2023.08.03,

Նյուսրում

Հայաստանյան մեդիան ֆինանսավորման աղբյուրների ընդլայնման կարիք ունի

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Pradix ընկերության տնօրեն Կոնստանտին Ամիրաքյանը կարծում է, որ ֆինանսական այլընտրանքային ռեսուրսների ներգրավման հարցում մեր լրատվամիջոցները մի քանի քայլ հետ են մնում առաջատարներից:

Ամիրաքյանն ասում է, որ հայաստանյան խմբագրությունները, ի տարբերություն անգլալեզուների կամ ռուսալեզուների իհարկե անհավասար մրցակցային դիրքերում են, քանի որ կոնտենտ են թողարկում հայերենով, իսկ հայերենով լրատվություն սպառողների թիվն աշխարհում սահմանափակ է՝ ոչ ավելին քան 4 միլիոն մարդ, ինչը նշանակում է, որ նեղանում է նաև գովազդային շուկան:

Կոնստանտին Ամիրաքյան

Այնուամենայնիվ, ըստ նրա, կան տարբերակներ՝ ներգրավվելու ֆինանսական նոր հոսքեր:

Ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու 3 տարբերակ` ըստ Կոնստանտին Ամիրաքյանի

Ա․ Չդիտարկել մեդիայի գործունեությունը միայն լրատվություն տալու ու սպառելու միջոց: Լրատվամիջոցները կարող են առաջարկել այլ ծառայություններ ևս` գրել ոլորտային տեքստեր, կատարել թարգմանություններ, գովազդային կոնտենտ ստեղծել բիզնեսի սոցմեդիայի համար և այլն: Ըստ Ամիրաքյանի՝ լրագրողները կարող են զբաղվել content writing-ով, թարգմանիչներն էլ լիցենզավորված թարգմանություններով: Արդյունքում՝ խմբագրությունը կարող է վերածվել ավելի մասշտաբային պրոյեկտի, դառնալ content provider բիզնեսի համար:

Բ․ Օգտագործել SEO (search engine optimization) գործիքները: Սա պարտադիր է ցանկացած վեբ, մոբայլ պրոդուկտի համար: Ամիրաքյանն ասում է, որ եթե տպագիր մամուլի պարագայում մենք հասկանում ենք, որ կան ֆորմատներ, որոնք տպագրության համար կարևոր է պահել, ապա օնլայն մամուլի դեպքում էլ պետք է հասկանանք, որ կան նույն ֆորմատները օնլայն հարթակում, որոնք բերում են թրաֆիք:

«Շատ հաճախ խմբագիրը լրագրողին ասում է, որ նյութը պետք է առաջինը հրապարակել կայքում, բայց միայն առաջինը հրապարակելն ամենևին չի երաշխավորում, որ այն առաջինը կկարդան հենց ձեր կայքում: Օգտատերերի աննշան տոկոսն է ուղիղ կայք մտնում, մյուսները թեմայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար որոնողական համակարգում բանալի բառեր են գրում ու կարդում այն, ինչն առաջարկվում է առաջին էջում: Որոնողական համակարգերի առաջին էջում էլ հայտնվելու համար պետք է աշխատել SEO -ի վրա»,- մանրամասնում է նա` նշելով, որ թրաֆիքն իր հետ կբերի ավելի մեծ լսարան, ինչն էլ կգրավի գովազդատուներին:

Գ․ Փորձագետը խորհուրդ է տալիս օգտագործել նաև արհեստական բանականության գործիքները: Ամիրաքյանն ասում է, որ մի շարք գործառույթներ կարելի է պատվիրակել ChatGPT-ի նման գործիքներին: «Սա թույլ կտա ազատել մի շարք մեդիա մասնագետների աշխատաժամերը և դրանք ուղել օրինակ ավելի արժեքավոր, ավելի վաճառվող կոնտենտի ստեղծմանը: Գրագետ մեդիա կառավարման արդյունքում աշխատանքը կվերաբաշխվի. մասնագետը կզբաղվի լրատվամիջոցի համար ավելի կարևոր աշխատանքով, կթողարկի ավելի լավ պրոդուկտ»,- ասում է Կոնստանտին Ամիրաքյանը:

Եռամիասնությունը մեդիայում

Փորձագետի կարծիքով՝ ցանկացած լրատվամիջոց պետք է ունենա մարքեթինգի բաժին, որը ուղիղ կապի մեջ պետք է լինի խմբագրակազմի ու տեխնիկական բաժնի հետ: Այս երեքը պետք է աշխատեն միասին։

«Մեդիան վերջիվերջո բիզնես պրոյեկտ է: Այն զբաղվում է վաճառքով՝ կոնտենտի վաճառքով, ստանում է դրանից եկամուտ: Պետք է հասկանաս, որ եկամուտ ստանալու համար միայն պրոդուկտ ստեղծելը քիչ է, պետք է նաև այն վաճառողներ լինեն, պետք է լինեն տեխնիկական հատվածով զբաղվողներ, ովքեր այդ պրոդուկտը ներկայացնելու են կայքում: Այս կապը երբ խաթարվում է, սկսվում են խնդիրները»,- ասում է նա:

Գովազդային ֆորմատները

Կոնստանտին Ամիրաքյանն ասում է, որ գովազդային շուկայի տենդենցները հասկանալու համար պետք է նայել կրիչներին: Նրա խոսքով՝ PC համակարգիչների կիրառելությունն օրինակ գնալով նվազում է, դրանից օգտվում են հիմնականում օնլայն խաղերի սիրահարներն ու դիզայներները: Փոխարենը գնալով մեծանում է հեռախոսներից, սմարթ թիվիներից ու նոթբուքերից օգտվողների թիվը:

«Տեսեք, աշխարհում ինտերնետ օգտատետերի 70 տոկոսը հեռախոսով են օգտվում: Եթե կայքը համապատասխանեցված չէ մոբայլ կիրառմանը, վիզուալ կոնտենտը չի ստեղծվում մոբայլ օգտագործման համար, ի՞նչ գովազդի մասին կարելի է խոսել: Այս կրիչներին համապատասխան պրոդուկտ է պետք ստեղծել, որպեսզի գովազդատուն ուզենա ներկայացված լինել ձեր հարթակում: Իսկ ամենի հիմքը, կրկնում եմ նորից ու նորից, կապ ունի նրա հետ, որ մեդիա ստեղծողն այն չի դիտարկում որպես բիզնես»,- ասում է Ամիրաքյանը:

Մեդիա մենեջմենթի պակասի արդյունքում, ըստ փորձագետի, ունենք մի իրավիճակ, երբ լրատվականները թողած մարդիկ կարդում են սոցցանցերում գրանցված անհայտ էջեր:

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *