2021.11.01,

Նյուսրում

Էլեկտրոնային ծառայությունների հարկում․ ի՞նչ կփոխի նոր օրինագիծը

Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար ավելացված արժեքի հարկ (ԱՀՀ) կիրառել։ Թեև հարկման ենթակա էլեկտրոնային ծառայությունների ցանկը կառավարության կողմից դեռևս հրապարակված չէ, բայց պատկան մարմինները դրանց թվում արդեն նշել են որոշ անուններ՝ Ֆեյսբուք, Գուգլ, Էփլ։ 

Օրենքի նախագիծն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի 2022թ․ հունվարի 1-ից, սակայն, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն, քանի դեռ ՀՀ կառավարությունը և հարկային մարմինը չեն սահմանել անհրաժեշտ կարգեր, նախատեսված պարտավորությունները չեն գործի:

Ի՞նչ կփոխի նոր նախագիծը մարդկանց կյանքում։  

Որոշ դեպքերում նոր օրինագիծը որևէ բան չի փոխի էլեկտրոնային ծառայություններից օգտվողների համար, բայց կլինեն նաև դեպքեր, երբ ծառայությունների արժեքը կբարձրանա։ 

Օրինակ՝ այն մարդիկ, որոնք Էփլից հավելված կամ այլ ծառայություն են գնում, արդեն վճարում են ավելացված արժեքի հարկ։ Ստացվում է, որ ծառայությունից օգտվողների համար որևէ բան չի փոխվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության պատրաստած նյութում հիշատակել էր նաև ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման բաժնի պետ Լուսինե Այվազյանը։ 

Բայց եթե Էփլի դեպքում ընկերությունն արդեն կիրառում է ավելացված արժեքի հարկը, և նոր նախագիծը կարող է այդ գումարները վերադարձնել Հայաստան, ապա մի շարք այլ ծառայությունների, այդ թվում՝ Ֆեյսբուքի դեպքում, հարկերի կիրառումը կարող է հանգեցնել դրանց արժեքի բարձրացմանը։ 

Ի՞նչ կլինի Ֆեյսբուքում գովազդի ծառայությունից օգտվելու դեպքում։ 

Պետության կողմից ԱԱՀ-ով հարկման պահանջի դեպքում Ֆեյսբուքի այդ ծառայությունը կթանկանա, որովհետեւ ընկերությունը ստիպված կլինի ծառայության արժեքը բարձրացնել` իրենից պահանջվող հարկերի չափով:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդի տեղադրման ծառայությունների համար ՀՀ-ում այս պահին հարկ չի վճարվում: Ֆեյսբուքի տրամադրած հաշիվում (Invoice) գովազդի դիմաց փաստացի ծախսն է ներկայացվում, իսկ հարկերի տողում նշվում է 0%: 

Այսինքն` սոցիալական ցանցից, օրինակ, 25 դոլար արժողությամբ գովազդ գնելու դեպքում փաստացի վճարվում է այդ 25 դոլարը, իսկ եթե ընկերությունը Հայաստանում իր ծառայությունների համար պարտավոր լինի ԱԱՀ կիրառել, ապա այդ 25 դոլարին կգումարվի 20 տոկոս ԱԱՀ-ն: 

Տարբեր երկրներում ավելացված արժեքի հարկի կիրառման վերաբերյալ Ֆեյսբուքը պարբերաբար թարմացումներ է անում: Օրինակ` դրանցից մեկում ընկերությունը ծանուցել է. «2020 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած՝ անկախ այն բանից` գովազդ եք գնում բիզնեսի համար, թե անձնական նպատակներով, եթե «վաճառված է» հասցեն գտնվում է Զիմբաբվեում, ձեր Ֆեյսբուքի գովազդի գնման արժեքին մենք ավելացնում ենք ԱԱՀ՝ տեղական հարկի գործող դրույքաչափով»։ 

Ի՞նչն է, ըստ օրենքի նախագծի, համարվում էլեկտրոնային ծառայություն։  

Եթե պարզ բացատրենք, ապա օրենքի այս նախագծով կարգավորվում է Հայաստանում չգրանցված ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկումը։

Ըստ օրինագծի, որպեսզի ծառայությունները համարվեն էլեկտրոնային, դրանք պետք է մատուցվեն տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի (այդ թվում՝ համացանցի) միջոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների պարտադիր օգտագործմամբ։

Թե կոնկրետ որ ծառայություններն են հարկվելու ԱԱՀ-ով, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սահմանելու է Կառավարությունը՝ առանձին ցանկով։ Ցանկը հրապարակվելու է հարկային մարմնի պաշտոնական կայքում: ՊԵԿ կայքում նաև հրապարակվելու է էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը:

Ինչո՞ւ է որոշվել հարկել էլեկտրոնային ծառայությունը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021թ․ օգոստոսի 6-ի Կառավարության նիստում ասել է, որ նոր կարգավորման արդյունքում, իրենց հաշվարկներով, առնվազն 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկ կմտնի պետական բյուջե։ 

Թեև Պետական եկամուտների կոմիտեն որևէ թիվ չի հնչեցրել, բայց կառավարության նույն նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հաստատել է, որ հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է եկամուտներ ԱԱՀ-ի գծով։

Ինչպե՞ս է որոշվելու, որ ծառայությունը ՀՀ տարածքում է մատուցվում։

Եթե ծառայություններ ստացողը կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր է, որը գրանցված կամ հաշվառված է ՀՀ-ում, արդեն իսկ ծառայության մատուցման վայր է համարվում Հայաստանը:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում, օրենքի նախագծի համաձայն, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը տեղորոշելու համար օգտագործվելու է չորս չափանիշ` ֆիզիկական անձի բնակության վայրը, բանկի գտնվելու վայրը, որում բացված հաշիվն օգտագործում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը, նրա կողմից օգտագործված ցանցային (IP) հասցեն, հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը։ 

Ո՞վ է հաշվարկելու և վճարելու ԱԱՀ-ն։ 

ԱԱՀ-ի հաշվարկի ու վճարման գործընթացը ձեռնարկատիրությամբ զբաղվողների և ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար տարբեր է։

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը վճարելու է փաստացի ծառայության արժեքը, իսկ ԱԱՀ-ն փոխանցելու է հարկային մարմնին։ Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի, 2-րդ մասով սահմանված է, որ եթե էլեկտրոնային ծառայություններ ստանում են կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, ապա ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ նույն կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։

Եթե էլեկտրոնային ծառայություններ ստանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, ապա նա չի առնչվելու հարկային մարմնի հետ: Օրինագծի համաձայն՝ ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է էլեկտրոնային ծառայություններ մատուցողը (այսինքն՝ հարկային վարչարարության համար պատասխանատու է, օրինակ, Ֆեյսբուքը): Դրա համար վերջինս պետք է ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով հաշվառվի հարկային մարմնում: Դրանից հետո էլեկտրոնային ծառայություններ մատուցողը յուրաքանչյուր եռամսյակ հարկային մարմնին է ներկայացնելու ԱԱՀ հաշվարկ և վճարելու է այն: 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը 2021թ. օգոստոսի 6-ի Կառավարության նիստում հատնել է, որ նախագծվել է էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանք, որը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնում և ներկայացնել համապատասխան հաշվարկը:

Մարի Թարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *