Հանրային հեռարձակողի խորհուրդը չորս եզրակացություն է հրապարակել 2023թ-ի առաջին կիսամյակում գրանցված դեպքերի վերաբերյալ, երբ հանրությունը քննարկում և քննադատում էր Հանրայինի լրագրողների մասնագիտական վարքը։
Չորսից երկուսի դեպքերում Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի գործադիր տնօրենները կիրառել են կարգապահական միջոցներ։
Հայհոյանք կամ «տուուու» եթերում
Դրանցից առաջինը վերաբերում է դեպքին, երբ փետրվարի 17-ին «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանի ձայնը երկու անգամ ընդհատվել էր «տուուու» ազդանշանով։
«Թեև եթերում չի հնչել որևէ հայհոյանք, սակայն այդպիսի համոզմունք է ստեղծվել հենց ձայնային միջամտության փաստով։ Ձեռնարկած խմբագրական միջոցները առերևույթ չեն կանխել, այլ հաստատել են անթույլատրելի բառապաշարի օգտագործումը հեռուստաընկերության տաղավարում։ Այս դեպքում խնդրահարույց է դառնում հաղորդավարի հանդուրժող լռությունը նման խոսքի նկատմամբ»,- ասվում է եզրակացության մեջ։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կարծիքով այս դեպքում հաղորդման պատասխանատուները «տուուու»-ն օգտագործելով իրավիճակը կարգավորելու համար լավագույն լուծումը չեն կիրառել։
Խորհուրդը հորդորել է Հանրային հեռուստաընկերությանը ստեղծել, հաստատել, հրապարակել և այսուհետ կիրառել Խմբագրական ուղեցույց, որտեղ հստակ նշված կլինեն նման իրավիճակներում պատասխանատու խմբագրի և հաղորդավարի գործողությունները, որոնք «կբացառեն Հանրային հեռուստաընկերության եթերում հայհոյախոսությունը, միաժամանակ պահպանելով խոսքի ազատության, լրագրողական էթիկայի և արհեստավարժության բարձր չափանիշները»։
Կողմնակալ վերաբերմունք եթերում
Մյուս դեպքը Հանրային ռադիոյի եթերից է։ Մշտադիտարկումը պարզել է, որ «Ստատուս քվո» հաղորդաշարի հեղինակ Գևորգ Մելիքյանը մարտի 3-ի թողարկման ընթացքում «անթաքույց կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել լուսաբանվող թեմայի շահագրգիռ կողմերից մեկին՝ հրավիրված հյուրին ուղիղ տեքստով զորակցություն հայտնելով»։
Հաղորդման հյուրն է եղել էկոակտիվիստ Թեհմինե Ենոքյանը, թեման՝ Ամուլսարի հանքի շահագործումը։
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի որոշումով «Ստատուս քվո» հաղորդաշարի արտադրությունն ու հեռարձակումը դադարեցվել է մեկ ամիս ժամկետով։
«Կնոջ օրագիր»-ը կլինի նոր բովանդակությամբ
Հանրային հեռուստատեսության՝ սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկված հաղորդաշարերից մեկը «Կնոջ օրագիր»-ն է։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Կնոջ օրագիր» հաղորդաշարում հնչած տեսակետների վերաբերյալ բացասական արձագանքը փաստող նամակ էր ուղարկել Հանրային հեռարձակողի խորհուրդ։ Ֆեյսբուքում քննարկումների ընթացքում հաղորդումը քննադատում էին հատկապես սեքսիստական լինելու համար։
Եզրակացության մեջ Խորհուրդը առաջարկել է Հանրային հեռուստաընկերությանը ժամանակավորապես դադարեցնել «Կնոջ օրագիր» հաղորդաշարի հեռարձակումը և սահմանված ընթացակարգով ներկայացնել նույն հաղորդաշարի նոր բովանդակությունը։
Քննարկումների ընթացքում Խորհրդի անդամները համաձայնվել են, որ
Ա․ «Կնոջ օրագիր» հաղորդաշարի մաս կազմող «Տղամարդիկ՝ կանանց մասին» խորագիրը չի համապատասխանում հանրային հեռարձակման սկզբունքներին և առաքելությանը։
Բ. Հաղորդմանը մասնակից հյուրերի կարծիքը հաճախ արտացոլում է կնոջ նկատմամբ խտրական վերաբերմունք և հաստատվում որպես հանդուրժելի փաստ, ինչը արգելված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հոդված 9-ի 7-րդ կետով։
Գ. Հաղորդավարի անձնական համակրանքը հնչած կարծիքների վերաբերյալ, որն արտահայտվում է նրա ուղիղ խոսքով, հակասում է լրագրողական էթիկայի կանոններին։
Սուպեր Սաքոն ու Կոմիտասը
Ավանդական ու սոցիալական մեդիան մայիսին մեկ շաբաթ քննարկում էր Հանրային հեռուստատեսության եթերում «Կերպարից դուրս.Սուպեր Սաքո» հաղորդումը։ Հաղորդման հյուրը՝ քննարկելով մուղամը, ասել էր թե իբր Կոմիտասը «հայկական երաժշտությունը մատուցել է Եվրոպային, եվրոպացիք չեն հասկացել քառորդ նոտաները, այսինքն, էդ ծռած նոտաները, այդ մուղամը, ու իրենց տհաճ է թվացել: Իսկ ինքը հայ երգը տարածելու համար հետ է եկել, ասելով, թե՝ չսիրեցին, բռնեք ջնջեք: Բոլոր քառորդ նոտաները ջնջել են»:
Հանրային հեռարձակողի խորհուրդը նպատակահարմար չի գտել էթիկայի խախտման հիմքով քայլեր ձեռնարկել «Կերպարից դուրս» հաղորդման այդ թողարկման վերաբերյալ, ինչպես նաև իրավաչափ ու տեղին է համարել թեմայի վերաբերյալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հայտարարությունը։
Հանրային հեռարձակողները (հեռուստատեսությունն ու ռադիոն) Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի ինքնակարգավորման նախաձեռնության անդամ են և առաջնորդվում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: