2022.03.29,

Նյուսրում

ՀՌՀ-ն ամփոփել է տարին՝ ներկայացնելով նաև թիվի և ռադիո եկած գովազդային գումարները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) ամփոփել է 2021թ-ը և պատրաստվում է հաշվետվություն ներկայացնել Ազգային ժողով։

Տարին կառույցի համար բավականին հագեցած է եղել՝ կազմակերպել և անց է կացրել մայրաքաղաքային և մարզային հաճախականությունների լիցենզավորման մրցույթներ, ՏԻՄ ընտրությունների հետ կապված եթերաժամանակի մշտադիտարկումներ, հարուցել բազմաթիվ վարչական վարույթներ, միջազգային պայմանագրեր կնքել և այլն։

Հեռուստառադիոհեռարձակման ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին ՀՌՀ-ն հայտնում է, որ 2018թ-ի իշխանությունների հռչակած ժողովրդավարական սկզբունքները թույլ են տվել վարել անկախ խմբագրական քաղաքականություն։

Անցած տարում կառույցը շարունակել է «հետևողականորեն պաշտպանել իր կարգավորման դաշտում գործող լրատվամիջոցների ազատ արտահայտվելու իրավունքը, հաճախ նաև կոնֆլիկտային իրավիճակներում միջնորդի դեր է ստանձնել լրատվամիջոցների և պետական ինստիտուտների միջև»։

Լիցենզավորման մրցույթներ

2021թ-ին հանձնաժողովը կազմակերպել և իրականացրել է հանրային մուլտիպլեքսում սլոթի լիցենզավորման 12, լսողական հաճախականության օգտագործման 5 մրցույթներ։ Տարեկան ամփոփման մեջ ՀՌՀ-ն մրցույթների հետ կապված հայտնում է, որ եղել են տարատեսակ ճնշումներ հանձնաժողովի անդամների վրա, սակայն նման փորձերը նպատակին չեն հասել։

Տրամադրվել է 5 հանրապետական, 7 մայրաքաղաքային, 10 մարզային հեռարձակման լիցենզիա։ Լսողական ծրագրերի համար տրվել է Երևանում 3, մարզերում 2 լիցենզավորում։ Ցանցային օպերատորի գործունեության համար բավարարվել է 11 հայտ։

Որպես ձեռքբերում է նշվում նաև լիցենզավորման մրցույթների ուղիղ հեռարձակումը։ Մրցույթին մասնակցած հեռարձակողների և ցանցային օպերատորների ներկայացուցիչների համար, չնայած Քովիդ 19 համավարակի առաջ բերած սահմանափակներին,  կազմակերպվել են քննարկումներ և դասընթացներ։

Վստահեցնում են, որ մրցույթի մասնակիցների համար ապահովել են հավասար մրցակցային պայմաններ, իսկ արդյունքների հիմքում եղել են օբյեկտիվ, անկողմնակալ գնահատականներ։

Մեդիա հետազոտություններ

Ոլորտային մասնագետների հետ կառույցը համագործակցելով մի քանի ուսումնասիրություններ է իրականացրել մեդիաշուկայում։

Օրինակ, վերլուծել են հանրապետական և մայրաքաղաքային սփռման եթերային ծրագրերի կառուցվածն ու թեմատիկ ուղղությունները։

2021թ-ի դեկտեմբերի տվյալներով, Հայաստանում գործունեություն են ծավալում 65 ցանցային օպերատորներ, 53 հեղինակազորված ընկերություններ, 22 տեսալսողական և 23 լսողական ծրագրեր։

2021թ-ին հանձնաժողովի կողմից հեղինակազորվել է 16 ֆիզիկական և իրավաբանական անձ, դադարեցվել է 1-ի հայտը։

Վարչական վարույթներ

2021թ-ին հանձնաժողովը հարուցել է 85 վարչական վարույթ, որից 70-ը սեփական նախաձեռնությամբ, 15-ը անձնանց դիմումների, բողոքների համաձայն։ Սեփական նախաձեռնությամբ վարույթներից 44-ի դեպքում կիրառվել է տուգանք, 8-ի դեպքում նախազգուշացում, 15-ը կարճվել է, 3-ը դեռ ընթացքի մեջ է։

Համեմատության համար արժե նշել, որ 2011-2018թթ-ին վարչական վարույթների արդյունքում միայն 15-ի դեպքում է կիրառվել տուգանք։

Մյուս կողմից ՀՌՀ-ի ընդունած վարույթների արդյունքում ընդունված որոշումների դատական կարգով բողոքարկման մեծ աճ է գրանցվել։ 6 բողոքարկում է եղել 2021թ-ին, մինչդեռ 2020թ-ին 2 դեպք է գրանցվել։

Կառույցի կողմից տարբեր տույժերից պետական բյուջե է մուտքագրվել մոտ 34 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ այդ թիվը 2020թ-ին կազմել է 38 մլն դրամ։

Տեսալսողական մեդիա եկած գովազդային գումարները

ՀՌՀ-ն ներկայացրել է գովազդից գոյացած եկամուտները 3 տարվա կտրվածքով, որպեսզի հնարավոր լինի տեսնել դինամիկան։

Հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները 2021թ-ին ունեցել են 9 մլրդ 914 մլն դրամ, 2020թ-ին 7 մլրդ 654 մլն դրամ, 2019թ-ին 10 մլրդ 638 մլն դրամ գովազդային հոսքեր։

2021թ-ին մարզային հեռարձակողները գովազդից գեներացրել են 1 մլրդ դրամ գումար։ 

Միայն ռադիոհեռարձակման դեպքում է գովազդային մուտքերի կրճատում եղել, եթե 2019թ-ին ստացվել է մոտ 2 մլրդ դրամ, ապա 2021թ-ին այն կրճատվել է՝ հասնելով 1,2 մլրդ դրամի։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *