2022.01.13,

Նյուսրում

Լրատվամիջոցները ժամանակ կունենան հարմարվելու խաղային գովազդի սահմանափակմանը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ազգային ժողովի  տնտեսական հանձնաժողովը քննարկել է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, տոտալիզատորի, դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդի մեդիայում արգելման հարցը։ Օրենսդիրում միակարծիք են, որ սա ցավոտ որոշում է տնտեսվարողների համար և կարևոր է, որ լինի բալանսավորված և անցնցում։

Շուկայի կորուստները թվերով

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նիստի ժամանակ ասաց, որ գովազդային ծառայություններ տրամադրող ընկերությունների թվերը ուսումնասիրվել են նաև իրենց կողմից՝ դրանք մի փոքր ուռճացված են։ 

Լրատվամիջոցներն իրենց կորուստները գնահատում են 60-70%, սակայն ըստ նախարարության վերլուծության մեդիան խաղային գովազդի պատճառով կկորցնի իր եկամուտների 20-25 %-ը։

«Ժամկետների մեջ հնարավորություն կտանք, որպեսզի մեծ եկամուտների կորուստ  չունենան»,-քննարկման ժամանակ ասաց փոխնախարարը: 

Ըստ նրա, շահումով խաղերի գովազդի մասնաբաժինը հեռուստատեսությունը դեպքում մոտ 30-40% է, ռադիոյի, համացանցի և արտաքին գովազդի դեպքում մոտ 40-50-ական տոկոս։

Պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով, որոշումն այլևս ուշացնել պետք չէ, որովհետև «խաղամոլության տեմպը շարունակում է արագ աճել և անհրաժեշտ է այն մեղմել»։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ նրա, քննարկվել են բոլոր մտահոգությունները, կարևոր է, որ ադապտացվելու նրանք ժամանակ ունենան։

Բացի այդ, Թունյանը բացատրում է, որ լրատվամիջոցների եկամունտներն այդքան չեն կրճատի, ինչքան ներկայացվում է, որովհետև խաղային գովազդն այլ գովազդով է փոխարինվելու։

Որ դեպքերում կթույլատրվի շահումով խաղերի գովազդը

Շահումով խաղերի գովազդը կթույլատրվի խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների, սրահների մեջ, ճակատային մասում և պաշտոնական կայքերում:

Գովազդը կթույլատրվի նաև ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև չորս և բարձր աստղ ունեցող հյուրանոցներում:

Օտարերկրյա պատվիրատուներ և ներդրողներ

Շահումով խաղերի գովազդի սահմանափակումը վերաբերում է ինչպես գովազդատուին, այնպես էլ գովազդակրին։ Արտասահմանյան գրանցում ունեցող խաղի կազմակերպիչը չի կարող գովազդ ունենալ տեղական կայքերում, ռադիոյում կամ հեռուստատեսությամբ, որովհետև օրենքի առաջ գովազդակիրը ևս պատասխանատվություն ունի։

Նույն ձևով նաև տեղական գրանցում ունեցող ընկերությունը չի կարող իր գովազդը տեղադրել օրինակ արտասհմանյան ժամանցային և այլ բնույթի կայքերում։

Հայաստանում խաղային ոլորտում օտարերկրյա ներդրողները ևս չեն կարող շրջանցել այս սահմանափակումը։ Թեև օտարերկրյա ներդումները պաշտպանված են, սակայն ըստ փոխնախարարի, ազգային օրենսդրությունն այս մասով տարածվում է նաև իրենց վրա։

Մրցակցային ռիսկեր և կարգավորումներ

Նիստի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) ներկայացուցիչը նշեց, որ իրենք մտահոգություններ ունեն՝ արդյո՞ք արգելափակման հատկանիշները բխում են հանրային շահի պաշտպանությունից և արդյո՞ք համաչափ են դրանց։

Ըստ կառույցի, կարող է առաջանալ անհավասար մրցակցություն, քանի որ օրենքը տարածվում է միայն տեղական կազմակերպությունների կողմից  ՀՀ տարածքում խաղի կազմակերպման վրա։ Բայց հնարավոր է ինտերնետում խաղի կազմակերպչի սերվերները լինեն Հայաստանի սահմաններից դուրս և ոչ am տիրույթում։

Օրենքն, ըստ ՄՊՀ-ի, չի կարգավորում դաշտն ամբողջապես։

Միանշանակ չէ նաև արտասահմանյան ընկերությունների հետ կապված կարգավորումը, արդյո՞ք օրենքով կսահմանափակվի նրանց գովազդային գործունեությունը Հայաստանում։ 

Բացի դա, դեռևս չկան այն մեխանիզմները, որոնց միջոցով կվերահսկվեն տեղական կայքերում արտասահմանյան գովազդները և հակառակը՝ արտասահմանյան կայքերում տեղական կազմակերպությունների գովազդային գործունեությունը։

Հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության դեպքերը կուսումնասիրի առանձին և եթե հանդիպի, որ որևէ հեռուստաընկերություն փոխել է անունը կամ լոգոն, շփոթության աստիճանի նմանություն է առաջացել խաղային ծառայություն մատուցողի հետ և այլ դեպքերում։ Արդյունքում կազմակերպությունը կարող է նախազգուշացվել կամ տուգանվել նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով։

Ազդակ մեդիադաշտին

Ֆինանսների փոխնախարար Հայրապետյանն ասում է, որ սա ազդակ է տեղական լրատվամիջոցներին, որ այդչափ ֆինանսական կախվածություն վտանգավոր է անկողմնակալ լրատվության համար։

Ըստ նրա, այս սահմափակման արդյունքում լրատվամիջոցները կդիվերսիֆիկացնեն իրենց գովազդային աղբյուրները։ 

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, թեև մինչև երկրորդ ընթերցում այն լրամշակելու անհրաժեշտություն կա։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *