Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիա կառավարման դպրոցի մասնակիցները ստացել են տեսական գիտելիքներ բովանդակության առաջխաղացման ռազմավարության, մարքեթինգի, նախագծերի ստեղծման, ռեսուրսների և ֆինանսների կառավարման ոլորտներում։
Դպրոցը մի քանի փուլով է, առաջինն արդեն ավարտվել է, մեկնարկում է երկրորդը։
Հայաստանում մեդիան որպես բիզնես դիտարկելու փորձառության պակասն դասընթացի քննարկումների առանցքն էր։ Մասնակիցներին օգնել են նաև հաղթահարել այն կարծրատիպը, որը մեդիան չի կարող լինել եկամտաբեր բիզնես։
Դասընթացի ժամանակ մշակվել են ոլորտային և նեղ թեմաներ, որոնք օրակարգային չեն, սակայն կարող են թիրախային լսարան և մեծ տարածում ունենալ։ Սովորել են փաթեթավորել գաղափարը, վերլուծել ուժեղ և թույլ կողմերը, պատկերացնել իրենց լսարանի կարիքները և բացահայտել հետաքրքրված գովազդատուներին։
Ճանապարհը գաղափարից մինչև վերջնական տեսք ունեցող նախագիծ միշտ բարդ է՝ կապված ոչ միայն զուտ փողի, այլև հմտությունների ու վերջնարդյունքը պատկերացնելու հետ։
Մարիամ Տաշչյանը, EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողը, դպրոցի շրջանակներում իր նախագիծն ամբողջական տեսքի է բերել, ցանկացած պահ կարող է այն կյանքի կոչել և ֆինանսական աջակցության դիմել։
«Լրագրողների համար կազմակերպչական հարցերը, որպես կանոն այդքան էլ առաջնային չեն, սակայն հաջողության հասնելու համար կարևոր է ամեն դետալ մշակել և ճիշտ տեղում դնել», – ասում է նա։
Երեք ամիսների ընթացքում Մարիամի գաղափարը դարձել է նախագիծ, որն ունի ֆինանսական բյուջե, մարքեթինգային ռազմավարություն, ֆոնդահայթայթման ուղիներ։
«Հասկացանք, որ հնարավոր է այլընտրանք և կայունություն ունենալ նաև ճգնաժամային իրավիճակներում, օրինակ, բաժանորդագրության միջոցով։ Եթե փոքր բյուջե ունես ուրեմն կարող ես գոյատևել մինչև խաղաղվեն ժամանակները։ Երբ նախագիծս կյանքի կոչվի, այդ ժամանակ կարող եմ ասել, որ դասընթացն արժեքավոր դարձավ նաև գործնականում», – ասում է նա։
Ռուզաննա Բագրատունյանը «Կինոաշխարհ»–ի խմբագիրն է, մեդիա կառավարման դպրոցը նրան սովորեցրել է բովանդակության մշակմանը զուգահեռ մտածել ֆինանսական պլանավորման մասին։ 2012-ից սկսած, երբ թերթից անցում արեցին առցանց տիրույթ, հարց առաջաց, թե ինչպես ներգրավել այլընտրանքային գումար նոր ձևերի՝ մուլտիմեդիա, փոդքասթ, անգլերենի մշտական թարգմանություն ապահովելու համար։
«Իմ գաղափարը կինոտուրիզմն է, որը փորձում եմ կյանքի կոչել տարեսկզբին, ֆինանսական հատվածը դեռ վերջնական տեսք չունի։ Դասընթացն իսկապես օգնեց գրագետ կազմակերպել մեր աշխատանքը, սակայն լավ կլինի հետագայում ծրագրում ներառել մեդիայի կառավարման մասնագետների, որոնք ներսից կիմանան խնդիրները և կօգնեն դրանք հաղթահարել իրենց փորձառությամբ», -ասում է Ռուզաննան։
Նրա խոսքով, կարևոր է պատկերացնել նախագծի բոլոր շղթաների հաջորդականությունը, որովհետև հաջողությունը մեծապես կախված է քայլերի հերթականությունից։
Մեդիա կառավարման դպրոցի մասնագետները հստակ օրինակների վրա օգնել են իրականացնել բիզնեսի ընթացիկ պլանավորում՝ հաշվի առնելով նաև թվային միջավայրի փոփոխությունները։
Մեր օրերում ավանդական մեդիան գումար ներգրվելու համար մեծապես կախում ունի սոցիալական ցանցերից, որովհետև այնտեղ է և՛ լսարանը, և՛ հավանական գովազդատուն։
Թվային մարքեթինգի մասնագետ Սիրանուշ Եղիազարյանն ասում է, որ լրագրողները շատ պահպահողական են սոցիալական մեդիայի հնարավորությունների հարցում, կառչած են կայքերից և այն չեն պատկերացնում որպես գովազդի հիմնական աղբյուր։
Դասընթացի մասնակիցները, նրա խոսքով, թեև ակտիվ հետաքրքրված են թեմայով, բայց գործնականում չեն կարողանում արդյունավետ կիրառել մարքեթինգային գործիքները․ «Կարծում եմ, սա գալիս է նաև խմբագրության ղեկավար կազմի դիրքորոշումից։ Հասկանալի է, որ սոցիալական մեդիայի ճիշտ մարքեթինգի համար լրատվամիջոցն ունի նաև ռեսուրսի և ժամանակի խնդիր, խմբագրությունները չեն ուզում առանձին ՍՄՄ մասնագետ ունենալ, հետևաբար չունեն սոցիալական մեդիայի ռազմավարություն և սոցցանցի էջն օգտագործում են ըստ անհրաժեշտության` հաշվի չառնելով ալգորիթմի պահանջները»։
Ըստ նրա, եթե սոցիալական ցանցերի էջերը կայքին ածանցյալ էջեր են, ապա ռեսուրսներ գուցե չարժե վատնել։ Իսկ եթե սոցիալական մեդիան դիտարկում են որպես եկամուտ բերելու, լսարանը մեծացնելու հնարավորություն, ապա հատուկ ռազմավարության կարիք կա, որը պետք է բխի լրատվամիջոցի մարքեթինգային ռազմավարությունից։
«Մենք մասնակիցների հետ խոսել ենք սոցիալական ցանցերում մարքեթինգային գործիքակազմի, դրա օգտագործման առանձնահատկությունների մասին։ Օրինակ, թե ինչպես ասուլիսի վայրից սոցմեդիայի համար կարճ, հրատապ գրառում կամ վիդեո անել, որը շատ ավելի մեծ տարածում, քննարկում կարող է ունենալ հենց սոցցանցում` բարձացնելով էջի ներգրավվածության ցուցանիշը, քան դրա մասին գրել ստանդարտ տեքստ ու տեղադրել կայքում այն ժամանակ, երբ դրա հետաքրքրությունն արդեն մարել է։ Հավանաբար կգա մի ժամանակ, երբ սոցիալական մեդիան կդառնա նորությունների հիմնական տեղակայման վայրը», – ասում է նա։
Դպրոցում դասավանդել են տեղացի մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել Դոյչե Վելլե ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։ Ամենշաբաթյա դասերից բացի եղել են նաև լրացուցիչ հանդիպումներ Հայաստանից և արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։
Մեդիա կառավարման դպրոցը ունի նպատակ՝ դաշտը հագեցնել ինքնուրույն ու ինքնաբավ մեդիա նախագծերով, որոնք կլինեն միաժամանակ որակյալ ու եկամտաբեր։ Այդպես լրագրողները կկարողանան ամեն մի նախագծի համար գտնել հարմար տարածք, գործիքներ, ներկայացնելու ու վաճառելու ուղիներ։
Եվ ամենակարևորը, որ այդ նախագծերը կախված չլինեն մեդիա դաշտի ու գովազդային փողերի քմահաճույքներից, հետևաբար գրագետ կերպով հանդիպեն փողը, գաղափարն ու հեղինակը։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: