2023.11.21,

Նյուսրում

Փաշինյանին պատկերող AI-ով պատրաստած տեսանյութը՝ ֆինանսական մեքենայությունների գործիք 

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Սոցցանցերում հայտնվել է արհեստական բանականության կիրառմամբ պատրաստված տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Մետայի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի հետ մեկնարկած ներդրումային հարթակի մասին։

Ասվում է, որ համակարգում գրանցվելու շնորհիվ մարդը կարող է վաստակել օրական 100.000 դրամ, և որ դրա մասնակիցը կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից։  

Տեսանյութը տեխնիկապես պատրաստված է բավական լավ՝ խոսքն ու բերանի շարժումը համընկնում են, ուստի շատ մարդիկ չեն էլ կասկածում, որ այն կեղծ է, անցնում են հղմամբ ու գրանցվում։  

Գրանցվելուց հետո մարդուն զանգահարում են արտասահմանյան որևէ համարից, ներկայանում Լիբրա կոչվող ընկերությունից ու առաջարկում գումարային ներդրում կատարել կրիպտոարժույթի ոլորտում, որպեսզի համակարգը իրենց դրա դիմաց տոկոսներ տա։  

ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը նշում է, այս տեսանյութից շատ հեշտ էր գլխի ընկնել, որ այն կեղծ է, քանի որ ռուսերենով է։  

Ըստ նրա՝ Արհեստական բանականությունը (AI) առայժմ հայերենով չի աշխատում, (գուցե՝ ապագայում աշխատի), դրա համար կեղծարարները չեն կարողացել հայերենով տեսանյութ պատրաստել։ Սակայն, AI-ը հաշվի չի առել Նիկոլ Փաշինյանի բանավոր խոսքի առանձնահատկությունները և այն պատրաստել է բավական վարժ ռուսերենով, ինչն էլ առաջինն է մատնում տեսանյութի կեղծ լինելու հանգամանքը։   

Արթուր Պապյանը նշում է, որ նմանաբովանդակ տեսանյութերի քանակն ապագայում աճելու է, ուստի բոլորին կոչ է անում ստուգել դրանց իսկությունը։  

«Մենք այլընտրանք չունենք, քան՝ մեդիագրագետ դառնալը։ Պետք է պատրաստ լինենք, որովհետև նման տեսանյութերը՝ իրենց տարատեսակ դրսևորումներով, շատանալու են։ Պայքարի ճանապարհը՝ տեղեկատվությունը տարբեր աղբյուրներում ստուգելն է: Եթե տեսանյութում Նիկոլ Փաշինյանն է, ասում է, որ գրանցվեք այս ծրագրով ու գումար կստանաք, մտեք կառավարության պաշտոնական կայք, վարչապետի պաշտոնական կայք ու ստուգեք՝ այդ տեղեկատվությունն այդտեղ առկա է, թե ոչ: Պարզ է չէ՞, որ եթե նման ծրագիր լինի, ապա առնվազն դրա մասին կգրեն պաշտոնական աղբյուրները, վարչապետի ֆեյսբուքյան էջը, Հանրային հեռուստաընկերությունը: Եթե այդ աղբյուրներում այդ տեղեկատվությունը չկա, ուրեմն այն կասկածելի է»,- մանրամասնում է նա։  

Արթուր Պապյանը նշում է, որ AI-ով պատրաստված տեսանյութերի որակը գնալով բարձրանում է և շատ դժվար է լինելու կադրի որակից, ձայնից հասկանալ՝ իրական է այն, թե ոչ։ 

Խոսելով բուն համակարգի մասին, որտեղ կեղծարարներն առաջարկում են գումար ներդնել, մասնագետը նշում է, որ բազում օրինակներ կան, երբ մարդիկ իսկապես գումար են վաստակել, իսկ երբ մեծացրել են ներդրումների ծավալը, հարթակը հրաժարվել է այդ գումարը տալ՝ սառեցրել է հաշիվը ու մարդիկ խոշոր գումարներ են կորցրել։   

Նա հիշեցրեց, որ Գազպրոմի անունից էլ նման տեսանյութեր են տարածվում ու շատ մարդիկ արդեն դարձել են դրա զոհը։  

Փորձագետն ասում է, որ Մետան արգելափակում է նման տեսանյութերի տարածումը, եթե գտնում, նկատում է դրանք, բայց իրատեսական չէ ակնկալել, որ ամբողջը կկարողանա հեռացնել, քանի որ հարյուրավոր կեղծ էջերից են տարածում ու իրենք չեն հասցնում հետևել դրան։  

Ըստ Պապյանի սա ֆինանսական մեքենայություն է և այստեղ անելիք ունեն կառավարությունը, Կենտրոնական բանկը, մասնավոր բանկերը։ «Բանկը կարող է արգելափակել նման փոխանցումները, երբ տեսնեն, որ կասկածելի գործարք է, կասկածելի հաշվի են փոխանցում։ Նման պրակտիկա կա, երբ անգամ մեկ դոլարի փոխանցման պարագայում գործարքը կասեցվում է»,- ասում է Արթուր Պապյանը։  

Մասնագետը զգուշացնում է, որ այս երևույթը կարող է տարբեր դրսևորվումներ ունենալ, ոչ միայն ֆինանսական մեքենայության, անձնական տվյալների հափշտակության, այլ նաև բուլինգի, շանտաժի և այլն։  

«Շատ են դեպքերը, երբ ֆոտոշոփ են անում դպրոցահասակ աղջիկ երեխաների նկարները մերկ մարմինների վրա, ապա շանտաժ են անում, վախեցնում, որ ծնողներին ցույց կտան, եթե իրենց ցանկությունը չկատարեն։ Այս երևույթը կարող է հիմա էլ տեսանյութերով տարածվել։ Նման դեպքերը շատ են, 2015 թվականներից կան քրեական գործեր, նույնիսկ երեխաներ են ինքնասպան լինում։ Այնպես որ պետք է լինել զգոն ու ցանկացած տեսանյութ ստուգել»,- ասում է նա։ 

Թե ինչպես ստուգել տեսանյութը՝ մոնտաժված է, պատրաստված է AI-ով, կարող եք կարդալ հոդվածում։ 

Տիգրանուհի Մարտիրոսյան  

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *