«Արագ արձագանքման ֆոնդ»՝ Արցախից բռնի տեղահանված մեդիաաշխատողներին արագ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հայաստանյան լրատվական դաշտը մոբիլիզացնում է ուժերը։
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Ստեփանակերտի մամուլի ակումբը և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը սկսում են «Արագ արձագանքման ֆոնդ» նախաձեռնությունը։
Նպատակը մեկն է՝ մեխանիզմներ մշակել, գտնել ֆինանսական ռեսուրսներ, որոնց միջոցով հնարավոր կլինի Արցախից բռնի տեղահանված լրագրողներին արագ ու հասցեական օգնություն տրամադրել։
Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մուրադյանը պատմում է, որ «Արագ արձագանքման ֆոնդ»-ն առաջին անգամ նախաձեռնել էին 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո՝ պատերազմական գործողությունները լուսաբանած լրագրողներին աջակցելու համար։
«Երբ առաջին անգամ նախաձեռնեցինք այս ծրագիրը, նպատակ ունեինք մի փոքր թեթևացնել պատերազմը լուսաբանած լրագրողների հոգեբանական խնդիրները։ Այդ ծրագրի ընթացքում մենք միանվագ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել պատերազմի հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած մեր 3 գործընկերներին։ Ծրագրի շահառու լրագրողները 1 տարի շարունակ ստացել են հոգեբանական աջակցություն, խմբագրություններին տրամադրել ենք անվտանգության պարագաներ։ Խմբագրությունների համար մշակել ենք ճգնաժամային իրավիճակներում աշխատելու ուղեցույց »,- պատմում է Սեդա Մուրադյանը։
3 տարի առաջ իրականացված նախաձեռնության կարիքը, ցավոք այսօր էլ կա։ «Արագ արձագանքման ֆոնդ»-ի առաջին խնդիրն է հավաքագրել Արցախից բռնի տեղահանված լրագրողների տվյալները, քարտեզագրել նրանց առաջնային կարիքները և փորձել գտնել լուծման ճանապարհներ՝ դրանք մեղմելու համար։ Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որին կցված ձևաթուղթը լրացնելուց հետո արցախցի լրագրողները կդառնան ծրագրի շահառու։
«Կարծում ենք, որ կկարողանաք համապարփակ, ծավալուն ու ներառական ծրագիր իրականացնել։ Հույս ունենք, որ կկարողանանք և՛ ֆինանսական և՛ հոգեբանական աջակցություն տրամադրել մեր գործընկերներին։ Փորձելու ենք օգնել, որ կարողանան աշխատանք գտնել հայաստանյան լրատվական դաշտում։ Նրանցից շատերը նաև զրկվել են իրենց աշխատանքային գործիքներից։ Ծրագիրը նախատեսում է նաև տեխնիկական աջակցություն։ Հիմա ընթանում են ֆոնդահայթայթման աշխատանքները։ Դրանից հետո արդեն կկարողանանք ավելի հստակ նշել, թե ի՞նչ ծավալի աջակցություն կարող ենք տրամադրել»,- ասում է Սեդան։
Նախաձեռնությանը միացել է նաև Ստեփանակերտի մամուլի ակումբը։ Ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով այս նախաձեռնությունը շատ կարևոր ու օգտակար կարող է լինել Արցախի լրագրողական համայնքի համար։
«Այսօր Արցախում ծանր հոգեբանական, ողբերգական իրավիճակում են բոլորը, բայց ես կարծում եմ, որ լրագրողները կրկնակի ծանր հոգեբանական վիճակում են։ Անձնական, ընտանեկան ողբերգություններ տեսնելուց հետո, նրանք մինչև վերջին պահը լուսաբանել և լուսաբանում են Արցախումկատարվողը։ Սեփական ողբերգությունը մի կողմ դրած լուսաբանում են իրենց համաքաղաքացիների ողբերգությունը, վիշտը։ Ամեն նյութի հերոսի հետ նրանք վերապրում են այդ ամբողջ սարսափելի իրականությունը, որում նաև անձամբ են գտնվում։ Սակայն, այս անձնվեր աշխատանքը շատ ծանր հետևանքներ է թողնելու նրանց հետագա ամբողջ կյանքի վրա։ Եվ այս նախաձեռնությունը, իսկապես շատ տեղին ու օգտակար կարող է լինել նրանց համար»,- ասում է Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավարը։
Գեղամ Բաղդասարյանն ասում է, որ Արցախի լրագրողական համայնքն այնքան էլ մեծ չէ։ Նախաձեռնության կազմակերպիչների նախնական գնահատմամբ «Արագ արձագանքման ֆոնդ»-ի շահառուները կլինեն 100-ը։
Մարիաննա Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: