Հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում: Վարչապետը հանդես եկավ խաղաղության ուղերձով և խաղաղության օրակարգը շարունակելու պատրաստակամությամբ:
Իր ելույթը Փաշինյանն ավարտեց «կեցցե՛ ժողվրդավարությունը» արտահայտությամբ, ինչին եվրոպացի պատգամավորներն արձագանքեցին հոտնկայս ծափահարություններով։
Ինչպես և սպասվում էր Բաքվում և Մոսկվայում բավականին կոշտ արձագանքեցին Փաշինյանի հայտարարություններին: Անսպասելին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի X սոցիալական ցանցում արված գրառումն էր, որով նա դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով գնալ վա-բանկ. պահանջել ռուսական ռազմակայանի անհապաղ դուրսբերում, դուրս գալ ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնել Եվրամիություն ու ՆԱՏՕ:
Թե՛ վարչապետի ելույթը և թե՛ դրան հաջորդած հայտարարություններն ու արձագանքները, պարունակում են տեղեկատվական բազմաթիվ ենթատեքստեր ու մեսիջներ: Ինչպե՞ս այս ամենը լուսաբանվեց ու մեկնաբանվեց հայկական մամուլում և փորձագիտական շրջանակներում. Media.am-ը զրուցել է լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ:
Նանե Մանասյան, FIP.am-ի փաստեր ստուգող լրագրող
Մենք գիտենք, որ Հայաստանում փորձագիտական դաշտը բավականին սուբյեկտիվ է և բավականին դժվար է անաչառ կարծիք գտնելը: Մի խումբ փորձագետներ արձանագրեցին, որ վարչապետի ելույթում ժողովրդավարության կենսունակության շեշտադրումները շատ արժեքավոր էին ու կարևոր, և հետագայում կարող են շատ դրական ազդել Հայաստան Եվրոպա հարաբերությունների վրա:
Սրան զուգահեռ կար նաև այն կարծիքը, որ Ալիևը՝ որպես բռնապետ, ռազմական հանցագործություններ գործած զինվորականներին պարգևատրող ղեկավար, Հարավային Կովկասում իր հաղթարշավն է շարունակում: Եվ մենք առերեսվում ենք ժողովրդավարության նվազման փաստի հետ և տեսնում ենք, որ գետնի վրա ոչ թե ժողովրդավարությունն է հաղթում, այլ ավտորիտարիզմը:
Պրոարևմտամետ հատվածը դժգոհ էր այն փաստից, որ ելույթն ավելի կտրուկ չէր, ավելի ուղիղ և հստակ չնշվեց վեկտորի փոփոխության պատրաստակամության մասին: Իսկ պրոռուսական կողմնորոշում ունեցող փորձագիտական և տեղեկատվական դաշտն էլ իր հերթին դժգոհում էր Ռուսաստանի դեմ արված քննադատությունից և ակնարկներից:
Նրանք նույնությամբ քննադատեցին և նույնիսկ կարելի է ասել ծաղրեցին ելույթի վերջում հնչած ծափահարությունները: Հիմնավորումը հետևյալն էր, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների փոխարեն կշեռքի մի նժարին հուզականությունն է, եվրոպացի պատգամավորների ծափահարությունները, իսկ մյուս նժարին մեր կորցրած տարածքներն ու անվտանգային խնդիրներն են:
Դե իսկ Կրեմլին մոտ կանգնած քարոզչական աղբյուրներով Փաշինյանին արձագանքելը և քննադատելը դարձել է արդեն սովորություն: Մի պահ Հայաստանի և ՌԴ հարաբերություններն այնքան էին սրվել, որ տեղեկատվական դաշտում պաշտոնական դեմքերի միջոցով էին քննադատությունները և միմյանց հակադարձող պատասխանները տրվում: Հիմա նորից նշաձողն իջեցվել է և օգտագործվում են պետական ռեսուրսները, պետական քարոզչամեքենան, որը իմ կարծիքով ցույց է տալիս, որ փորձ է արվում իրավիճակն ավելի չսրելու:
Ռուսական մամուլում զուգահեռների անցկացումը Փաշինյանի և Զելենսկու միջև նոր չէ: Բոլոր ձախողումները գունավոր հեղափոխություններ իրականացրած առաջնորդներին վերագրելու թեզերը ևս մեկ անգամ շեշտվեցին:
Տեղեկատվական դաշտում անընդհատ հրամցվում է այն թեզը, որ Փաշինյանի, Զելենսկու և Սահակաշվիլիի քաղաքական գործունեության ընդհանրությունն այն է, որ նրանք ձգտել են և ձգտում են իրենց երկրները դուրս բերել Ռուսական ազդեցությունից, գնալ դեպի արևմուտք:
Կարծում եմ Սահակաշվիլին անկախ նրանից, թե որտեղ է և ինչ վիճակում, որպես առաջնորդ դիտարկվում է եվրոպական արժեքներ քարոզողի կերպարով: Նիկոլ Փաշինյանին արված նրա կոչը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով Վրաստանում ստեղծված իրավիճակը, արտաքին վեկտորի շուրջ կոնսոլիդացիայի բացակայությունը, գործադիր իշխանության պրոռուսական կողմնորոշումը:
Սակայն կարծում եմ, որ նույնիսկ մեզանում առկա արևմտամետ փորձագիտական համայնքի կողմից այն այդքան էլ չողջունվեց կամ նոր քննարկումների թեմա չբացեց:
Արշալույս Մղդեսյան, Civilnet.am կայքի լրագրող
Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթում արվեցին մի քանի շեշտադրումներ, որոնք համահունչ էին երկրի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա փորձեց ժողովրդավարության նարատիվով ներկայանալ՝ ժողովրդավարության ճանապարհը խոչընդոտող խնդիրները հաղթահարելու համար հայցելով Եվրոպական միության օժանդակությունը, ժողովրդավար համայնքի աջակցությունը: Նա նշեց նաև, որ Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, այնքան, որքան Եվրոպայում հարկ կհամարեն: Նա փաստացի չասաց, այն ինչ արևմտամետ փորձագիտական հատվածն էր ակնկալում՝ վեկտորի փոփոխություն: Նա դա չարեց, ինչն էլ առաջացրեց այս համայնքի դժգոհությունը: Փաշինյանը փաստացի ակնարկեց նաև, որ Եվրոպայում դեռ ավելի ընդլայնված համագործակցության պատրաստ չեն:
Մեր տեղեկատվական տիրույթում սա երկակի արձագանք ստացավ: Ամեն կողմը, այսինք թե՛ պրոռուսական թևը և թե՛ պրոարևմտյան թևը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել: Եվրոպամետ կողմնորոշում ունեցողները, թեպետ դժգոհ էին, որ ելույթն ավելի կտրուկ չէր, բայց առաջ քայլ նկատեցին դրանում, իսկ պրոռուսական կողմնորոշում ունեցող մամուլը, բլոգերները միանգամից մատնանշեցին ու դժգոհեցին, որ Փաշինյանը մի դեպքում կոնկրետ, մյուս դեպքում ավելի քողարկված քննադատեց Ռուսաստանին:
Այս ամենին բավականին կոշտ արձագանքեց Ռուսաստանը: Վերջին ժամանակահատվածում Ռուսաստանը շատ զգայուն է դարձել Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ։ Նա Հայաստանին վերաբերող թեմաներին արձագանքում է նույնքան զգայուն, որքան Ուկրաինայի դեպքում։ Ժամանակին նույն զգայուն արձագանքը լինում էր Վրաստանի դեպքում: Մենք այս առումով տեղեկատվական բլոկում մտել ենք բավականին կոշտ կոնֆրոնտացիայի միջավայր:
Ռուսաստանի պատասխանը շատ համահունչ էր Փաշինյանի քննադատությանը։ Փաշինյանը քննադատել էր անուղղակի և պատասխանը եղավ նույնպես անուղղակի՝ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով՝ պետական լրատվամիջոցի հաղորդմամբ:
Հստակ երևում է, որ Ռուսաստանում կա քաղաքական իշխանության թույլտվությունը, որ մեդիան բավականին կոշտ քննադատի Հայաստանի իշխանություններին: Այնտեղ մեդիան հիմնականում գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, հատկապես զգայուն թեմաների վերաբերյալ նրանք ունեն որոշակի ուղենիշներ, որոնցով աշխատում են, այսինքն անպայման չէ, որ ամեն ելույթից հետո, համապատասխան տեղից զանգահարեն և ասեն, որ այս տեղեկատվությունն է հիմա պետք հրապարակել։ Մեդիան գիտի, որ Հայաստանի իշխանություններին պետք է կոշտ քննադատել։
Ռուսաստանից բացի կոշտ արձանագնքեց նաև Բաքուն, ինչը ևս շատ կանխատեսելի էր։ Բաքվում չեն ցանկանում ունենալ էթնիկ զտում իրականացրած երկրի իմիջ, նրանք Եվրոպայում ուզում են պահպանել հավատարիմ գործընկերոջ իրենց կարգավիճակը։
Պետք է ասեմ, որ Բաքվում աշխատում են բավակնաին գրագետ, արձագանքում են այնպես, որ մի կողմից չնեղացնեն Եվրոպային, բայց մյուս կողմից էլ ռուսական հիմնական նարատիվների մեջ մնան և հայ ռուսական տարաձայնությունները խորացնեն: Բավականին ճիշտ և արդյունավետ տեղեկատվական աշխատանք են իրականացնում:
Ցավոք, նույն գրագետ աշխատանքը այդքան էլ նկատելի չէ մեր տեղեկատվական տիրույթում։ Մենք շատ ենք կաղում միջազգային հանրությանը մատչելի և հասանելի վերլուծություններ կամ իրավիճակի խորը ուսումնասիրություններ պարունակող լրագրողական աշխատանքների հարցում։
Շատ փոքրաթիվ լրատվականներ կան, որ փորձում են այս տիրույթում աշխատել։ Մյուս կողմից մեր երկրում առկա քաղաքական դաշտի պառակտվածությունն իր արտացոլումն է գտնում նաև մեդիայում: Մեդիաները հիմնականում քաղաքական հովանավորներ ունեն և այդ քաղաքական հովանավորների դիրքավորումներին համահունչ է տեղի ունենում նրանց դիրքավորումը: Նրանք քաղաքական դիրքորոշումներ պաշտպանող և այդ քաղաքական դիրքորոշումների համար տեղեկատվական ֆոն ստեղծող սուբյեկտներ են։
Հաշվի առնելով հայ ռուսական հարաբերությունների ծանր վիճակը՝ Ռուսաստանի դեմ խոսելու տեղեկատվական հնարավորությունը բաց չթողեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Վրաստանի և Եվրոպայի հարաբերություններում առակա ներկայիս խնդիրների համատեքստում, երբ Վրաստանը փորձում է հնարավորինս ռացիոնալիզացնել հարաբերություները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի դեմ քայլ անելու տեղեկատվական հնարավորություննը միայն Հայաստանն է։ Եվ սա է պատճառը, որ Սահակաշվիլիին փորձեց իրեն ևս մեկ անգամ հիշեցնել տալ և խոսել այն մասին, որ Հայաստանը ամբողջությամբ պետք է խզի հարաբերությունները Ռուսատանի հետ և գնա դեպի արևմուտք։
Այս կոչը մեծ հաշվով կարելի է, պարզապես դիտարկել քաղաքական հայտարարություն, որովհետև Եվրոմիությունում և ՆԱՏՕ-ում Հայաստանին գոնե հիմա ոչ մեկ չի սպասում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: