2023.07.18,

Նյուսրում

Լրատվական խաղացողների փոփոխությունները Հայաստանի օնլայն մամուլում

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայկական օնլայն լրատվական տիրույթում այս տարի մի քանի փոփոխություններ եղան: Արդեն հայտնի ու տարիների ընթացքում հստակ լսարան ձևավորած մի քանի  լրատվական կայքեր, գրեթե միևնույն ժամանակ փակվեցին կամ էականորեն կրճատեցին իրենց ակտիվ գործունեությունը դաշտում: Սրան զուգահեռ ավելացան նոր անուններ, բացվեցին նոր կայքեր: 

Հասկանալու համար, թե ինչ խաղացողներ են փոխվել դաշտում, media.am-ը զրուցել է ինչպես գործունեությունը դադարեցրած կամ պասիվացած, այնպես էլ նոր բացված կայքերի ներկայացուցիչների հետ: Փորձել ենք պարզել, թե ինչ անհաղթահարելի խնդիրների են բախվում լրատվականները, որի արդյունքում փակվում են կամ ինչ-որ կերպ փորձում են ժամանակ շահել և հետաձգել փակման գործընթացը: Իրենց գործունեության համար  ի՞նչ երաշխիքներ են տեսնում նոր բացվող կայքերն ու ինչպե՞ս են պլանավորում իրենց հետագա աշխատանքը:

2005 թվականին հիմնված ու արդեն 18 տարվա պատմություն ունեցող Lragir.am կայքն ապրիլ ամսվա վերջից, գրեթե մեկուկես ամիս չէր գործում։ Կայքի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանը պատմում է, որ ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցրել են գրասենյակի վարձակալությունը, կրճատել աշխատողներին:  

«Գովազդային հոսքերը նվազել էին, «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունն էլ, որովով արգելվեցին շահումով խաղերի գովազդները լուրջ հարված հասցրեցին մեդիա ոլորտին: Այդ փոփոխության արդյունքում մեր եկամուտները գրեթե 50% կրճատվեցին: Կարծում եմ սա խնդիրներ առաջացրեց բոլոր կայքերի համար, թեպետ չգիտեմ, մեզանից բացի էլ ո՞ւմ վրա է այսքան սուր ազդել, որովհետև գիտենք լրատվամիջոցներ կան, որոնք կապեր ունեն տարբեր քաղաքական ուժերի հետ և իրենց գործունեությունը միայն գովազդային հոսքերով չի պայմանավորված»,- պատմում է կայքի գլխավոր խմբագիրը:

Մեկուկես ամսյա դադարից հետո՝ վերջին շաբաթներին, Լրագիրը կարծես թե փորձում է մասնակի վերականգնել աշխատանքը: 

«Երկու հոգով ենք հիմա աշխատում, տանից, քանի որ դեռ գրասենյակ վարձակալելու ո՛չ իմաստ, ո՛չ էլ հնարավորություն կա: Ես կայքի հայերեն էջն եմ վարում, մյուս աշխատողը՝ ռուսերենը: Բնականաբար, նույն ինտենսիվությամբ ու ծավալով չենք աշխատում, ոնց այն ժամանակ: Ընտրողաբար ենք մոտենում թեմաներին, փորձում ենք շեշտը դնել որակի ու կարևորության վրա, ոչ թե քանակի»,- ասում է Հայկազ Ղահրիյանը: 

Ի տարբերություն Lragir.am-ի, NewArmenia.am կայքը վերջնականապես դադարեցրել է իր գործունեությունը: NewArmenia.am-ում վերջին հրապարակումը ապրիլի 30-ին էր: 2019 թվականին ստեղծված կայքի փակվելու պառճառը կրկին ֆինանսական էր:

Կայքի գլխավոր խմբագիր Գարիկ Չիլինգարյանը media.am-ի հետ զրույցում ասաց, որ սկզբում 15-20 աշխատակից ունեին, հետո ժամանակի ընթացքում ֆինանսական խնդիրներից ելնելով՝ անձնակազմը կրճատվեց, ոմանք ավելի բարձր վարձատրությամբ այլ կայքեր տեղափոխվեցին: Որոշ ժամանակ անց ֆինանսավորման դադարեցման հետևանքով որոշեցին փակել կայքը: 

«Հայաստանում գովազդով ո՞վ է մեդիա աշխատեցնում, կոպեկներ են, դրա մասին խոսելն անգամ ավելորդ է: Դրա համար էլ առաջացել է հովանավորների ինստիտուտը: Ամեն մեկը մի տեղից մի բան հայթայթում է, դրամաշնորհային ծրագիր կամ ինչ-որ մասնավոր ֆինանսավորում, բարերարներն են գումարներ տրամադրում: Մենք ունեինք ֆինանսավորում, բայց մի օր սեփականատերերն ասեցին, որ գումար չկա, որ շարունակեք և որոշեցինք դադարացնել կայքի գործունեությունը»,- ասում է  Գարիկ Չիլինգարյանը:

Առանց քաղաքական գործիչ կամ բիզնեսմեն սեփականատերերի ու հովանավորների, գովազդային եկամուտների միջոցով ինքնաֆինանսավորվող որակյալ կայք ունենալու գաղափարը իրատեսական է մարտ ամսին բացված HAYASTAN.news-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Բեթղեհեմ Արաբյանի համար: Ինչպես ինքն է պատմում, նպատակը մեկն էր. ունենալ սեփական լրատվամիջոց, լինել ազատ, ինչպես ժամանակի տնօրինման, այնպես էլ որոշումների կայացման հարցում: 

Կայքն աշխատում է այս տարվա մարտից։ Բեթղեհեմն ասում է, որ կայքը սկզբում աշխատում էր իր անձնական ֆինանսական ներդրումների միջոցով, հիմա արդեն սկսում են աշխատել նաև գովազդային հոսքերն ակտիվացնելու ուղղությամբ: Անձնակազմն այս պահին մեծ չէ, բայց նա աշխատանքների ընթացքից գոհ է:

«Միջոցներն անսպառ չեն, դրա համար պետք է գովազդ ներգրավել, որը, չասեմ, թե շատ վատ է ստացվում։ Կայքն ընդամենը չորս ամսվա պատմություն ունի, բնականաբար, սկզբնական փուլում գովազդի առաջարկ չի էլ արվել, իսկ երբ կայքն իր գործունեության ընթացքում հասել է որոշակի շոշափելի արդյունքի, արդեն սկսել են տարբեր առաջարկներ լինել, կան և լինելու են: Որոշակի խոշոր ծրագրերի իրականացման համար կոնկրետ նպատակային դիմումներ ևս կլինեն»-պատմում է կայքի հիմնադիրը:

Հիմնադիր սեփականատերերի ֆինանսական ներդրումների միջոցով մայիսին լրատվական դաշտում ևս մեկ նոր լրատվական անուն ավելացավ: Իր գործունեությունը սկսեց alphanews.am- կայքը: 

Կայքի հիմնադիր, Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կայքի բացման օրը alphanews.am-ին տված իր հարցազրույցում պատմել էր կայքի հիմնադրման ֆինանսական միջոցների և հետագա նպատակների մասին: 

«Կայքը ստեղծվել է հիմնադիրների ֆինանսական միջոցներով, ներողություն անհամեստության համար, հիմնականում իմ: Պետք է ասեմ, որ այս միջոցներն առայժմ բավարար են այս փուլում նախատեսված աշխատանքները սկսելու և իրականացնելու համար: Չեմ թաքցնում, մտածում ենք, որ կկարողանանք ստեղծել բիզնես մոդել, որը թույլ կտա առանց հիմնադիրների միջոցների օգտագործման, գալ ինքնաֆինանսավորման, և այնպես անել, որ կայքն աշխատի, ոչ միայն որպես լրատվամիջոց, այլ նաև որպես ինքնաբավ կառույց»,- ասել էր Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույցում:

Ըստ Սողոմոնյանի կայքի հիմնադրման գլխավոր նպատակը համահայկական լրատվական ցանց ստեղծելն է եղել: Հայասատանից բացի Մոսկվայում և Լոս Անջելեսում տեղակայված իրենց խմբագրությունների միջոցով Alphanews-ում նախատեսում են պատմել աշխարհի բոլոր ծայրերում ապրող ու աշխատող հայերի մասին:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *