2023.07.20,

Նյուսրում

Սև էկրան՝ հեռուստատեսային եթերի փոխարեն

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հանրային մուլտիպլեքսում գործող 6 հեռուստաընկերությունների եթերում հուլիսի 17-ին հաղորդումների ու ֆիլմերի փոխարեն մեկ ժամ շարունակ սև էկրան էր: 

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) վճարումների ուշացման համար մեկ ժամով դադարեցրել էր «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների հեռարձակումը: 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գործող ՀՀՌՑ-ից հեռուստաընկերություններին նախազգուշացրել էին, որ եթերի անջատումները կրելու են պարբերական բնույթ, մինչև հեռարձակողները մարեն կուտակած պարտքերը: 

Նախազգուշական մեկժամյա եթերազրկումից մեկ օր անց հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային 19 հեռուստաընկերություններ հանդես եկան հայտարարությամբ և ներկայացրեցին իրենց դժգոհությունը եթերի նախազգուշական անջատման վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանում վերջին տարիներին համավարակի, պատերազմի, ինչպես նաև «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունների հետևանքով, էականորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։ Սակայն, վերջին մեկ տարվա ընթացքում, գրեթե բոլոր հեռուստաընկերությունները վճարումներ են կատարել և զգալիորեն նվազեցրել են իրենց պարտքերը: 

Լոռու մարզային Ֆորտունա հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը media.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք գրեթե մեկ տարվա գումարի չափով պարտք ունեն ՀՀՌՑ-ին, սակայն կանոնավոր կերպով, թեկուզ քիչ-քիչ, բայց վճարում են: Ըստ նրա նախկինում էլ են եղել դեպքեր, երբ հեռուստաընկերությունները չեն կարողացել ամբողջությամբ վճարել ՀՀՌՑ-ի գումարը և պարտք է գոյացել, սակայն երբեք ՀՀՌՑ-ն չի դիմել նման կոշտ քայլերի: Կարելի է ասել ընդունված մեխանիզմ է եղել. կուտակված պարտքը հեռուստաընկերությունները միանգամից մարել են ընտրությունների ժամանակ՝ նախընտրական գովազդի համար ստացած գումարներից:

«Մարզային հեռուստաընկերությունները յուրաքանչյուր ամիս ՀՀՌՑ-ին պետք վճարեն 350 հազար դրամ, ինչը իսկապես մեծ գումար է մեզ համար, երբ մյուս հարկեր տուրքերն էլ ավելացնում ենք, մենք գոնե 500 հազար մուտք պետք է ունենանք, որ կարողանանք այդ վճարները տալ: Երբ «Գովազգի մասին» օրենքը փոխվեց և արգելվեցին շահումով խաղերը գովազդել, մենք կարելի է ասել մնացինք զրոյի վրա: Մարզային հեռուստաընկերությունը չի կարելի դիտարկել որպես բիզնես, այն շատ ավելի մեծ նշանակություն ունի մարզի համար, որպես տեղեկատվական աղբյուր, քան որպես բիզնես»,- ասում է Ֆորտունայի տնօրենը:

Թե ինչպե՞ս է տեղի ունենում այդ ամսական վճարի գնագոյացումը, ինչո՞ւ հենց 350 հազար, ոչ թե ավել կամ պակաս, այս հարցի պատասխանն Արշակյանն ինքն էլ չգիտի: Ասում է, որ մենաշնորհային դիրք ունեցող ՀՀՌՑ ծառայությունների դիմաց վճարումների գնագոյացումն անհասկանալի է հայտարարությունը ստորագրած բոլոր հեռուստաընկերությունների համար: Թվայնացումից հետո վճարը պետք է նվազեր, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ: Ըստ Արշակյանի ՀՀՌՑ-ի ապահոված եթերը մարզերում անորակ է և չի համապատասխանում սահմանված վճարին:  

Մայրաքաղաքային և հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաընկերություններն ավելի շատ են վճարում ՀՀՌՑ-ին, քան մարզայինները։

Երկիր մեդիա հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ասում է, որ հեռուստաընկերությունը յուրաքանչյուր ամիս ՀՀՌՑ-ին՝ հանրապետական ծածկույթ ապահովելու համար վճարում է 6 միլիոն։ Այսինքն տարեկան 72 միլիոն դրամ:

«Ինչպե՞ս է հաշվարկվել այս 6 միլիոնը, ես չգիտեմ: Մենք անցել ենք թվային հեռարձակման, հեռուստաաշտարակի վճարած հոսանքի գումարը զգալիորեն իջել է, բայց որևէ ձևով վճարման չափը չի վերանայվել»,- ասում է Երկիր Մեդիայի տնօրենը: 

Ըստ Եսայանի՝ հեղինակային իրավունքի խիստ պաշտպանությունը, հեռուստաեթերում հայերենով հեռարձակվող հաղորդումների ավելացման, մանկական հաղորդումների սուրդո թարգմանության պահանջները, բարձրացրել են հեռուստատեսային հաղորդման պատրաստման ինքնարժեքը։ Գովազդային հոսքերի նվազման ֆոնին այս ամենը բոլոր հեռուստաընկերություններին կանգնեցրել է փակվելու վտանգի առաջ:

«Բոլոր տարիներին, բոլոր իշխանությունների կողմից իրականացված օրենսդրական փոփոխություների արդյունքում հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը գնալով վատացել է: Միայն ասում են. դուք առևտրային գործունեություն եք ծավալում, առանց հաշվի առնելու տեղեկատվական անվտանգության հարցը: ԲՏԱ նախարարությունը պետք է հիշի, որ իրենք այս ոլորտի քաղաքականություն մշակողն են, ոչ թե հարկահավաքը: Եվ եթե չվերանայեն իրենց մոտեցումները, մենք հեռուստաընկերություններով պատրաստ ենք միասնական ավելի կոշտ քայլերի գնալ»,- ասում է Բագրատ Եսայանը: 

ՀՀՌՑ-ն իր հերթին հայտարարություն է տարածել հեռուստաընկերությունների բողոքների վերաբերյալ, նշելով, որ իրենք  ամբողջական ծավալով կատարում են պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները։

«ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տրամադրել, կազմվել են պարտքերի մարման ժամանակացույցեր, որպեսզի տվյալ հեռուստաընկերությունները մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները պետության նկատմամբ կատարեն, սակայն վճարումները հիմնականում չեն իրականացվել: Անդրադառնալով ծառայությունների արժեքի գնագոյացման հարցին՝  հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2021 թվականի մարտին, մի շարք հեռուստաընկերություններ այդ հարցով դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո 2021 թվականի հուլիսի 13-ին կարճել է հարուցված վարչական վարույթը՝ դրանով իսկ հիմնավորված համարելով ՀՀՌՑ-ի կողմից մատուցվող ծառայությունների արժեքները»,- ասվում է հայտարարության մեջ: 

Հաշվի առնելով, որ հանրային մուլտիպլեքսը ՀՀ միակ տեղեկատվական հարթակն է, որի արդյունքում քաղաքացիները ստանաում են անվճար բազմակողմանի տեղեկատվություն, և նույնիսկ կարճաժամկետ եթերազրկումը ոտնահարում է առաջին հերթին քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է որակել հեռարձակման իրականացված և նախատեսվող դադարեցումները: 

ՀՌՀ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ դեռ նախորդ շաբաթ ներկայացրել էին անջատումների դեմ ուղղված իրենց փաստարկները, որոնք ուշադրության չէին արժանացել:  

«Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «մասնակցում է տեսալսողական մեդիայի ոլորտի քաղաքականության մշակմանը», ուստի ՀՌՀ-ի դիրքորոշումներն այս ոլորտում որոշումեր ընդունելիս մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Պարբերաբար իրականացվող եթերազրկումները կարող են բերել հեռարձակողների ֆինանսական պարտքերի ավելացմանը, ոչ թե նվազեցմանը։ Հետևանքն էլ կլինի այն, որ հեռարձակողները ընդհանրապես չեն կարողանա վճարել ՀՀՌՑ–ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց։ Ուստի, ՀՌՀ-ն համաձայն է լիցենզավորված հեռարձակողների առաջարկի հետ. առժամանակ չկիրառել այդպիսի կոշտ մոտեցում հեռարձակողների նկատմամբ, և հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները»,- ասվում է ՀՌՀ հայտարարությունում:

Թե՛ հեռուստաընկերությունները, թե՛ ՀՌՀ-ն առաջարկում են սկսել քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության և զարգացման հայեցակարգ: Համատեղ աշխատանքի արդյունքում բարձրացնել հանրային մուլտիպլեքսում ընդգրկված տեսալսողական ծրագրերի բովանդակության որակը՝ չոտնահարելով հայաստանյան մեդիասպառողի տեղեկացված լինելու իրավունքը:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *