2023.10.12,

Նյուսրում

Հայաստանյան մեդիան խորությամբ ծանոթ չէ պաղեստինա-իսրայելական հակամարտությանը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Պաղեստինա-իսրայելական պատերազմն ընթանում է նաև տեղեկատվական դաշտում։ Ներգրավված են ոչ միայն պատերազմող կողմերի լրատվամիջոցները, այլև` միջազգային մամուլը։  

Փորձագետներն ասում են, որ այս սրացումը նախորդներից տարբերվում է տարածվող ապատեղակատվության մեծ քանակով։  

Արևելագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ իսրայելական մամուլը հակամարտության ողջ ընթացքում էլ տեղակատվական լուրջ պատերազմ է վարել, բայց վերջին զարգացումների ժամանակ գործում է ավելի ագրեսիվ, ինչի շնորհիվ փորձում է լուծել ավելի գլոբալ խնդիրներ։ 

«Իսրայելական մամուլն իրականացնում է քարոզչական արշավ, որն ուղղված է Պաղեստինը՝ որպես պետություն, կասկածի տակ դնելուն։ Միջազգային փոխըմբռնում կար, որ այս պատերազմը պետք է լուծվի երկու պետությունների ժողովուրդների շահեկան սկզբունքով։ Սրան Իսրայելը ընդդիմանում էր և հիմա գտել է հարմար ժամանակ աշխարհին համոզելու, որ Պաղեստինը որպես պետություն չկա։  

Փորձ է արվում բառապաշարից դուրս բերել պաղեստինա-իսրայելական պատերազմ տերմինը։ Մամուլը սա ներկայացնում է որպես պատերազմ ՀԱՄԱՍ-ի դեմ, իսկ ՀԱՄԱՍ-ը ներկայացվում է որպես ահաբեկչական խմբավորում, որպես ցեղասպանություն իրականացնող կազմակերպություն։ Այս տեսանկյունից հարցը միջազգային համախոհություն է ձեռք բերում։ Անկախ նրանից՝ ճիշտ է վարվել ՀԱՄԱՍ-ը, թե ոչ, միջազգային կոնսոլիդացիան իսրայելական մամուլի շնորհիվ այն է, որ սա ահաբեկչություն է»,- նշեց Արմեն Պետրոսյանը։  

Փորձագետը նշում է, որ իսրայելական մամուլը բոլոր պաղեստինցիներին ներկայացնում է որպես ահաբեկիչ և շատերը, ովքեր չեն հասկանում այս հակամարտության էությունը, կրկնօրինակում են այս միտքը։  

«ՀԱՄԱՍ-ը կազմակերպություն է, որը հսկողություն էր սահմանել ԳԱԶԱ-ի հատվածի վրա։ Պաղեստինը չունի ինստիտուցիոնալ հնարավորություններ՝ գրոհելու կամ պաշտպանվելու։ Այդ ամենն անում են անհատները կամ խմբավորումները։ Այս մարդիկ փոքրուց դաստիարակվում են այն սկզբունքով, որ իրենց կյանքի առաքելությունը իսրայելցի սպանելն է։ Մարդիկ անհատական մակարդակով գնում վրեժ են լուծում։ Մեկը մեքենայով քշում է իսրայելցիների խմբի վրա, մյուսը դանակ ունի՝ դանակով է հարցեր լուծում։ Չնայած ՀԱՄԱՍ-ի համար սա հաջողված գործողություն էր, նրանք կարողացան մեծ վնասներ տալ, գետնին հավասեցրին իսրայելական բանակի հեղինակությունը, բայց իրենց համար այս ամենը կունենա շատ տխուր հետևանքներ, քանի որ տուժել է խաղաղ բնակչությունը»,- մանրամասնում է նա։ 

Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը ևս համաձայնում է, որ այս քանակի, այս խտության ապատեղեկատվության հոսք լրատվամիջոցներում, սոցցանցերում չկար նախորդ սրացումների ժամանակ։  

«Շատ մեծ ֆեյք լուր կար, որը ցնցեց քաղաքակիրթ աշխարհը։ Նկարներ էին տարածում, որ պաղեստինցի մարտիկները երեխա էին մորթել, լրագրողներին տարել էին այդտեղ՝ իբրև ցույց տալու նրանց, հետո պարզվեց, որ դա կեղծ է, լրագրողներից մեկն ասաց, որ իրականում իրենց այդ երեխաներին ցույց չեն տվել։ Ապատեղեկատվության մեջ ներգրավված են նաև պաշտոնյաները։ Իսրայելցի բարձրաստիճան դիվանագետի մակարդակով, ով աշխատում էր մեդիա ներկայացուցիչների հետ, հայտարարվեց, որ հիմա կտանեն ԶԼՄ ներկայացուցիչներին այդ գյուղը, ցույց տան այդ գլխատված երեխաներին ու, իհարկե, ոչինչ ցույց չտվեցին։ Եվ սա միակ օրինակը չէ։ Հայտնի մի նկար էլ կա, որտեղ երեխաներ են վանդակավոր ճաղերի հետևում։ Ասվում էր, որ պաղեստինցիները նրանց գերի են վերցրել, բայց իրականում այդ նկարը արված էր Սիրիայում»,- ասում է իսրայելագետը։ 

Նա նշում է, որ ամենևին պատահական չէ, որ կեղծ լուրերը պտտվում են հենց երեխաների, հղի կանանց, տարեցների շուրջ, քանի որ դրանք օգնում են մեծ հակակրանք առաջացնել պաղեստինցիների նկատմամբ։  

«Իսրայելական մամուլը հիմա անում է ամեն ինչ, որ պաղեստինցի մարտիկներին ներկայացնի որպես ոչ հումանիստ, «մարդակեր», «գլխակեր»։ Բարձր մակարդակով հայտարարում են, որ պաղեստինցիները մարդ չեն։ Իսկ նման տեսանյութերն ու լուսանկարները շատ արագ տարածվում են հատկապես սոցիալական ցանցերում ու ջուր են լցնում իսրայելական քարոզչական մեքենայի օգտին»,- նշում է Սերգեյ Մելքոնյանը։   

Իսրայելագետն ասում է, որ վերջին ամենախոշոր ռազմական գործողությունները գրանցվել էին 2014 թվականին, ինչից հետո պետական քարոզչությունը գերենացնում էր տեսակետ, որը տարածվում էր մամուլի միջոցով, այն է, որ իսրայելական բանակն անպարտելի է։ Այնինչ, ըստ նրա, պաղեստինցիների հարձակումը վերացրեց այս և մի քանի այլ միֆեր։  

«Պարզ դարձավ, որ ՀԱՄԱՍ-ի դեմ իրականացվող «Երկաթե թրեր» գործողությունը ձախողվել է, որ իսրայելական հակաօդային պաշտպանությունը հնարավոր է ճեղքել, հնարավոր է վերահսկողության տակն առնել ռազմական բազան»,- նշեց Սերգեյ Մելքոնյանը։  

Արևելագետ Հայկ Քոչարյանն էլ նկատում է, որ իսրայելական մամուլն այս անգամ շատ է կենտրոնացել պաղեստինցիներին որպես վայրագ, ցեղասպան ժողովուրդ ներկայացնելու վրա, դրա համար էլ արխիվից դուրս են բերվել առանձնակի դաժանության տեսանյութեր, որոնք նույնիսկ հակամարտության հետ առնչություն չունեն։  

«Պաղեստինցիներն ունե՞ն չէ պայքարի իրավունք, ունե՞ն իրենց հայրենիքի համար պայքարելու իրավունք։ Նույն իրավունքն էլ իսրայելցիներն ունեն։ Բայց մեթոդները, որոնք կիրառում է Պաղեստինը, տեղավորվում են ռազմական հանցագործության տիրույթում, դրա համար Իսրայելին հեշտ է նրանց որպես «մարդանման գազաններ» ներկայացնելը»,- ասում է Քոչարյանը։  

Իրավիճակը քիչ թե շատ օբյետիվ հասկանալու համար Արմեն Պետրոսյանը և Սերգեյ Մելքոնյանը խորհուրդ են տալիս կարդալ արաբական լրատվամիջոցներ՝ Ալ-Արաբիան, Ալ-Մայադին, Ալ-Ջազիրան։ Իսկ Հայկ Քոչարյանը նշում է, որ արաբական լրատվամիջոցները ավելի պաղեստինամետ են, պարզապես նրանք ունեն թղթակիցներ Գազայում և կարողանում են ի տարբերություն մյուսների պատկեր տալ ներսից։  

Հայաստանյան մեդիայում, ըստ Արմեն Պետրոսյանի, նկատվում է խնդրի չիմացություն։ 

«Իրանը ՀԱՄԱՍ-ին աջակցում է։ Եթե մեր մեդիան ՀԱՄԱՍ-ին ներկայացնի որպես ահաբեկչական խմբավորում խնդիր է առաջանում Իրանի համար, ստացվում է, որ մենք Իսրայելի համախոհն ենք դառնում։ Դրա համար պետք է զգույշ լինել բառապաշարի մասով, օգտագործել ընդունելի եզրույթներ։ ՀԱՄԱՍ-ի գործողությունները անհամաչափ ուժային բալանսի հետևանք են, որովհետև չկա որպես այդպիսին բանակ, չի մի ուժ, որը կազմակերպվի ու պայքարի։ Մարդիկ, ինչպես ասացի, անհատապես են պայքարում։ Իրենք վարում են արդարության կռիվ՝ պետությունը ստեղծելու համար։ Դրա համար նախընտրելի է կիրառել իսլամական արմատական կազմակերպություն տերմինը։ Մենք պետք է օբյեկտիվ լինենք։ Բնորոշումները պիտի իրենց թողնենք»,- մանրամասնում է Արմեն Պետրոսյանը։ 

Սերգեյ Մելքոնյանն ասում է, որ եթե տեղական մեդիան քիչ թե շատ չեզոքություն է փորձում պահել, հրապարակում է նաև փորձագետների կարծիքներ, ապա սոցիալական ցանցերում ինքը նկատում է մեկ այլ պատկեր։  

«Մեր հայ օգտատերերը սոցիալական ցանցերում շատ են կիսվում տեսանյութերով, որտեղ պաղեստինցիները իսրայելական սպառազինությունն են ոչնչացնում կամ գերիներ են վերցնում։ Սա կապված է Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Մարդիկ առաջնորդվում են մեր թշնամու բարեկամը մեր թշնամին է կարգախոսով և չեն թաքցնում իրենց «ուրախությունը», որ իսրայելական բանակը խոցելի է»,- ասում է Մելքոնյանը։ 

Տիգրանուհի Մարտիրոսյան 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *