2023.06.22,

Նյուսրում

Հայաստանում լրագրողների դեմ դատական հայցերի թիվն աճել է

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության հոդվածով դատական հայցերի թիվը կայուն աճում է։ Ոլորտի փորձագետների գնահատականներով` պատճառներից մեկը բևեռացած քաղաքական ու մեդիա դաշտերն են։

2023 թ.-ին Հայաստանի դատարանները լրագրողների դեմ 16 դատական հայց են ստացել: Անցյալ տարի նման դիմումների թիվը 30 էր: Ընդհանրապես, վերջին մի քանի տարիներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, որը վերաբերում է վիրավորանքին և զրպարտությանը, կայուն ակտիվությամբ կիրառվում է լրագրողների դեմ հայցեր ներկայացնելու համար։ 

1087.1 հոդվածը վիրավորանքի համար սահմանում է 3 մլն դրամ տուգանք, զրպարտութան համար՝ 6 մլն։ 

Դեռ երկու տարի առաջ այս թվերն ավելի համեստ էին՝ համապատասխանաբար 1 և 2 միլիոն։ 2021թ․-ին ԱԺ նախագահ (այդ ժամանակ դեռ փոխխոսնակ) Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ եռապատկվեցին Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված և լրագրողների աշխատանքի հետ ուղղակի կապ ունեցող այս հոդվածով սահմանվող տուգանքի չափերը։

Վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի առավելագույն շեմով դատարան դիմելու առաջին օրինակներից է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ 168 ժամ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի։

2023թ․ փետրվարի 25-ին 168․am կայքի յութուբյան ալիքում հրապարակված «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով տեսանյութից հետո փոխքաղաքապետը հայց էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Նա  168 ժամ ՍՊԸ -ից և լրագրող Դավիթ Սարգսյանից պահանջում է ներողություն խնդրել, հերքել  պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել  9 միլիոն դրամ։

Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, 9 միլիոն դրամի չափով արգելանք էր դրել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։ 

«Տիգրան Ավինյանն ընդդեմ 168 ժամ ՍՊԸ -ի Դավիթ Սարգսյանի գործով» նախնական դատական նիստը նշանակաված է հուլիսի 17-ին։

Այս դատական գործին արձագանքեցին Հայաստանի լրագրողական կազմակերպությունները՝ պահանջելով Տիգրան Ավինյանից, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ, ցուցաբերել առավել հանդուրժողականություն, դրսևորել զբաղեցրած դիրքին առավել հարիր վարքագիծ: 

Կազմակերպությունները հայտարարեցին, որ Տիգրան Ավինյանը նպատակ է հետապնդել «ոչ այնքան ճշտում կատարել, հերքել կամ պատասխանել հրապարակմանը, այլ պատժել, ճնշում գործադրել լրագրողի և լրատվամիջոցի վրա»։  

Այս հատարարությունը գործնական ազդեցություն ունեցավ․ Տիգրան Ավինյանի փաստաբանի միջնորդությամբ դատարանը վերացրեց Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը: 168 ժամ ՍՊԸ -ի անշարժ գույքը դեռ շարունակում է մնալ արգելանքի տակ։

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ասում է, որ ըստ համաեվրոպական ընդունված հասարակական կարգի՝ հանրային ծառայողները պետք է ձեռնպահ մնան դատարաններ նման հայցեր ներկայացնելուց։ Նմանատիպ դեպքերը կոպիտ միջամտություն են համարվում ոչ միայն լրատվամիջոցների խոսքի ազատության, այլև հասարակության տեղեկություններ ստանալու իրավունքին: Առավել ևս, երբ պաշտոնյան, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից պահանջում է արգելանք դնել լրագրողի բանկային հաշիվների վրա։

«Տեսականորեն,  արգելանքի պահանջը վկայում է քողարկված օրակարգի մասին։ Լռեցնել լրատվամիջոցին, որպեսզի այլ լրատվամիջոցներ, դասեր քաղելով, չգրեն այդ երևույթի մասին, հակառակ դեպքում՝ կբավարարվեր (Ավինյանը, խմբ․) միայն հայցով։ Բայց նույնիսկ հայց ներկայացնելը աննպատակահարմար է»,- ասում է Արա Ղազարյանը:

Դավիթ Սարգսյանի կարծիքով, Ավինյանը, դատարան դիմելով, փորձել է լռեցնել իր ազատ խոսքը։ 

«Դատարան դիմելը ծայրահեղ որոշում է, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելը վերջին բանն է, որ պիտի լինի մամուլի հետ։ Արտադատական միջոցները նման վեճերը կարգավորելու համար են ստեղծվել։ Եւ՛ ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմինը կա, և՛ կա տեղեկատվական վեճերի խորհուրդը, որոնցով հնարավոր էր լուծել այս հարցը։ Բայց նրանց նպատակը փաստորեն հարցը լուծելը չէր, այլ լրատվամիջոցին և լրագրողին վնասելն էր»,- ասում է լրագրողը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես կարծում է, որ լրատվամիջոցների հետ վեճերը արտադատական կարգավորմամբ լուծելը ընդունելի տարբերակ է։ Սակայն ինքնակարգավորման ճանապարհը ենթադրում է, որ լրատվամիջոցն էլ, իր հերթին, պետք է ունենա էթիկայի սեփական կանոնները ու պահպանի դրանք։ 

Մելիքյանի գնահատմամբ, լրատվամիջոցների ու լրագրողների դեմ դատական հայցերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ Հայաստանում հասարակությունը բևեռացած է «Լրատվամիջոցները շատ դեպքերում քաղաքական համակարգի մաս են ու սպասարկում են ոչ թե հանրային, այլ իրենց հովանավորող նեղ քաղաքական ուժերի շահերը»։

Ըստ Մելիքյանի, բևեռացումն արտահատվում է նաև դատարանների աշխատանքի վրա։ «Հաճախ դատական ակտերը կանխատեսելի չեն։ Միայն օրենքով ղեկավարվելով չենք կարող պատկերացնել, թե ինչ վճիռ կարող է լինել դատարանում։ Դատարանի կայացրած որոշումը կարող է կախված լինել նրանից, թե ինչ քաղաքական տեսակետներ և քաղաքական ինչ նախասիրություններ ունի դատավորը, և նայած որ քաղաքական ճամբարին հարող լրատվամիջոցն է պատասխանողի դերում»։

Լրագրողների դեմ հայցերի քանակը նվազեցնելու համար մեդիափորձագետները երկու ճանապարհ են առաջարկում՝ լրատվական դաշտում ինքնակարգավորման մարմինների և մեխանիզմների զարգացում և հանրային ծառայողների շրջանում զսպվածության ու հաշվետվողականության բարձրացում:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *