2022.04.13,

Նյուսրում

Ինքնասպանության մանրամասների հրապարակումը կարող է անդառնալիորեն վնասել*

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Տավուշի մարզում օրեր առաջ ամուսինների ինքնասպանության դեպքի լուսաբանումը միայն պաշտոնական հաղորդագրությունների սահմանում չէր։ 

Shamshyan.com-ը, որն առաջինը գրեց այս միջադեպի մասին, թեև չհայտնեց, թե որ բնակավայրում է տեղի ունեցել դեպքը, սակայն մանրամասներ հրապարակեց, որ «ինքնասպան եղած անձինք ամուսիններ են, ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող: Իսկ կնոջ ինքնասպանության պատճառը եղել է իբր թե հեռախոսային ինչ-որ sms-ները»։

Միջադեպից մանրամասներ հայտնելու համար aravot.am-ը օգտագործեց անանուն աղբյուր՝ հրապարակելով, ըստ էության, այնպիսի տվյալներ, որոնցով կարելի է նույնականացնել ինքնասպանություն գործած անձնանց, հարազատներին։

«Ինքնասպանությունից մի քանի օր առաջ երիտասարդ կինը եկել է Իջևան՝ մորաքրոջ տուն, մեկ օր անց տեղափոխվել Տավուշի մարզի գյուղերից մեկում ապրող տատիկի տուն: Այդ կնոջն ամուսինը, այսպես ասած, տնից դուրս է հանել ու այլևս չի ընդունել, նույնիսկ չի թույլատրել տեսակցել երեխաների հետ»,-գրում է Առավոտի կայքը:

Այս ողբերգական դեպքի մանրամասների հետ կապված նկարագրության շարունակությունն այսպիսին է «Ինքնասպանություն գործած ամուսինները երկու մանկահասակ երեխա ունեն: Նրանք վերջին ժամանակներում ընտանեկան խնդիրներ են ունեցել. նախնական տեղեկություններով՝ ամուսնական դավաճանության հողի վրա: Ըստ տեղեկությունների՝ դավաճանությունը կինն է արել և նրան ոչ ամուսինը, ոչ իր ծնողները չեն ներել»:

Այս հրապարկումը ցավով է ընթերցել «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը։ Նա ասում է, որ սա առաջին և միակ դեպքը չէ, երբ միջադեպից հետո մեդիան թիրախավորում է ինքնասպանություն գործած կնոջը՝ հրապարկում անանուն աղբյուրներից ունեցած տեղեկություններ, որոնք գործնականում անհնար է ստուգել։

«Լրատվամիջոցները այսպես չեն կարող վարվել, որովհետև մեղադրվող կողմը, այս դեպքում ինքնասպանություն գործած կինը, զրկված է արձագանքելու, պատասխանելու հնարավորությունից։ Որոշ դեպքերում բռնության հետևանքով են կանայք գնում այս քայլին։ Ստացվում է նրանք չեն ունենում արժանապատիվ մահ, գոնե մահից հետո նրանց հարազատներին, երեխաներին պետք չէ վնասել»,- ասում է Ղարիբյանը։

Նրա խոսքով, հաշվի առնելով համայնքների փոքր լինել, կարևոր է հատկապես հարվածի տակ չդնել անչափահաս երեխաներին, չէ որ նրանք այդ նույն համայնքում շարունակելու են ապրել, դպրոց գնալ և նրանց ծաղր ու ծանակի (բուլինգ) ենթարկելու հավելյալ առիթներ պետք չէ ստեղծել։

Այս դեպքերում, Ղարիբյանի խոսքով, կարևոր է հասկանալ հանրային շահ կոչվածը, անգամ այդ պարագայում շատ կարևոր է հաշվի առնել անձնական կյանքի գաղտնիությանը և երեխաների լավագույն շահի պաշտպանությունը «Կոնկրետ այս նյութում հանրային շահ չկա, կա հանրային հետաքրքրվածություն և միանշանակ է, որ մեծ քանակի ընթերցումներ ունենալու համար են այս նյութերը գրվում, տարածվում։ Այստեղ կրկընտրանք չկա, արժե նման մանրամասներ հրապարակել, թե ոչ»։

Առավոտի լրագրող, հոդվածի հեղինակ Արփինե Սիմոնյանն այս հրապարակման հետ կապված խնդիրներ մեծ հաշվով չի տեսնում «Նյութը մեկ օրում 12 հազար դիտում է ունեցել, ինչը վկայում է, որ այս թեման մեծ հնչեղություն ունի։ Ցավալի ընտանեկան պատմությունները հանրային հետաքրքրություն են առաջացնում, դեպքից հետո սոցցանցում քննարկումներ տեսա, ինձ նոր մանրամասներ հայտնի դարձան, որոնք գրեցի անանուն։ Նյութում ես որևէ մեկի անունը չեմ նշել»։

Անդրադառնալով կարծիքին, որ հոդվածում տվյալները բավական են ինքնասպանություն գործածներին ու նրանց երեխաներին նույնականացնելու համար, Արփինե Սիմոնյանն ասաց, թե «Քննչական կոմիտեն հրապարկել է գյուղի անունը և քանի որ գյուղը փոքր է, պարզ է, որ և՛ այդ, և՛ հարակից գյուղերում բոլորը գիտեն դեպքի մասին»։

«Չեմ կարծում, թե այս հրապարակմամբ մենք վնասում ենք երեխաներին, նրանք այսպես, թե այնպես դեպքի մասին իմանալու են, քանի որ իրենց բնակավայրում բոլորը գիտեն։ Իսկ Երևանի ընթերցողների համար ներկայացրել ենք մանրամասներն առանց անունների»,-ասում է լրագրողը։

Լրագրողը հոդվածում կնոջ դավաճանության թեման շեշտադրելն ու վերնագրում օգտագործեը համարում է ոչ թե խտրականություն, այլ ինքնասպանության դրդապատճառը ցույց տալու միջոց։

«Առավոտ»-ը Հայաստանի այն քիչ թվով լրատվամիջոցներից է, որն ունի էթիկայի սեփական վարքականոն, որին աշխատակիցները միացել են, կամավոր պարտավորվելով սեփական մեկնաբանություններում զերծ մնալ վիրավորանքներից, որակումներից, պիտակավորումներից:

Ըստ այս ներքին կարգավորման, «Առավոտի» լրագրողները չեն հրապարակում մարդկանց մասնավոր կյանքի մասին տեղեկություններ, եթե դրանք չեն առնչվում պաշտոնյաների եկամուտների և կոռուպցիոն երևույթների հետ:

Առավոտը նաև ստորագրել է ԶԼՄ Դիտորդ մարմնի կանոնագիրը։ Որտեղ կետերից մեկով նշվում է, որ լրատվամիջոցը պարտավոր է պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ: 

Ինչպես նաև «Հարգանք մարդկանց անձնական կյանքի և այլ իրավունքների նկատմամբ» գլխի 4․3 կետով նշվում է, որ լրագրողերը պետք է առանձնապես նրբանկատ լինեն, երբ տեղեկատվության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ են:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է, որ ինքնասպանությունների թեման շատ նուրբ մոտեցում է պահանջում լրագրողից և լրատվամիջոցից։

«Ամեն դեպքում մարդուն պետք է ապահովագրել ինքնաբացահայտվելուց, ինչը շատ դժվար է հաշվի առնելով երկրի փոքրությունն ու մեր խառվածքը»։

Նա ընդունում է, որ լրատվամիջոցներն ուզում են ընթերցվող նյութեր ունենալ, ինչը օրենքով սահմանափակված չէ, բայց ինքնակարգավորումը նրա համար է, որ լրատվամիջոցն իր համար սահմաններ գծի «Եթե նա որոշում է դեղին մամուլ դառնալ, պետք է այս մասին անկեղծ ասի իր լսարանին»։

Կարապետյանցի խոսքով, տարիներ շարունակ ունենք մի վիճակ, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մեկանձնյա հասանելիություն ունի ինֆորմացիայի, հավանաբար ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում, որտեղ ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր կան։ 

«Նա հայտնվում է դեպքի վայրում, երբ քննչական գործողությունները երբեմն դեռ ընթացքի մեջ են և այն ինչ նա հրապարակում է, միշտ չէ, որ ճիշտ է։ Անձնական տվյալներ են հրապարակվում, խախտվում է անմեղության կանխավարկածը, հանրության մոտ տպավորություններ են ձևավորվում։ Բայց չէ՞ որ լրագրությանը մոտ ցանկացած լրագրող և խմբագիր իր վրա պետք է տպագրված նյութի համար նաև պատասխանատվություն վերցնի»։

Ըստ նրա, երբեմն լինում է, որ դատարանը մարդուն անմեղ է ճանաչում, բայց նա արդեն այդ հրապարակումներով մեղավոր է որակված «Մյուս խնդիրն էլ կա, դատարանը հանրային կարծիքով պայմանավորված կաշկանդվում է արդար վճիռներ կայացնել։ Եվ դրան նպաստում է ահա նման որակի լրագրությունը»։

Մեդիան, Կարապետյանցի խոսքով, այսօր աշխատում է հրապարակել այնպիսի նյութեր, որոնք «մարդկանց սիրտը շահում են», իսկ արդյունքում տուժում են երեխաներ, կանայք, ծնողներ, խոցելի խմբեր։ 

«Իհարկե սա միակողմանի չէ և միայն մեդիայի մեղավորությունը չէ, հանրությունը հիվանդ է, չի տարբերում առաջնային երկրորդականից, պատճառը հետևանքից և այսպես շարունակ։ Մենք նորից վերադառնում ենք կրթության ոլորտ, դեռ դպրոցից կարևոր է աշխատել երեխաների հետ, բացատրել, զրուցել, կոտրել բոլոր կարծրատիպերը»,-ասում է նա։

Media.am-ում կարող եք կարդալ Նվարդ Մանասյանի հեղինակած «Նմանակված ինքնասպանություն» հոդվածը, ըստ որի գիտությունը վաղուց արդեն պատճառահետևանքային կապ է հաստատել ինքնասպանությունների թվի աճի և դրանց լուսաբանման հետ։ 

Կարող եք կարդալ նաև ինքնասպանությունների լուսաբանման հետ կապված խորհուրդներ թարգմանված Poynter.org-ից։

Գայանե Ասրյան

* Այս հոդվածի հրապարակումից հետո aravot.am-ը փոխել է նյութի վերնագիրը, այն դարձնելով «Մանրամասներ Տավուշում ամուսինների ինքնասպանության դեպքի վերաբերյալ» և խմբագրել է տեքստի որոշ հատվածներ։ Ինչպես նաև Ֆեյսբուքում իր էջից հեռացրել է հոդվածի հղումը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *