2022.06.30,

Նյուսրում

Բազմակարծության ուսումնասիրություն․ ով որ մեդիայում, ինչ թեմայով, ինչքան է խոսել

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի վերջին ուսումնասիրությունը հայաստանյան տասը լրատվամիջոցներում բազմակարծության ապահովման թեմայով է։

Բազմակարծության դրսևորվման ձևերից մեկն էլ մեդիա բովանդակության մեջ տեղ գտած «ուրիշի խոսքի» առկայություն է, թե լուսաբանման ընթացքում ում խոսքն է ներկայացվում, որ լրատվամիջոցներում է այն շրջանառվում և որքան ինտենսիվ է դա արվում։

Որոշակի պատկեր ստանալու համար ուսումնասիրվել են Հայաստանի 5 հեռուստաընկերությունների (Հանրային ՀԸ, «5-րդ ալիք», «Կենտրոն» ՀԸ, «Երկիր Մեդիա» ՀԸ, «Ֆրինյուզ» ՀԸ) ու 5 առցանց կայքերի (1in.am, Freenews.am, Hraparak.am, Factor.am, Civilnet.am) մեկ ամսվա նյութերը (10.04-10.05, 2022թ.)։

Լրատվամիջոցների ընտրության համար երկու հիմնական չափանիշ է սահմանվել

  • Մեդիա, որն ունի իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ տարբեր առնչություններ
  • Մեդիա, որը բացի տեքստային նյութերից մեծ ծավալի տեսանյութեր է շրջանառում` հաղորդաշարեր, ուղիղ միացմամբ ռեպորտաժներ, լրատվական հաղորդումներ։

Որ լրատվամիջոցն է ամենաշատը «լսում» մարդկանց

Ըստ հետազոտության, բոլոր լրատվամիջոցները լայնորեն շրջանառել են «ուրիշների» կարծիքներն ու խոսքը, ընդհանուր առմամբ մեդիայում ուրիշի խոսքին հղումների, ուրիշի խոսքի ամբողջական շրջանառման պակաս չի եղել։

Դիտարկված լրատվամիջոցներից ամենաշատ տաղավարային հարցազրույցները բաժին են ընկնել 1in.am-ին՝ 33%, Factor.am-ին՝ 17%, Civilnet.am-ին՝ 15%։ Ուրիշի խոսքի վերարտադրման առցանց առաջատարները Freenews.am և Hraparak.am կայքերն են։

Մեկ ամսվա ընթացքում հրավիրված գործիչների ու մասնագետների հետ ամենաշատ հարցարզւոյցները կազմակերպել է Հանրային հեռուստաընկերությունը՝ ժանրի 6 տարբեր հաղորդաշարերի միջոցով։ 

Այս ցուցանիշով երկրորդ տեղում Երկիր Մեդիա հեռուստաընկերությունն է, երրորդում՝ 5-րդ ալիքը, ամենաքիչը Կենտրոն հեռուստաընկերությունը։

Ըստ հետազոտության, չնայած ռեպորտաժային նյութերում «ուրիշի խոսքի» շրջանառումը հիմնականում պայմանավորված է օրվա իրադարձություններով, այնուամենայնիվ նախընտրելի քաղաքական թիմերի ներկայացուցիչներն էապես ավելի շատ խոսք ունեն, քան մյուսները։ Սակայն կան նաև լրատվամիջոցներ, որոնց հարթակներում նման ակնհայտ խզվածքներ չեն եղել։

Առանց բացառության բոլոր 10 լրատվամիջոցներում շրջանառվել է նաև սովորական քաղաքացիների խոսքը։ Սակայն իշխանամետ հարթակներում մեջբերվել են քաղաքացիների՝ ընդդիմությանը քննադատող խոսքը, և հակառակը՝ ընդդիմադիր լրատվամիջոցներում մեջբերվել են իշխանություններին պիտակավորող քաղաքացիների խոսքը։

Մի շարք հեռուստաընկերություններում՝ Հանրային, Ֆրինյուզ, Երկիր Մեդիա, տարբեր ձևաչափի հաղորդումներին մեկ ամսվա ընթացքում հրավիրել են նույն գործչին, փորձագետին, ՀԿ ներկայացուցչին, վերլուծաբանին և այլն։

Օրինակ, հետազոտողներն արձանագրել են 18 փորձագետների ու վերլուծաբանների, որոնք մեկ ամսվա ընթացքում 1in.am-ի տաղավարում հարցազրույց են ունեցել 3 -6 անգամ։ Factor.am-ում նման օրինակներն ավելի քիչ են եղել։

Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այլ երկրների, Արցախի ու Սփյուռքի ներկայացուցիչների խոսքի ծավալները տարբեր լրատվամիջոցներում էապես տարբեր են։Այսպես, օրինակ, 1in.am-ը հրապարակել է Սփյուռքի ներկայացուցիչների գրեթե նույնքան կարծիք, որքան նրանից օրվա ընթացքում էականորեն ավելի քիչ նյութեր արտադրող Civilnet.am-ն է հրապարակել (համապատասխանաբար՝ 5% և 4%):

Մյուսներից ավելի շատ անգամ այլ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները ռեպորտաժային նյութերում շրջանառել են Freenews.am-ը (34%) և Factor.am-ը (21%)։ 

Ինչ թեմատիկ առաջնահերթություններ կան

Հետազոտության մեջ առանձնահատուկ ուշադրության են արժանացել նաև թեմաները՝ Ղարաբաղյան հակամարտություն, ռուս-ուկրաինական պատերազմ, ընդդիմության փողոցային ակցիաներ, իրավական խնդիրներ և այլն։

Այսպես, ավելի շատ Ղարաբաղյան հակամարտության, քան ընդդիմության փողոցային ակցիաների մասին են եղել 1in.am-ի, Freenews.am-ի, Factor.am-ի, Civilnet.am-ի հարցազրույցները։

Բոլոր առցանց կայքերում ռուս-ուկրաինական պատերազմի թեման քննարկվել է ավելի քիչ, քան վերը նշված խնդիրները,  իսկ Freenews.am-ում այնքան քիչ, որքան ընդդիմության բողոքի ակցիաների թեմաներն են եղել։

Այլ երկրներում տեղի ունեցող նշանակալի իրադարձությունների մասին հարցազրույցներում նույնպես գերազանցապես խոսել են Հայաստանի ներկայացուցիչները։ Այլ երկրների գործիչները, մասնագետները քիչ են երևում հայաստանյան մեդիայում հարցազրույցների ժամանակ։ Այլ երկրների հետ կապված գործընթացները մեկնաբանելու են հրավիրվում նաև Սփյուռքի ներկայացուցիչները։ Սակայն նման դեպքերը շատ չեն։

Այսպես, 10 լրատվամիջոցներից միայն 1in.am-ն է հանրային նշանակության հարցերում այլ երկրների ներկայացուցիչների հետ հարցազրույցներ կազմակերպել։

Ռուս-ուկրաինական պատերազմի թեման բոլոր հեռուստաընկեություններում լուսաբանվել է գերազանցապես ռեպորտաժային բնույթի նյութերում՝ տարբեր կողմերի արած հայտարարություններով։ Շատ քիչ քանակի հարցազրույցներ են կազմակերպվել ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով հենց այդ երկրների ներկայացուցիչների հետ։

Հետազոտության մասին այս հղումով էլ կարող եք գրաֆիկներ, թե ըստ լրատվամիջոցների ում խոսքն ինչքան է շրջանառվել։ 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *