Անցյալ շաբաթ առցանց «Առավոտը» գրեց, որ իրենց տեղեկություններով «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։ Պատճառն Իշխանյանի՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ի Ֆեյսբուքյան գրառումն է։
Ըստ առցանց «Առավոտի»՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով, այն է՝ «բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, որ տարածվել է լրատվամիջոցների կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»:
Նույն հոդվածով սա արդեն երկրորդ քրեական վարույթն է, որ նախաձեռնվել է Իշխանյանի նկատմամբ։
Առաջինը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ի «Մահ դավաճաններին» Ֆեյսբուքյան գրառման համար էր։
Այս նոր վարույթի մասին տեղեկության հրապարակումից հետո Իշխանյանը Ֆեյսբուքում գրել էր, գործի մասին անգամ տեղյակ չի եղել։
«Ինչպես նախորդ քրեական գործի դեպքում, այս անգամ նույնպես հայտարարում եմ, որ չեմ զղջում գրառումներիս բովանդակության համար, ինչպես նաև հրաժարվում եմ որևէ ցուցմունք տալուց պատվեր կատարող քննիչներին»,- գրել էր Իշխանյանը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ Ավետիք Իշխանյանի երկու գրառումների համար էլ քրեական գործ հարուցելն անհամաչափ մոտեցում է։ Նա նշում է, որ եթե անգամ առաջին գրառումը վիրավորական խոսք է պարունակում քաղաքական առաջնորդի հասցեին, այնուամենայնիվ առկա չեն փաստեր, որ գրառումն իսկապես հանրային վտանգ է ներկայացրել կամ միտված է եղել սահմանադրական կարգը տապալելուն։
«Ես առաջարկում եմ, որ նման հրապարակային վիրավորական խոսքերի դեպքում վարչական վարույթ հարուցվի, վարչական տույժի ենթարկեն։ Հայաստանի Հանրապետությունում նման դեպքերը պետք է վարչաիրավական արձագանք ունենան, այլ ոչ թե քրեաիրավական։ Փաստերը ցույց են տալիս, որ Իշխանյանի սեպտեմբերի 19-ի հայտարարությանը ոչ մի գործողություն չի հետևել։ Իմ կարծիքով նա իր բողոքի ձայնն է բարձրացրել պատերազմում պարտվելու վերաբերյալ։ Այո՛, իր խոսքում օգտագործել է վիրավորական խոսք՝ ուղղված վարչապետին, բայց դա բռնության կոչ չէ, դա ատելության խոսք չէ»,- ասում է Արա Ղազարյանը։
Անդրադառնալով երկրորդ վարույթի համար հիմք հանդիսացած սեպտեմբերի 20-ի գրառմանը` նա նշում է, որ հանցագործության մեջ կան երկու կարևոր հատկանիշներ։ Մեկը օբյեկտիվ հատկանիշն է, այսինքն կոնկրետ գործողությունները, մյուսը սուբյեկտիվ հատկանիշն է՝ մտադրությունը։ Մտադրությունը պետք է լինի որևէ փոքրամասնության նկատմամբ բռնության կոչ անելը՝ նրանց ատելու պատճառով, իսկ փոքրամասնության նկատմաբ ատելության պատճառը կարող է լինել նրանց ազգային պատկանելիությունը, լեզուն, կրոնը և այլ։ Արա Ղազարյանը նշում է, որ այս ամենը Իշխանյանի գրառման մեջ բացակայում է։
«Դա ընդամենը իրավապաշտպանի կոչ է դուրս գալ փողոց՝ ապստամբության, եթե մենք ապստամբության կոչը սկսենք բռնության կոչ համարել, ապա նշանակում է քաղաքական պայքարը Հայաստանում պետք է վերանա։ Ատելության խոսք և բռնության կոչ կլինի, եթե ես օրինակ հայտարարեմ, որ մեր երկրում գտնվող բոլոր հնդիկներին ջարդեք-փշրեք, վտարեք մեր երկրից, դա կլինի ատելության խոսք և բռնության կոչ, քանի որ առկա է թիրախավորված մոտեցում փոքրամասնության նկատմաբ՝ պայմանավորված նրանց ազգային պատկանելիությամբ»,- ասում է Արա Ղազարյանը։
Նախքան որևէ հրապարակում բռնության կոչ կամ ատելության խոսք որակավորելը և քրեական գործ հարուցելը, միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ պետք է ուշադրություն դարձնել համատեքստին։
«Եթե խոսքն ասվել է քաղաքական-սոցիալական լարված իրադարձությունների համատեքստում, դա անպայման պետք է հաշվի առնել։ Այսինքն ինքնանպատակ ասված խոսք չէ, դրանում կա հանրային նշանակության ինչ-որ խնդիր, ինչ-որ մտահոգություն։ Տվյալ դեպքում Ղարաբաղում Հայաստանի պարտությունն էր, որը պետք է անպայման հաշվի առնել»,- ասում է Ղազարյանը։
Կարևոր է նաև, թե ո՞վ է արել տվյալ հայտարարությունը՝ սովորական քաղաքացի՞ն, քաղաքական գործի՞չը, իրավապաշտպա՞նը, թե՞ լրագրողը։ Ղազարյանը նշում է, որ իրավապաշտպանները չունեն վարքագծի նորմեր, ոչ էլ հանրային ծառայողներ են, որ բարեվարքության կանոներ ունենան և պարտավորված լինեն դրանց հետևել։ Եվ եթե իրավապաշտպանը կատարում է խնդրահարույց գրառում կամ հայտարարություն, ապա առավել հավանական է, որ իրականում հենց բռնություն քարոզելու կամ հասարակական կարգը խախտելու, անկարգություններ հրահրելու նպատակ չի հետապնդում։ Հավանական է, որ նպատակը հանրությանը հուզող ինչ-որ խնդիրի շուրջ հանրային բաց բանավեճ հրահրելն է կամ հանրային նշանակության թեմայի վրա ուշադրություն հրավիրելը։
«Իրավապաշտպաններին, լրագրողներին հետապնդելը բարդ գործ է, որովհետև միշտ վերջին խոսքը պատկանում է նրանց և արձագանքն էլ է մեծ լինում։ Սովորաբար, երբ քրեական գործ է հարուցվում, իսկ հատկանիշները կաղում են, ապա պետք է փնտրել քողարկված օրակարգ, այս դեպքում այն է` լռեցնել իրավապաշտպանին»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը։
Նա պատմում է, որ Հայաստանում իրավապաշտպանների դեմ քրեական գործերն այնքան էլ շատ չեն, քանի որ նման դեպքերում հասարակական լուրջ դիմադրություն է լինում, իրավապաշտպան կազմակերպությունները ևս սովորաբար բավականին կոշտ գնահատականներ են հնչեցնում։ Սակայն նկատել է, որ այս անգամ պատկերը բավականին այլ է։
Արա Ղազարյանն ասում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից իրավապաշտպանին կալանավորելը ցանկացած երկրի համար կարող է խնդիրներ ու մեծ աղմուկ առաջացնել, քանի որ կարող է դիտարկվել, որպես քաղբանտարկյալ, իսկ քաղբանտարկյալը երկրի հեղինակությանը շատ մեծ վնաս է հասցնում։
Ղազարյանի կարծիքով ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ օրենսդրական բացն է, որի հետևանքով էլ նմանատիպ դեպքերը քրեաիրավական արձագանք են ստանում։ Նա առաջարկում է Ավետիք Իշխանյանի գրառումների առիթով հարուցված վարույթը կարճել։
Ստեղծել վարչաիրավական մեխանիզմներ և հասարակական կարգը խաթարելու հիմքով՝ սոցիալական հարթակներում, հանրային տիրույթներում վիրավորական խոսք հնչեցնողներին ենթարկել վարչական տույժի։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: