2022.05.12,

Նյուսրում

Հրանտ Դինքի կյանքը, պայքարն ու մահը որպես թանգարանային նյութ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Այսուհետ ձեր գործողությունների հիմքում պետք է լինեն ոչ միայն ձեր զգացմունքները, այլև միտքը։ Ազգին կարող եք կենդանի պահել իր զգացմունքներով, բայց մի մոռացեք, որ դուք այլևս պարզապես ազգ չեք, դուք պետություն եք։ Այս զարգացումը՝ ազգից դեպի պետություն, ունի իր գինը, և միայն զգացմունքներով պետություն չեք կարող պահել»։

Հրանտ Դինքի այս խոսքերը զարմանալի արդիկական են այսօր, իր մահվանից 15 տարի անց, երբ Հայաստանում պետականության հիմքերը երերում են առաջին հերթին զգացական ազգային հատկանիշները ուռճացնելու պատճառով։

Երբ ազգային պատկանելիությունը դառնում է կամ ինքնահիացմունքի կամ մյուսին վիրավորելու առիթ, պետության գաղափարն ինքնին նսեմանում է։

Բավական է հիշել, թե ինչպես են այսօր Հայաստանում տարբեր հանրային հարթակներից հնչում խոսքեր, թե ով է իսկական հայը, իսկ ով՝ թուրքը (այսինքն, թերին, թշնամին, դավաճանը)։

Հայհոյական երանգով նման մեղադրանքները ողողել են մեդիան ու քաղաքական դաշտը, և անգամ ժամանակ չեն թողել, որ մի պահ մտորենք, որ իրար «թուրք» ասելով, հայտնվում ենք փակուղում, որից դուրս գալու համար մեծ գին ենք վճարելու։

Հրանտ Դինքի ասած գինը հիմա իրոք շատ բարձր է։ 

Եվ հենց ինքը լեգենդար ստամբուլահայ լրագրող, «Ակօսի» երկլեզու թերթի գլխավոր խմբագիր ու հասարակական գործիչ Դինքը վճարեց ամենաբարձ գինը՝ իր մահով դառնալով երկու ազգերի՝ հայերի ու թուրքերի, երկխոսության անհրաժեշտության հիմնավոր պահանջատեր։ 

Այդ երկխոսության, կամուրջներ կառուցելու ու իրար լսելու (կարևորը՝ առանց ինքնախաբեության) պահանջը Հրանտ Դինքի համար առաջնային էր։ 

Եվ բնական է, որ նրա սպանությունից հետո նրա ընտանիքն ու ձևավորված «Հրանտ Դինք» հիմնարկը փորձում են թույլ չտալ, որ հիշողությունները Հրանտ Դինքի մասին մարեն, որ նրա գործն ու մտորումները խոսքի ազատության ու մարդու իրավունքների մասին լսելի լինեն աշխարհում։

Արդեն երեք տարի է Ստամբուլում գործում է Հրանտ Դինքի անունը կրող հուշավայրը, որը տեղակայված է «Ակօսի» առաջին խմբագրատանը։ Հուշավայրը կոչվում է «23,5»՝ հղում անելով Հրանտ Դինքի «Ապրիլի 23 ու կես» հոդվածի, որը հրատարակվել է 1996-ի ապրիլի 23-ին «Ակօս»-ում։ 

Այժմ «Ակօս»-ի առաջին շենքը միաժամանակ հանցագործության վայր է (2007-ին խմբագրատան մուտքի մոտ է սպանվել Դինքը) և թանգարանային տարածք, որտեղ ինչպես ասում է Հրանտ Դինքի այրին Ռաքել Դինքը, հավաքված են հիշողությունները։

Հիշողությունները դասակարգված են այնպես, որ կարծես հենց Հրանտ Դինքն է պատմում իր մասին՝ իր աշխատանքի, խոհերի, կասկածների, երկյուղի ու պայքարի։

Ցուցանմուշների շարքում են հատվածներ նրա հոդվածներից, նրա ձայնագրությունները, մանկության ու պատանեկության լուսանկարները, տեսագրությունները ելույթներից և այլն։ 

Լսում, կարդում ու տեսնում ենք մի մարդու, որի մտքերը հրատապ են նաև այսօր, և որն իր կայնքով վճարեց, որ իր գործը չմահանա։

2022-ի մայիսից մինչև հուլիս այդ գաղափարով կառուցված ցուցադրությունը բաց է նաև երևանցիների համար։

Երևանյան ու ստամբուլյան ցուցադրությունները թեև ունեն ունեն տարբերություններ (Հայաստանում ավելի շատ շեշտադրվում են հայերի մասին նյութերը, իսկ Ստամբուլում՝ թուրքական հասարակությանը վերաբերող), բայց սկզբունքը նույնն է՝ թույլ տալ, որ Հրանտ Դինքը լսելի լինի առանց միջնորդների, այսինքն, առանց միջամտության։

Ստամբուլի հուշավայրի բացումը համընկավ համավարակի հետ, և նաև դա էր պատճառը, որ արագորեն ստեղծվեց հուշավայրի վիրտուալ տարբերակը, որն օգնում է հասկանալ, թե ինչ սկզբունքով է կառուցված մեկ մարդուն նվիրված թանգարանային տարածքի գաղափարը։

«Հրանտ Դինք. հոս և հիմա» այսպիսի խորագրով է Երևանում ներկայանում ցուցահանդեսը, որն ունի նպատակ նախևառաջ ծանոթացնելու այցելուներին իրական Հրանտ Դինքի հետ, որի մասին թեև Հայաստանում գիտեն բոլորը, բայց սակավ ծանոթ են նրա տեքստերին, կյանքի ճանապարհին ու մահվանն նախորդած հետապնդումներին, դատապարտությանն ու սպառնալիքներին։

Ցուցահանդեսն ինֆորմատիվ է ու միաժամանակ ինտերակտիվ։ 

Շատ բան կարելի է իմանալ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ու ընդհանրապես ակտիվ քաղաքացիական դիրք ունեցող մարդկանց ճնշելու, լռեցնելու փորձերի մասին։

Կարելի է ծանոթանալ «Ակօս»-ի հիմնադրման պատմությանը ու թերթել թվայնացված արխիվը, ուղիղ կապ հաստատել Ստամբուլի հուշավայրի այցելուների հետ (էկրանը միշտ միացված է), իսկ ցանկության դեպքում մեկուսանալ խցում ու անանուն պատմել սեփական պատմությունը՝ խոստովանության պես։

Եվ ամենուրեք տեքստեր են՝ վիզուալ, աուդիո ու տպագիր, հատվածներ ու մեջբերումներ Հրանտ Դինքի հոդվածներից ու գրքերից։ Դրանք կարելի է վերցնել, կարդալ հենց սրահում կամ տանել տուն։

Հպումները պարտադիր են, քանի որ գործի են դրված գրեթե բոլոր մեդիա գործիքները։

Ու կարելի է նաև թողնել սեփական մեկնաբանությունները, թե ինչ են նշանակում սովորական թվացող բառերը։ Օրինակ, ազատությունը, հուշը, սերը, պայքարը, հողը։ 

Հրանտ Դինքի այրին ասաց ցուցադրության բացման ժամանակ. «Հրանտը հոս ձեզ հետ է Հայաստանում՝ իր խոսքով, իր բացատրություններով, իր պայքարով։ Ամեն հայի կյանքը պատմության փաստաթուղթ է։ Այո, մեր կյանք էլ է փատաթուղթ և 1915-ի ու նաև այսօրվա հաստատումն ու վկայությունն է։ Կարող եմ ասել, որ մենք բախտավոր ենք, որ պատկանում ենք փոքրամասնությանը, որովհետև փոքրամասնության մեջ կա հետաքրքրություն, սովորելու փափագ»։

Ցուցադրության բացմանը ներկա էին Հրանտ Դինքի այրին, երեք դուստրերը՝ իրենց ընտանիքների ու երեխաների հետ։ Եվ դա կարևոր օր էր բոլորի համար։ Շարունակություն ու հաստատում։

«Ակօս»-ի խմբագրությունում

Եվ չի կարելի անտեսել, որ Ստամբուլի հուշավայրի բացումն ու երևանյան ցուցադրությունն ունեն նաև քաղաքական ենթատեքստ։

Վերջին երեք տարիների քաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում չափազանց լարված է և մարդ-կամուրջ Հրանտ Դինքը կարող է իր մահից 15 տարի անց էլ համարվել թե՛ պայքարող նահատակ, թե՛ մարդ-թանգարան։ Այդ երկու կերպարանքները բարդ են համադրվում՝ ամեն րոպե կախված լինելով քաղաքական պատեհապաշտությունից։

Ամեն դեպքում՝ Հրանտ Դինքի սպանության դատավարությունը մինչ այսօր էլ չի ավարտված, իսկ հանցագործները չեն պատժվել։

Հետևաբար, իրավական գործընթացն ու թանգարանային նյութերը կարելի է դիտարկել որպես զուգահեռ, միգուցե նաև իրար փոխլրացնող հարթություններ։ 

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *