Մարդիկ սիրում են միգրացիայի թեմայով պատմություններ, բայց միշտ չէ, որ լրագրողների համար հեշտ է թեման մանրամասն ներկայացնել, հերոսներ ու տվյալներ գտնել, վերլուծել ու համադրել դրանք։
Factor.am-ի լրագրող Սաթենիկ Խաչատրյանը և Լոռու Միգ հեռուստաընկերության խմբագիր Նարինե Մաթևոսյանը պատմում են միգրացիայի թեման լուսաբանելու նրբություններն ու դժվարությունները։
Սաթենիկ Խաչատրյան, Factor.am
Միգրացիայի թեմայով «Մեկ-մեկ վատ բառեր էլ են ասում․ հնդիկները գալիս են ավելի լավ կյանքի որոնումներով, բայց ի՞նչ են գտնում» նյութը դժվարությամբ եմ պատրաստել։ Թեև տուժող օտարերկրացիները շատ են, սակայն գրեթե բոլորը խուսափում են իրենց պատմությունները հանրայնացնել։ Հնդիկները Հայաստան են եկել հանցավոր ճանապարհներով, ապօրինի և դա է լրատվամիջոցների հետ չշփվելու հիմնական պատճառը։ Նրանք վախենում են բացահայտվել թե՛ Հայաստանում, թե՛ իրենց երկրում, որովհետև հետդարձի դեպքում իրենց բնակավայրում կթիրախավորվեն։
Դժվար էր գտնել այնպիսի մասնագետներ, որոնք ուսումնասիրել են կոնկրետ հնդիկների հետ կապված միգրացիոն խնդիրները։ Որպես կանոն, պատկերացումներն ընդհանուր են, սակայն ինձ հաջողվեց գտնել մասնագետ, ով հնդիկների հետ կախված տարբեր իրավիճակների ու դեպքերի է ծանոթ։
Հերոսները հրաժարվեցին կադրում երևալ, մենք ստիպված եղանք նկարահանումներ իրականացնել այնպիսի վայրերում, որտեղ հնդիկ ուսանողներ կային՝ հանրակացարանների մոտ, կրթական հաստատությունների մոտակայքում։ Տեսանկարահանվելու հետ կապված վերաբերմունքը տարբեր էր, մի մասի համար խնդիր չէր, որովհետև կրթության նպատակով և օրինական ճանապարհով է եղել Հայաստան, իսկ մի մասն ակնհայտ խուսափում էր տեսախցիկից։
Նյութում ներկայացնում ենք ինչպես են Հայաստանում հնդիկների իրավունքները խախտվում, որևէ տվյալով դա հիմնակավորելու համար դիմել ենք ուժային կառույցների տեղեկատվություն տանալու համար։ Կամ չեն պատասխանում մեր հարցմանը կամ տալիս են ոչինչ չասող պատասխաններ։ Թեման զարգացնել հնարավոր չի լինում, հայտնվում ենք փակուղու մեջ։
Ընդհանրապես դժվար է միգրացիայի թեմայով բովանդակություն ստեղծելը, սակայն դրանք միշտ հետաքրքիր են լսարանի համար, մարդիկ տարածում են, մեկնաբանում։ Այս տեսանյութի դիտումներներն անցել են 100 հազարը։
Լավ կլինի, եթե Հայաստանի Միգրացիոն ծառայությունը ունենա ու լրատվամիջոցներին տրամադրի տեսանյութեր, թեկուզ ընդհանուր բնույթի, թեև տվյալները տրամադրելու հարցում ծառայությունը պատրաստակամ է։
Նարինե Մաթևոսյան, Լոռու Միգ
Այլ երեկրներից Հայաստան ժամանած հայ միգրանտները ընդհանրապես չեն խոսում տեսախցիկի առաջ։ Միայն կադրից դուրս են անկեղծանում, թե ինչ խնդիրների միջոց են ստիպված եղել անցնել։ Մեզ համար կարևոր է պատմությունը կառուցել իրական կերպարներով, այս տեսանկյունից հեշտ էր աշխատել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան, ավելի կոնկրետ Վանաձոր տեղափոխված ռուսների հետ։
Նրանք տեսախցիկի առջև պատմում էին տեղափոխման քաղաքական շարժառիթների մասին և հակված էին մեդիայի հետ սերտ համագործակցության։ Մենք ներկայացնում էինք նրանց պատմությունները՝ փորձելով նաև օգտակար լինել գտնել էժան բնակարան, աշխատանք և հեշտ կողմնորոշվելու այլ հարցերում։
Գիտակցում էինք, որ իրենց ներկայությունը տնտեսական օգուտներ կարող է բերել մեր փոքր քաղաքին, և ուզում էինք մեր հրապարկումներով օգնել։ Նրանք ակտիվ հարցազրույցններ էին տալիս, խոսում իրենց քաղաքական հայացքների մասին։
Սակայն որոշ ժամանակ անց հրաժարվեցին լրագրողների հետ աշխատել, թույլ չտվեցին նկարահանել հայերենի ուսուցման դասընթացը, որը նախատեսված էր Հայաստան տեղափոխված ռուսների համար։
Նրանք մեզ բացատրեցին, որ որոշ լրագրողներ ուռճացրել են իրենց մասին պատրաստված պատմությունները, իրենք էլ որոշել են չաշխատել հայ լրագրողների հետ։
Միգրացիայի թեմայով վիճակագրության պակաս չենք ունեցել։ Հայաստանի միգրացիոն ծառայությունը բաց է ցանկացած տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպված դասընթացը հնարավորություն տվեց լրագրողներիս ծանոթանալ ծառայության այլ վարչության պետերի հետ։
Թեման ներկայացնելու համար մենք ունենք բազային գիտելիքներ, կարող ենք տարբեր տվյալների հետ աշխատել և հասկանալ դրանց մեթոդաբանությունը, առանձնահատկությունը։
Կարևոր էր հասկանալ նաև թեմայի ներկայացման տերմինաբանությունը, արտահայտչամիջոցները։ Դա կօգնի ավելի խորքային նյութեր անել հետագայում, հատկապես վերլուծություններ, թեմայի շուրջ տարբերակված փնտրտուքներ սկսել, տարբեր դիտանկյուններից ներկայացնել պատմությունները։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: