2022.09.16,

Նյուսրում

Պատգամավորի հետ միջադեպի պատճառով լրագրողներին հեռացրել են ԱԺ շենքից

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Սեպտեմբերի 15-ին ՊՊԾ-ի աշխատակիցները Ազգային ժողովի շենքից բռնի ուժով դուրս են հանել լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին,  ինչպես նաև նրանց հետ աշխատող օպերատորներին։ 

Դեպքը տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության ժամանակ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի և լրագրողների միջև տեղի ունեցած լեզվակռվից հետո։  

Լրագրողական խմբին հեռացնելու հրահանգ տվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ օրենսդիրի բնականոն գործունեությունը խաթարելու և քվեարկությունը տապալելու համար։ 

Սյուզի Բադոյանը հարցրել է պատգամավորին, թե ո՞ր ՔՊ-ականի տուն են երեկ գնացել ցուցարարները։ Քրիստինե Պողոսյանը պատասխանել է հարցում ուղարկեք ոստիկանություն, իմացեք։  

Լարված իրավիճակում պատգամավորին հաջորդ հարցն է ուղղել է Անի Գևորգյանը, որ 2018-ի հեղափոխության ժամանակ մարդ է մահացել, Քրիստինե Պողոսյանը պատասխանել է. «Լու՞րջ եք ասում, ու Դուք լրագրողական համա՞յնք եք ներկայացնում»։ 
 
Քրիստինե Պողոսյանը լրագրողներին անվանել է ադրբեջանական գործակալներ «Հանեք սրանց ստեղից։ Գնա՜ ասում եմ, ոնց ուզում եմ՝ քո հետ անձամբ խոսում եմ։ Գնա բողոքի»։ 

Լրագրողն ասել է՝ սա ձեր տունը չի։ Պատգամավորն էլ հակադարձել է՝ իմ տունն է։ 

Քրիստինե Պողոսյանը վերցնել է հեռախոսը, ցանկանալով հարվածել և ասելով՝ «Հեսա կտամ՝ կիմանաս ով ա փողոցից»։ ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը բռնել է նրա թևից և փորձել զսպել, այնուհետև Պողոսյանին հեռացել են տարածքից։ 

Դրան հաջորդել է ԱԺ նախագահի՝ լրագրողներին տարածքից հեռացնելու հրահանգը։ Լրագրողները ՊՊԾ գործողությունների համար գրավոր փաստաթուղթ են պահանջել։ Անի Գևորգյանը չի ենթարվել հրամանին, նստել է գետնին։ 

«Քրիստինե Պողոսյանը հեռախոսով հարձակվեց, իրեն ոչինչ չեք ասո՞ւմ։ Ինձ եք ուզում հեռացնել այն հիշեցմանս համար, որ 2018-ի դեպքերի ժամանակ զոհ եղել է։ Ազատամարտիկ է զոհվել, երբ փորձում էին ներխուժել Էջմիածնի քաղաքապետարանի շենք», – ասել է լրագրողը։ 

Հետո ՊՊԾ երկու աշխատողներ բռնությամբ Անի Գևորգյանին քարշ են տվել և աստիճաններով տարել ներքև։ Աստիճանների վրա խոչընդոտվում է նաև մյուս լրագրողների և օպերատորների տեղաշարժը, հարվածել են օպերատորներից մեկին։ 

Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է, որ չի պատրաստվում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը քննության առնել և որ ինքը վարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի նոր դրույթներին համապատասխան, որոնցով ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի: 

«Այդ լրագրողները խաթարել են հաշվիչ հանձնախմբի աշխատանքը, և հաշվիչ հանձնախմբի անդամը ստիպված է եղել լքել, նրան փոխարինել են այլ անդամով», – ասել է Ալեն Սիմոնյանը:  

8-րդ գումարման Ազգային ժողովը սահմանափակել է օրենսդիր մարմնում լրագրողների տեղաշարժվելու և պատգամավորների հետ շփվելու հնարավորությունը։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Media.am-ին ասաց, որ  կատարվածը իշխող ուժը ներկայացնող պատգամավորների և ընդդիմադիր լրագրողների միջև կոնֆլիկտի առաջին դեպքը չէ․ «Խնդիրը քննարկելու, ԱԺ կանոնակարգը վերանայելու, տարածքում աշխատող լրագրողների էթիկական վարքագիծը կարգավորվելու փոխարեն լրագրողներին հեռացրել են խորհրդարանի շենքից, նաև բռնի ուժով»։ 

Նա ասում է, որ եթե  հանրային վրդովմունք չլինի, պատգամավորի արարքն անհետևանք է մնալու և քննարկման առարկա չի դառնալու էթիկական հանձնաժողովում․ «Մինչդեռ վեճի ընթացքում վերջինս նույնիսկ փորձ է արել հեռախոսով հարվածել լրագրողին»։ 

Կարևոր է նաև, ըստ ԽԱՊԿ-ի նախագահի, քննարկել լրագրողների պահվածքը, ինչպես է ստացվում, որ միշտ այդ երկու լրագրողներն են հայտնվում նման իրավիճակում․ 

«Արդեն ներքին համոզմունք ունեմ, որ նրանք խորհրդարանում իրականացնում են քաղաքական գործունեություն և կատարում իրենց խմբագիրների կամ լրատվամիջոցը ֆինանսավորող քաղաքական ուժի պատվերը։ Հիմա ԱԺ-ում կան լրագրողներ, որոնք ավելի սուր և կոշտ են քննադատում այս իշխանություններին, սակայն պահպանում են էթիկայի կանոնները»։ 

Մելիքյանի խոսքով՝ հարցը միակողմանի չի կարելի քննարկել և լրագրողական հանրությունը պետք է գնահատական տա նման կոնֆլիկտներին։ 

Դիտորդ մարմնի ձևավորած ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած 100-ից ավելի լրագրողներ կան, որոնք, ի վերջո, պետք է ստորագրեն վարքականոն, այդ թվում նաև պահանջելով, որ ԱԺ-ն բարելավվի լրագրողների աշխատանքային պայմանները։ Երկու կողմերը անհրաժեշտ է համագործակցեն, սահմաններ դնեն պատգամավոր-լրագրող հարաբերություններում։ 

Գայանե Ասրյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *