթ են ստացել վերջին տարիներին։  

Նա շեշտում է, որ երկու հաղորդումների սփռումն արգելելու որոշումը միջանկյալ է, դրա փոխարեն պետք է արգելվեին հեռուստաալիքները, բայց քանի որ հարցը կարգավորվում է միջկառավարական համաձայնագրով, որոշում ընդունողը երկրի իշխանություններն են։  

«Երբ սրվում է քաղաքական իրավիճակը, Ռուսաստանը փորձ է անում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ օգտվելով բարեկամական համաձայնագրով իրենց տրված առավելությունից, ու դա անում է մասնավորապես այն հաղորդումների միջոցով, որոնք արգելափակվեցին ՀՀ տարածքում։ Այդ հաղորդումներում հնչում է հակապետական քարոզչություն և նպաստում է խժդժությունների հրահրմանը, անգամ ռուս քաղաքական գործիչները հակահեղափոխական կոչեր են հնչեցնում, ինչն ընդունելի չէ»,-ասում է Հակոբյանը։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *