Ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես պատերազմների ժամանակ, առաջին պլան է գալիս որակյալ լրագրության ու մեդիագրագետ, «մեդիա-տոկունություն» ունեցող հասարակության պահանջը։
Պատերազմների ընթացքում մեդիախողովակները փոխվում են, ավելի սակավաթիվ են դառնում, աճում է ապատեղեկատվության մակարդակը, որը բարդացնում է թե՛ լրագրողների և թե՛ հանրության կյանքը։
ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում հանդիպեցին գործող լրագրողների հետ ու քննարկեցին, թե ինչ փոխակերպումների է ենթարկվում մեդիան պատերազմի ժամանակ։
7 թեմա, 7 մասնագետ։ Սեփական փորձով կուտակած հմտություններն ու մասնագիտական գործիքները բանախոսները ներկայացրեցին 7 րոպեում։
Պատերազմի ժամանակ աճում է լրագրողների պատասխանատվության չափաբաժինը։ Պատերազմական գոտիներում աշխատող լրագրողների համար էլ անվտանգության կանոններին հետևելը գլխավոր առաջնահերթություններից մեկն է դառնում։ Media.am-ը զրուցել է «7×7 մեդիագրագիտություն» ձևաչափով հանդիպման ժամանակ այս երկու թեմաները ներկայացող բանախոսների հետ։
Գևորգ Թոսունյան․ ՍիվիլՆեթ, լրագրող
Պատերազմների լուսաբանման ընթացքում ամենակարևորը մարդկային պատմությունն է, մարդն է առաջնայինն այդ արհավիրքի ժամանակ։
Պատերազմների լուսաբանմանն առնչվող գիտելիքներ, աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների պահպանում, ճգնաժամային իրավիճակներում ինքնատիրապետման գործնական հնարքներ․ այս ամենը սովորեցի սեփական փորձով։ Բուհերում ապագա լրագրողներն այս ամենին ծանոթանում են տեսական դասախոսությունների միջոցով, որոնք ոչ միշտ է, որ գործնականում կիրառելի հմտություններ են զարգացնում լրագրողների մոտ։
Գործող լրագրողների ու լրագրության ֆակուլտետի ուսանողների կապը միմյանց հետ ավելի սերտ ու ամուր պիտի լինի։ Ֆակուլտետներն այդքան ռեսուրսներ չունեն, իսկ խմբագրություններն էլ իրենց հերթին ժամանակ ու ջանք չեն ներդնում այդ կապը ապահովելու համար և այստեղ մեծ բաց է առաջանում։ Հենց սա էր գլխավոր պատճառը, որ համաձայնեցի մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում մասնակցել ապագա լրագրողների հետ հանդիպմանը։
Ես լուսաբանել եմ թե՛ քառօրյա, թե քառասունչորսօրյա պատերազմները՝ ունենալով միայն տեսական որոշակի գիտելիքներ։ Անվտանգային առումով շատ քիչ բան գիտեի, անգամ չգիտեի առաջին բուժօգնության պայուսակն ի՞նչ է։ Շատ բան սովորել եմ հենց բնակիչներից։ Օրինակ՝ նրանք ասում էին, եթե օդում թեթև պայթյուն ես լսում, ապա 5-6 վայրկյան ունես թաքնվելու համար։
Բայց տեղում ժամանակը շատ թանկ է, երբեմն այդ չիմացությունը կյանք է արժենում։ Լրագրողն այս ամենին պատրաստ պիտի մեկնի առաջին գծում աշխատելու։
«Պարզ գործիքներ՝ բարդ պայմաններում»․ այսպես ձևակերպեցինք ուսանողների հանդիպման իմ 7 րոպեն։
- Առաջին և ամենապարզ կանոնն այն է, որ պատերազմների լուսաբանման ընթացքում պետք չէ աշխատել մեծ խմբերով, որովհետև եթե մի վայրում հավաքվում են մի քանի տասնայակ մարդ, դառնում են թիրախ թշնամու համար։
- Պետք է հասկանալ, պատերազմն ինչպե՞ս լուսաբանել, մարդկային պատմություններն ինչպե՞ս ներկայացնել, ի՞նչ դետալների ուշադրություն դարձնել։ Հաճախ լրագրողները, ռիսկի ենթարկելով իրենց, գնում են առաջնագիծ և այնտեղից ներկայացնում են ստանդարտ, պաթետիկ տեքստերով պատմություններ, մինչդեռ այնքան հետաքրքիր մարդկային պատմություններ կան իրենց շուրջը։
- Կարևորագույն կանոններից է նախապես ճշտելը, թե որտեղ է գտնվում զորամասը, հրետանին, որտեղ են տեղակայված ենթակառուցվածքները, որոնվհետև դրանք թշնամու առաջին թիրախներն են։ Google earth գործիքի շնորհիվ շատ արագ կարելի է ստանալ այս ինֆորմացիան։
- Պատերազմները էմոցիաների համախմբում են ու լրագրողները պետք է մագնիսի պես հավաքեն այդ էմոցիաները ու երբեք չվախենան տեսնել ու զգալ իրենց էմոցիաները։
- Աշխատել ինքնատիրապետման, հոգեբանական պատրաստվածության վրա։ Ես օրինակ ճանապարհին ականջակալներով լսում էի պայթյունների ձայներ, որ հետագայում, պայթյունի, ԱԹՍ-ի ձայները ինձ խուճապի չմատնեին և ես կարողանայի աշխատել։ Որպես նախապատրաստական վարժանք արդյունավետ է, որ լրագրողը գնա կրակել սովորելու, որ միջավայրը, ձայները իր համար դառնան սովորական և հետագայում՝ պատերազմական իրավիճակում, չխանգարեն աշխատել։
Հայարփի Բաղդասարյան․ Ինֆոկոմ, լրագրող
Երբեմն ստիպված ես լինում նյութը չհրապարակելու որոշում կայացնել՝ հաշվի առնելով մի վնասիր կանոնն ու լրագրողական պատասխանատվությունը։
Լրագրողական պատասխանատվության մասին շատ ենք խոսել,դեռևս ուսանողական տարիներից, սակայն բոլոր զրույցները հիմնված են եղել տեսական, դասագրքային ճշմարտությունների վրա։ Ես շատ կուզենայի, որ դեռևս այն ժամանակ մեզանից ավելի փորձառու լրագրողների հետ հանդիպելու և մասնագիտական պատասխանատավությանը վերաբերող օրինակների ու դեպքերի գործնական քննարկումներ ունեցած լինեինք։
Վերջին 3 տարիները, որքան ճգնաժամային էին մեր երկրի համար, նույնքան բարդ էին լրագրողների համար։ Պատերազմներ, զանգվածային բողոքի ակցիաներ, արցախցիների բռնի տեղահանություն․ այս ամենը տեսական, դասագրքային ճշմարտությունները բերեցին գործնական դաշտ։ Այս իրադարձությունները լուսաբանելիս՝ լրագրողի պատասխանատվության ու դրա կարևորության մասշտաբները մի քանի անգամ մեծացան։ Այս ընթացքում բազմիցս եղել են դեպքեր, երբ խմբագրությունում շատ մանրակրկիտ քննարկել ենք որևէ նյութ կամ որևէ լուր, որը ստացել ենք, մի քանի աղբյուրից ճշտել ենք, հրապարակենք, թե՝ ոչ։
Հրապարակել թե ոչ․ հենց այս մասնագիտական դիլեմայի մասին էլ որոշեցի խոսել մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում ԵՊՀ ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ։
Պատերազմական իրավիճակում, երբ ինֆորմացիոն հոսքերը քչանում են, երբ պետական ապարատից տեղեկություններ չեն տալիս կամ իրենց ուզած ձևով, իրեն մերձ լրատվամիջոցներով են հաղորդում, տեղեկատվական դաշտը ոչ թե դատարկվում է, այլ լցվում է ապատեղեկատվությամբ։ Նման իրավիճակներում տարբեր ենթադրություններ, կասկածներ ու կարծիքներ են դաշտ նետվում։ Դա է պատճառը, որ ճգնաժամային իրավիճակներում ապատեղեկատվության հոսքերը շատանում են։ Զուգահեռ մի քանի անգամ բարդանում է լրագրողի աշխատանքը, մի քանի անգամ ստուգելուց, ճշտելուց հետո էլ երբեմն ստիպված ես լինում չհրապարակելու որոշում կայացնել՝ հաշվի առնելով մի վնասիր կանոնը։
Նման մի դեպքի օրինակ ներկայացրեցի ուսանողներին, որը տեղի էր ունեցել արցախցիների բռնի տեղահանության ժամանակ։
Տեղահանության ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին մի տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդն իր երեխաների ու կնոջ հետ Հակարիի կամուրջ անցնելիս վատաբանում էր հայերին։ Այս տեսանյութից հետո շատ օգտատերեր սկսեցին ատելության խոսք գեներացնել տղամարդու հասցեին։
Նախքան համացանցում կսկսեր տարածվել, որ նա 44-օրյա պատերազմի մասնակից Մհեր Զարգարյանն է, մենք Վայքի ընդունման կետում արդեն նկարահանել էինք նրան։ Նա տեսանյութում պատմել էր, որ ուժի սպառնալիքի ներքո է այդ հայտարարություններն արել, որ դա իր և իր ընտանիքի փրկագինն է եղել։
Երկար քննարկումների արդյունքում որոշեցինք այդ տեսանյությը չհրապարակել՝ մտածելով, որ դա կհայտնվի ադրբեջանցիների ձեռքի տակ ու կվնասի մեր մյուս հայրենակիցներին։
- Լրագրողական պատասխանատվության տեսակետից հանրային շահը, հանրության թե՛ ֆիզիկական, թե հոգեբանակ անվտանգությունն ավելի ծանրակշիռ պետք է լինեն, քան մասնագիտական որևէ այլ շարժառիթ։
- Մեզ լրագրության ֆակուլտետներում սովորեցնում են, որ լրագրողի համար առաջնային են օբյեկտիվությունը և օպերատիվությունը։ Այսօր սոցցանցերում բոլորը ինֆորմացիա տարածողներ են։ Եվ օպերատիվությունը պետք է և կարող է տուժել ճգնաժամային իրավիճակներում, եթե դրա կարիքը կա, որովհետև կշեռքի մյուս նժարին դրված է չսխալվելու, հանրությանը չվնասելու հարցը։
- Ճգնաժամային իրավիճակներում սխալ, ոչ լիարժեք ինֆորմացիայի, լրագրողական անպատասխանատվության, անփութության ու անզգույշ լինելու համար հասարակությունը շատ մեծ գին է վճարում։ Սովորական իրավիճակում ես կարող եմ ներողություն խնդրել, հերքում տարածել, իսկ ճգնաժամային իրավիճակներում մեկ սխալ ինֆորմացիան կարող է մարդկային կյանք արժենալ։ Սրա նախադեպն ու օրինակը ևս ունենք։
- Որքան էլ ճգնաժամային իրավիճակներում մենք ունենանք որոշակի սահմանափակումներ, պետք է հիշենք, որ մենք կառավարությունների գերատեսչությունների խոսնակներ չենք։ Եթե մենք որևէ ինֆորմացիայի վերաբերյալ ունենք կասկածներ կամ հարցեր, մենք պարտավոր չենք այն հրապարակել, նախքան լիարժեք ճշտելը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: