2024.02.06,

Նյուսրում

ԱԺ պատգամավորներն` ընդդեմ եթերում քրեական ենթամշակույթի քարոզի

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Ազգային ժողովի լիագումար նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվեց հեռուստաալիքներով քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի, սերիալների և հաղորդումների ցուցադրումը սահմանափակող նախագիծը։  

Փոփոխությունն արվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու միջոցով, որի հեղինակները Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն են։  

Մասնավորապես առաջարկվում է 06։00-ից մինչև 00։00-ն արգելել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող հեռուստաարտադրանքի ցուցադրումը։ Հեղինակները նշում են, որ նման ֆիլմերն ու հաղորդումները բացասաբար են ազդում անչափահասների, երիտասարդների վրա։   

Լիագումար նիստում հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծն ու պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնց մի մասը ներկայացնում ենք տեքստային տարբերակով։ 

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյան։ Ավելի լավ տարբերակ չէ՞ր լինի կոնկրետ նման տարրեր պարունակող ֆիլմը կոդավորվեր, ոչ թե ցուցադրման ժամային սահմանափակում դրվեր։ Լավ չէ՞ր լինի կոդեր լինեին, որ անչափահասները չկարողանային այն բացել։ 

Արթուր Հովհաննիսյան։ Ձեր առաջարկի մասով, տեխնիկապես, ես չգիտեմ, դա հնարավոր է թե ոչ։ Կաբելային հեռարձակման ցանցում կան որոշակի ալիքներ, որոնք ունեն նման հնարավորություն՝ կոդավորում։ Մենք խոսում ենք սերիալների, ֆիլմերի, հաղորդումների մասին, որոնց չափորոշիչները պիտի հստակեցնենք, մաքրենք եթերն այս արատավոր երևույթներից։ Հնչել է առաջարկ, որ նման ֆիլմերի վրա նշում լինի, որ 18+ է, որ անգամ catch up-ի հնարավորության դեպքում տարբերանշան լինի ու ծնողն էլ վերահսկի։ Մեծ հաշվով, ինչ օրենք էլ գրենք, եթե ծնողական վերահսկողություն չլինի, անչափահասներին նման նյութերից զերծ պահել չենք կարողանա։  

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան։ Կան ֆիլմեր, որտեղ հերոսացվում են նման պերսոնաժները, բայց կան նաև ֆիլմեր, որոնք դաստիարակչական բնույթի են, թեև ունեն քրեական ենթամշակույթի մասին հատվածներ։ Այդ ֆիլմերում ցուցադրվում է, որ պատիժն անխուսափելի է, որ այդ ենթամշակույթի մեջ ապրող մարդկանց համար դա մահացու է, որ խեղվում են ճակատագրեր։ Ո՞նց եք տարանջատելու նման ֆիլմերը մյուսներից։  

Արթուր Հովհաննիսյան։ Ձեր նկարագրած սցենարով 2,5 ժամանոց ֆիլմ կարող է լինել, որն ավարտվի տվյալ կերպարների համար վատ վերջաբանով։ Բայց ֆիլմի ողջ ընթացքում ինչ-ինչ դրվագներով այդ կերպարները դրականացվում են, ռոմանտիզացվում են, իսկ անչափահաս երեխաները նման դրվագներից տպավորվում են՝ ֆիլմն ինչպես էլ ավարտվի։ Ավելին, շատերը կրկնում են այդ դրվագները իրական կյանքում, ինչի ականատեսն ենք մենք։  

Իհարկե, երբ անչափահասը տեսնում է, որ վատ կուլմինացիա է ունենում ֆիլմը, գուցե ազդվում է, բայց հանրային մուլտիպլեքսով ցերեկային ժամին ցուցադրվող ֆիլմի միայն մի դրվագ կարող է տեսնել այդ երեխան ու դրանից տպավորվի։ Մի բան պարզ է, որ իրավապահների տեսանյութերը, որտեղ նման կերպարները դաժանորեն բերման են ենթարկվում, մեր ընկալմամբ քարոզ չեն, քանի որ այդտեղ չեն դրականացվում նման կերպարները։  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան։ Ժամանակակից տեխնոլոգիաների դարում դժվար է վերահսկել, թե ինչ ֆիլմեր են անչափահասները նայում։ Ես իհարկե, կողմ եմ, որ նման ֆիլմեր չնայեն, բայց դուք օրենքը մշակելուց հաշվի առե՞լ եք catch up-ի հնարավորությունը, Յություբի հնարավորությունը։ Գուցե մենք առաջարկենք կապի օպերատորներին չձայնագրե՞լ, թույլ չտալ catch up անել նման ֆիլմերն ու հաղորդումները։  

Արթուր Հովհաննիսյան։ Այս նախագծով որևէ մեկը չի հավակնում ծածկել բոլոր հնարավոր հարթություններում այս երևույթը։ Այո, հնարավոր չէ համացանցում օրենսդրական գործիքներով արգելքներ սահմանել։ Մենք խոսում ենք հանրային մուլտիպլեքսի մասին, որտեղ հնարավոր է օրենսդրական գործիքը կիրառել ու մենք դա կիրառում ենք։  

Իսկ catch up-ի մասով, այո, այդ հնարավորությունը կա, և գուցե ընդունենք այն առաջարկը, որ ֆիլմի վրա տարբերանշան դրվի։ Ինչ էլ անենք, կրկնում եմ, առանց ծնողական վերահսկողության խնդիրը լուծել չենք կարող, որովհետև խոսքն անչափահասների մասին է։ Եկեք գոնե հանրային մուլտիպլեքսում ծածկենք խնդիրը, հետո կանդրադառնանք այլ հարթակների ևս, եթե տեխնիկապես հնարավոր լինի։  

Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, ապա մենք քննարկել ենք նման հարց, որքան գիտեմ, դա տեխնիկապես հնարավոր է։ Շատ կաբելային ալիքներ անջատում են catch up-ի հնարավորությունը ֆուտբոլային հանդիպումները նորից չդիտելու, չձայնագրելու համար։ Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարծում եմ, որ այս հարցը նորից կքննարկենք։  

ՔՊ պատգամավոր Մարիամ Պողոսյան։ Ինձ մտահոգում են հայկական հեռուստասերիալները։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ սերիալներն էլ օրինագծի ընդունումից հետո պետք է ցուցադրվեն 00։00-ից հետո, քանի որ պարունակում են քրեական ենթամշակույթ։ 2000-ականների սկզբից մինչև հիմա զարգացում չեն գրանցել հայկական սերիալները։ Չե՞նք կարող ստանդարտավորել սերիալները, որպեսզի նման տարրեր չպարունակեն։ Սերիալները, կարծում եմ, կախվածություն են առաջացնում, ազդում են դաստիարակության վրա։ Հեռուստասերիալները նայելով կարելի է տվյալ երկրի ժողովրդի ու պետության մասին կարծիք կազմել։  

Արթուր Հովհաննիսյան։ Մենք հենց դա էլ փորձում ենք անել։ Երբ օրենքում ամրագրում ենք, որ քրեական ենթամշակույթ պարունակող ֆիլմերի նկատմամբ ևս պետք է վերաբերմունք լինի, սրանով նաև կարգավորող մարմինը պետք է սահմանի չափորոշիչներ ու թույլ չտա նման բովանդակության հեռարձակումը եթերում։  

Իսկ սերիալների բովանդակության մեջ, կարծում եմ, որ մենք պետք է չմտնենք։ Դա կվերածվի գրաքննության։ Ֆիլմարտադրողները հնարավորություն ունեն արտադրելու ցանկացած ֆիլմ, մարդիկ էլ հնարավորություն ունեն տարբեր հարթակներում դա դիտել։ Պարզապես պարտադիր չէ, որ այդ ֆիլմերը բերենք ու մտցնենք մարդկանց աչքը հանրային մուլտիպլեքսով։ Նման արտադրանքը վաճառվում է, դրա համար արտադրվում է։ Խնդիրը՝ գլոբալ է։ Անելիք ունենք հանրային հարաբերությունների առողջացման իմաստով, հերոս կերպարների իմաստով։ Կրթության ու դաստիարակության հետ կապված հարցեր են, որոնք տարիների աշխատանք են պահանջում։  

ՔՊ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի կարծիքով նախագծի նպատակը լավն է, բայց սխալ է հիմքում դնել քրեական օրենսգիրքը։  

«ՀՌՀ-ը չի կարող որոշել՝ հանցագործության քարո՞զ է դա, թե ոչ։ Շեշտում եք, որ քրեական օրենսգքրով նախատեսված քրեական մշակույթը չքարոզվի։ ՀՌՀ-ն ասելու է՝ ես չեմ կարող որոշել սա քրեորեն պատժելի արարք է, թե ոչ։ Նպատակը լավն է, որ բարքերը չքարոզվեն, բայց ՀՌՀ-ը չի կարողանալու որոշել՝ քրեորեն պատժելի արարք է ցուցադրվում, թե ոչ։ Դա կարող է որոշել միայն դատարանը»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ էրոտիկայի ցուցադրումն օրինակ հասկանալի է, չափելի է, էրոտիկ բնույթի է այն, թե ոչ»,- ասաց նա։  

ՔՊ-ն ներկայացնող պատգամավորը նաև նկատեց, որ օրենքը ազդելու է միայն հանրային մուլտիպլեքսի ալիքների վրա, երբ կան բազմաթիվ կաբերալային ալիքներ, ինչի հետևանքով տուժելու են մուլտիպլեքսի ալիքները։  

«Ինչ օրենք բերում ենք, բերում ենք էս մի քանի հեռուստաալիքների վրա, մրցակցությունից դուրս են մնալու, ինչը անարդար է։ Մտածեք խնդրում եմ նաև այս մասին»,- շեշտեց Սիսակ Գաբրիելյանը։  

Նիստին ներկա էր նաև ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը։ Հարց ու պատասխանից հետո նա հայտարարեց, որ պատգամավորների հետ քննարկումից հետո եկել են եզրահանգման, որ նման երևույթները պետք է մերժվեն ու հայտնեց, որ կառավարությունը օրինագծին տվել է դրական եզրակացություն։ 

Տիգրանուհի Մարտիրոսյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *