2024.01.30,

Նյուսրում

Ամեն տարի 3-5 տոկոսով ընկնում է TV դիտելիությունը․ Տիգրան Հակոբյան  

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ներկայացրեց 2023 թվականի Հանձնաժողովի գործունեության տարեկան ամփոփումը։  

Media.am-ն առանձնացրել է Տիգրան Հակոբյանի խոսքը՝ ըստ ասուլիսի ժամանակ հնչած թեմաների։ 

ՀՌՀ մասին թվերով և ոչ միայն 

Հանրությունը, դատելով արձագանքներից, աղոտ է պատկերացնում այն՝ ինչով զբաղվում ենք։ Շեշտը դրվում է քաղաքական բովանդակության վրա, քաղաքական երանգ է տրվում մեր գործունեությանը, այնինչ, բովանդակային վերահսկողությունը քիչ տեղ է զբաղեցնում մեր գործունեության մեջ։  

Ամենակարևոր մեր գործառույթներից մեկը մշտադիտարկումն է։ Մենք փորձում ենք ստուգել հեռարձակողների գործունեության համապասխանությունը օրենսդրությանը։ Մեր աշխատանքի ծավալը բավական մեծ է։

2023 թվականին մեր վերահսկողության տակ են եղել 28 տեսալսողական ծառայություն մատուցողները, որոնց թվում և՛ մայրաքաղաքային, և՛ մարզային ծածկույթի հեռարձակողներն են, ռուսական երեք հեռուստաալիքները և Հանրային հեռուստատեսությունը։

Մեր վերահսկողության տակ են 62 ցանցային օպերատորներ, մարզային փոքր կաբելային ընկերություններ, որոնք ավելի մատչելի ծառայություն են իրականացնում, քան՝ խոշորները։  

Նախորդ տարվա ընթացքում հարուցվել է 64 վարչական վարույթ, որից 57-ը՝ մեր նախաձեռնողականությամբ։  

2013-2018 թվականների ընթացքում հարուցվել էր 13 վարույթ։ Դրա համար մեզ մեղադրում են, որ կոշտ ենք վերաբերում հեռուստատեսություններին։ Բայց դա այդպես չէ։ Հեռարձակող ընկերությունները համերաշխ են մեր որոշումների հետ։  

2019-2023 թվականներին մեր կողմից տրամադրվել է 92 լիցենզիա, որից 30-ը՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման համար։ 

Հեռուստատեսությունների պարտքերի մասին 

Մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, որոնց թվում՝ Արմենիա, ATV, Դար21, FreeNews, Ֆորտունա հեռուստատեսությունները։ Մեղադրել նրանց չենք պատրաստվում։ Տխուր է պատկերը բոլորի համար։ Նույնիսկ Արմենիան, որը իր ուղղվածության շնորհիվ շահույթ ուներ, մարդիկ սիրում, նայում էին, այսօր աշխատում է վնասով և վնասով են աշխատում բոլոր հեռուստատեսությունները։ Պատճառն այն է, որ հեռուստատեսությունն այսօր մենաշնորհ չունի, գովազդատուները նախընտրում են այլ հարթակներ։ Ամեն տարի 3-5 տոկոսով ընկնում է TV դիտելիությունը։  

Հանրային հեռուստատեսությանը տրվեց գովազդի իրավունք։ Մենք դեմ էինք այս որոշմանը։ Մենք կարծում էինք, որ ֆինանսավորումը պետք է տրվի պետական բյուջեից։ 2023 թվականին գովազդի միջոցով Հանրայինը մոտ 700 միլիոն դրամ գումար վաստակեց։ Սա նշանակում է, որ 700 միլիոն դրամ մյուս հեռուստատեսություններից գնաց Հանրայինին, որովհետև դաշտը նույնն է, բլիթը՝ մեկն է։  

Ուժի մեջ մտավ նաև շահումով խաղերի գովազդի արգելքը։ Սա ևս ազդեց գովազդային շուկայի վրա։ Հեռուստաընկերությունները մեկ տարում կորցրին 800-900 միլիոն դրամ։ Եվ բնական է, որ միայն այս երկու գործոնները ծանր վիճակի մեջ դրեցին հեռուստաընկերություններին։ 

Ամեն դեպքում պարտքեր ունեցող հեռուստաընկերությունները, բացառությամբ մեկի, մարել են պարտքերը։ Միայն FreeNews-ն է բավական մեծ պարտք մնացել։ ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի։  

Ռուսական ալիքների և Սպուտնիկի մասին  

Այն, ինչ թույլատրվում է հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարերկրյա հեռարձակողներին։ Հայաստանն ունի իր տեղեկատվական օրակարգը՝ օր լուսաբանմամբ, քննադատությամբ։ Բայց Հայաստանը, որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը նստած օտար ափերում ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, Հայաստանի ղեկավարությանը՝ անկախ նրանից մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե ոչ։  

Մենք 30 օրով զրկեցինք «Սպուտնիկ Ռադիոյով» հեռարձակվող «Տոսպա» ընկերությանը հեռարձակումից, որովհետև բառամթերք էր հնչում, որը տհաճություն էր պատճառում, կային սպառնալիքներ, բռնության կոչեր։ Սա շարունակական էր, մի քանի հաղորդումների ժամանակ հնչում էր։ Մեզ այլ տարբերակ չէր մնում, քան՝ վարչական վարույթ հարուցել։  

Ինձ համար անհասկանալի մի բան կա այս պատմության մեջ։ «Տոսպա» ընկերությունը մամուլի հաղորդագրություններում հստակ նշում է, որ դատապարտում է հնչող բովանդակությունը։ ՌԴ-ից պատվիրակություն ժամանեց, բանակցությունների արդյունքում ափսոսանք արտահայտեցին բառամթերքի համար, ասացին, որ դա չի համապատասխանում խմբագրական քաղաքականությանը։ Բայց Տոսպան այս ամենով հանդերձ դիմեց դատարան։ 

Մենք չենք գտնում, որ պատիժն ավելի խիստ էր, քան՝ արարքը։ Ես առաջարկել եմ ընդամենը հնչած մտքերում փոխարինել հայկական ժողովուրդը ռուս ժողովրդով, Հայաստանը Ռուսաստանով, մեր ղեկավարի անունն իրենց ղեկավարի անունով և սպասել, թե քանի՞ ժամ կապրեր ԶԼՄ-ը դրանից հետո։  

Մենք պայմանավորվել ենք թեժ գծի պես մի բան ստեղծել ու արագ լուծել խնդիրները։ Գրեթե համոզված եմ, որ մոտ ապագայում նման խնդիրներ այլևս չեն լինի։ Ինձ ասել են, որ խմբագրական քաղաքականության մեջ փոփոխություններ են արվել։  

Ռուսական ալիքների հարցը այլ է։ Մենք տեղեկանք ենք կազմում ու ուղարկում ԲՏԱ նախարարություն, որ նրանք ռուսական ալիքների հետ լուծեն խնդիրը։ Աշխարհում չկա մի երկիր, որ Հանրային մուլտիպլեքսում լինի օտարերկրյա հեռարձակող։ Կարծում եմ, որ ԲՏԱ նախարարությունը լավ չէր կատարում իր պարտավորությունները։ Մեծ հույսեր ունեմ, որ նախարարը հետևողական կլինի, որ Հայաստանի ներքին գործերին խառնվելու, ապատեղակատվություն տարածելու փորձերը կանխվեն։ Անկախ նրանից՝ բարեկամ է երկիրը, թե ոչ, չպետք է լինի Հանրային մուլտիպլեսքում։  

Հայաստանում հնչող թուրքալեզու ռադիոյի մասին 

Հաճախականությունը սահման չի ճանաչում։ Թուրքական հաղորդակները հզոր են, հնչում են Հայաստանում։ Մի մոռացեք, որ հայաստանյան ռադիոն էլ հնչում է Թուրքիայում, Իրանում։  

ԲՏԱ նախարարությունը բավական թանկարժեք նոր սարքավորումներ է գնել, ամբողջ Հայաստանում կպտտեն՝ տեսնելու, թե որտեղ կա օտարերկրյա հեռարձակում ու կփորձի կասեցնել դա։ Խլացուցիչները արդյունավետ չեն, խորհրդային տարիներին դա արվում էր, բայց մարդիկ միևնույն է՝ լսում էին։ Սա տեխնիկական հարց է ու նախարարությունը սկսել է զբաղվել հարցով՝ նվազեցնելու օտարերկրյա հեռարձակումները։ Վերացնել՝ հնարավոր չէ, հնարավոր է նվազեցնել։ 

ՀՌՀ արժեքների մասին  

Կասկածներ կան, որ մեր հանձնաժողովը չի աշխատում անկախ, որոշումներն ինչ-որ չափով գալիս են վերևից։ Ուզում եմ շեշտել, որ մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն, ոչ մի կառույց որևէ անգամ չի կանխատեսել մեր որոշումները։ Փորձեր էլ չկան, որովհետև զգում ենք, որ դա արդյունավետ չէ, հակասում է արժեքներին, որը որդեգրել է մեր հանձնաժողովը։  

Ձեռքբերումների մասին

Անցած տարի ՀՌՀ-ը դարձավ Միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների հարթակի անդամ։ Հայաստանը միակ պետությունն է, որը սահման չունենալով միջերկրածովյան պետությունների հետ, այդ հարթակի անդամ է։ Ավելին, Հայաստանը հարթակի փոխնախագահ է ընտրվել մեկ տարով։ Այս տարի ժողովը կանցկացվի Հայաստանում ու մենք կծանոթացնենք մեր գործունեության հետ, կանենք ամեն ինչ, որ մեր հայկական բովանդակությունը ցուցադրվի օտար երկրներում։ 

Եթերում շատացել են հայերենով հաղորդումները։ Հանրապետական ու մայրաքաղաքային ծածկույթ ունեցող հեռուստատեսություններում ռուսերենով հաղորդումներ գրեթե չկան։ 6-7 տարի առաջ 70-80 տոկոս բովանդակությունը ռուսերեն էր՝ ֆիլմերը, հաղորդումները։ Այսօր նման պատկեր չունենք։ Շատացել է նաև հանրօգուտ հաղորդումների թիվը, շատերը պահում են մինիմալի շեմը՝ 20 տոկոս, բայց կան նաև հեռուստատեսություններ, որոնք 40-50 տոկոս հանրօգուտ հաղորդումներ ունեն։ 

Տիգրանուհի Մարտիրոսյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *