2023.09.11,

Նյուսրում

Հայ-ռուսական հարաբերությունները, մեդիան ու հետճշմարտությունը․ կարծիքներ

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերություններում վերջին ժամանակահատվածում նկատվող լարվածության աճը, իրար չլսելն ու չհասկանալը, միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելն անհանգստացրել է երկու երկրների մեդիափորձագետներին ու լրատվական դաշտի ներկայացուցիչներին: 

Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում կայացած առաջին  հայ–ռուսական մեդիաֆորումի «Լրատվամիջոցների դերն ու ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա» խորագրով պանելային քննարկման ընթացքում հայ և ռուս մեդիադեմքերը փորձեցին վերլուծել ու հասկանալ, թե մասնավորապես հետճշմարտության դարաշրջանում, երբ փաստերն ու կարծիքները միաձուլվում են, ի՞նչ խնդիրներ են առաջանում։ Ի՞նչն է պատճառը, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական  լրատվական դաշտում կա տեղեկատվության որոշակի պակաս, որոշ դեպքերում՝  անհասկացվածություն, ինչն էլ երբեմն հանգեցնում է մեդիա բախումների: Ներկայացնում ենք հատվածներ մեդիաֆորումի մասնակիցների ելույթներից։

Բորիս Նավասարդյան, Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ 

Տեղեկատվական պատերազմների հիմնական պատճառն այսօր քաղաքական իրողություններն են: Այդ քաղաքական իրողություններից մեդիան չի կարող որևէ տեղ փախչել: Ցավոք, մենք այսօր գործ ունենք մի երևույթի հետ, երբ լրագրությունը դարձել է քաղաքական գործընթացի մի մաս: Լրագրությունն ինքնուրույն ինստիտուտ չէ այլևս: 

Շատ լրատվամիջոցներ այսօր իրենց առաքելությունը ոչ թե տեսնում են լուրերի տարածման գործում, այլ նարատիվների։ Սա է պատճառը, որ շատ դեպքերում մենք տեսնում ենք փաստերի և մեկնաբանությունների միախառնում։ 

Մարտահրավեր է նաև այն, որ կոնկրետ տեքստը, որը տարածվում է ԶԼՄ-ներով, հաճախ կարող է այլ իմաստ ստանալ։ Սրա պատճառն ընդհանուր տեղեկատվական դաշտն է, որն ունի շատ մանիպուլյատիվ մարտահրավերներ: Այսօր մենք առնչվում ենք երկու զուգահեռ իրականության հետ․ մեկը մեդիայի իրականությունն է, մյուսն այն, ինչ կա իրական կյանքում։ 

Այսօր, արհեստականորեն ստեղծված մեդիաօրակարգը կարող է ավելի ազդեցիկ դառնալ, և սա արդեն հենց հետճշմարտության դրսևորում է: Մինչև այս եզրույթի ձևակերպումն էլ  կային հակասական կարծիքների, հակասական ճշմարտությունների կրողներ, բայց նրանց կարծիքը հիմնված էր իրենց համոզմունքների վրա: Այսօր այն սուբյեկտները, որոնք մասնակցում են այդ քարոզչական պայքարին կամ տեղեկատվական պատերազմներին, անկեղծ չեն, նրանք կարող են մի բան մտածել, մեկ այլ բան ասել: 

Քաղաքականության մեջ նորմալ է, երբ  քաղաքական գործիչն անկեղծ չէ: Ազնիվ և պրոֆեսիոնալ լրագրությունը պետք է ստեղծի այդ ամենի  հակակշիռը: Եթե լրագրությունը չի ձևավորում այդ հակակշիռը, այլ  կրկնում է այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, ապա լրագրությունը չի օգնում քաղաքականությանը, այլ խորացնում է առկա բոլոր խնդիրները:

Յուրի Կոստին, «Գազպրոմ–Մեդիա Ռադիո» ՍՊԸ–ի  նախագահ

Տեղեկատվական պատերազմներն, որոնք այսօր իրականացվում են մեդիա հարթակներում, շատ արագ փոխում են մարդկանց գիտակցությունը՝ հատկապես երիտասարդների։ Ուստի այնպես պիտի անենք, որ հետո չզղջանք։ Մեդիան խաղալիք չէ, այլ լուրջ պատասխանատվություն ունի ապագա սերունդների առաջ: 

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում հսկայական դեր ունեն լրատվամիջոցները, նրանցից պահանջվում է առավելագույն պատասխանատվություն,  զգուշավորություն, բարձր արհեստավարժություն: Մենք պետք է ձգտենք հասնել փոխըմբռնման: Մենք պետք է նոր կապեր ստեղծենք և զարգացնենք երկու երկրների համագործակցության շրջանակը։

Դավիթ Ալավերդյան, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր 

Մեդիամաքսը ներկայացնում է մարդկային պատմություններ։ Ես կարող եմ ասել, որ վերջին ժամանակահատվածում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տեղեկատվական «թելը» կտրվել է: Նախկինում  մենք Ռուսաստանից տեղեկություններ էինք ստանում ոչ միայն Մոսկվայի, այլև հեռավոր գյուղերի, համայնքների վերաբերյալ։ Այսօր լավ չենք պատկերացնում անգամ, թե ինչպես են ՌԴ-ում ապրում հայերը, ինչի մասին են երազում, ինչ են ուզում։ 

Ես՝ որպես մեդիափորձագետ, հետևում եմ Ռուսաստանում հայերի մասին տեղեկատվական օրակարգին։ Ցավոք, շատ բացասական տեղեկություններ են։ 2020 թվականից սկսած տեղեկատվական օրակարգը փոխվել է։ Ինձ համար մեծ հիասթափություն էր, թե ինչպես էին որոշ ռուսական ԶԼՄ–ներ լուսաբանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Դա դաշնակցային ոգով չէր և բավականին միակողմանի էր: 

Վերջին 3-4 տարիներին հայկական լրատվամիջոցներում Ռուսատանից լրատվական հոսքեր ձևավորող լիդերները դարձել են Պեսկովը, Զախարովան, երբեմն նաև Լավրովը: Եվ դա լավ չէ։ Իմ կարծիքով՝ հիմա Հայաստանում լավ չեն հասկանում՝ ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանում, ինչո՞վ է հիմնավորված այս կամ այն դիրքորոշումը: Այս երևույթը կա նաև Ռուսաստանում։

Իրավիճակը շտկելու համար պետք է վերսկսել լրագրողական փոխանակումներն ու շփումներըը։ Վերջին տարիներին հայկական և ռուսական ԶԼՄ–ների միջև որևէ հաջողված նախագիծ գրեթե չի եղել։ Մարդկային հաղորդակցությունը կարող է թուլացնել առկա լարված իրավիճակը։

Արշալույս Մղդեսյան, «ՍիվիլՆեթ», լրագրող

Հայ-ռուսական հարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո՝ երկկողմ հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում, այսօր գտնվում են ամենացածր կետում։ Եվ այդ ամենն իր արտացոլումն է ունենում նաև ԶԼՄ-ներում։  

Այսօր երկու երկրների լրատվական դաշտում մենք տեսնում ենք դիրքորոշումներ, որոնք  տարբեր հայացքների, տարբեր կողմնորոշումների տեր փորձագիտական խմբեր առաջ են տանում։ Այսօր հաճախ փաստերի մասին խոսելու և փաստերը վերլուծելու փոխարեն, հնչում են էմոցիաների վրա հիմնված կարծիքներ, սուբյեկտիվ դատողություններ: Եվ հենց այս հետճշմարտության տիրույթում էլ այսօր ձևավորվում են հայ-ռուսական հարաբերությունները։ Երբեմն պրոարևմտյան, պրոռուսական որակումներ են տրվում ինչ-ինչ երևույթների, որոնք կոնկրետ խմբերի մոտ կամ ոգևորություն կամ քննադատություն են առաջացնում։ Այս ամենը ազդում է հասարակական կարծիքի ձևավորման վրա: 

Մի քանի թեմաներ կան, որոնց մասին մշտապես գրում է հայ-ռուսական մամուլը՝ անվտանգային համակարգեր, Հայաստանին տրամադրվող գազի և դրա սակագնի ձևավորման վերաբերյալ հրապարակումներ, տնտեսական ակտիվության ցուցանիշներ։ Այս ամենը միշտ իր արտացոլումն է գտնում մամուլում, որոշ դեպքերում դրական, որոշ դեպքերում բացասական երանգավորմամբ։ Օրինակ, քաղաքական  աճող լարվածությանը զուգահեռ, այս ընթացքում աճել է հայ-ռուսական տնտեսական գործակցության ցուցանիշը և մամուլում մենք այս թեմայով հրապարակումներ շատ ենք տեսնում։  

Եթե մինչև 44-օրյա  պատերազմը, կամ նույնիսկ դրանից մեկ տարի անց, մենք տեսնում էինք, որ դրական  համատեքստում խոսվում է Ռուսաստանի աջակցության, խաղաղապահների գործունեության ու կարևոր դերակատարման մասին, ապա այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ, հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է աճող լարվածություն: Հաճախ ԶԼՄ-ներում կարող ենք տեսնել հրապարակումներ, երբ կողմերը միմյանց մեղադրում են ինչ-ինչ հարցերում կամ որևէ կոնկրետ երևույթի տրվում է կոնկրետ գնահատական, բայց շատ միակողմանի։ 

Դմիտրի Պիսարենկո, «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության տնօրեն

Հայաստանում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, հատկապես պահանջված են Հայաստանին վերաբերող հաղորդումները։ 

Հենց դա է պատճառը, որ  Ռուսաստանում այսօր շատ լուրջ մակարդակով մշակվում է նպատակային հեռարձակման ձևաչափի գաղափարը, որը թույլ կտա Հայաստանի բնակիչներին ռուսական հեռուստատեսությամբ իրենց հետաքրքրող բովանդակություն դիտել: Ենթադրում եմ, որ հանրաճանաչ մեդիա գործիչները, որոնք ռուսական ալիքներում ավելի շատ խոսում են ներքին լսարանի համար, կկիսվեն իրենց կարծիքներով, թե ինչպես են տեսնում, բացատրում հայկական թեմայով ծագող խնդիրները:

Շատ հավանական է, որ ուշադրության պակասը, որը Հայաստանում զգում են, այս տարբերակով լրացվի։ Հնարավոր է, որ նպատակային հեռարձակման պիլոտային նախագիծը սկսվի հենց Հայաստանից։ 

Այս փուլում կա այդ ցանկությունը, մնում է, որ այն  գործնականում իրականություն դառնա, իսկ դա արդեն կախված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող զարգացումներից։

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *