2021.10.21,

Նյուսրում

Վիրավորանքի և հայհոյանքի համար հարուցվել է 9 քրգործ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

2021թ-ի սեպտեմբերից Հայաստանում հանրային անձին հայհոյելու և ծանր վիրավորանքի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։ Օրենքն ընդունվեց հապճեպ, առանց հանրային քննարկումների և շատ մտագոհությունների տեղիք տվեց։ 

Գործող կարգավորումները տարբեր են՝ տուգանքներից մինչև երեք ամիս ժամկետով կալանք։ Ի պատասխան Media.am-ի հարցմանը, ոստիկանությունից հայտնեցին, որ 137․1 հոդվածով (անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) հարուցվել է 9-ը քրեական գործ, որից 6-ը` անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։

Ըստ օրենքի` հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Թե ինչ չափանիշներով է առանձնանում հայհոյանքն ու ծանր վիրավորանքը, ոստիկանությունը պարզաբանում է՝ «նշված բառերի և արտահայտությունների մեկնաբանությամբ»։

Ոստիկանությունում այս գործերով զբաղվող առանձնացված ստորաբաժանում չկա։ Այլ տեղեկատվություն կառույցը չի կարող տրամադրել ՝նախաքննության շահերից ելնելով։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ այս օրենքի փոփոխության պատմությունը ցույց է տալիս, որ օրենսդրական դաշտում տեղի են ունենում իրավիճակային որոշումներ, որոնք արտացոլում են իշխանության շրջանում տեղեկատվության տարածման շուրջ եղած դժգոհությունները։

Նրա խոսքով, ակնհայտ է նաև, որ նախագծի հեղինակները չեն գնահատել, թե ինչ միտումներ և հետևանքներ կարող են լինել նման կարգավորումների պատճառով.

«Կարծում եմъ չկան կասկածներ, որ այս փոփոխությունն ուղղված է սուր քննադատություններից պաշտպանելու ամենաբարձր պաշտոնյաներին։ Այստեղ մենք գործ ենք ունենում հավասարության սկզբունքի խախտման հետ, որովհետև թեև առանձնացված է հանրային մարդկանց մի քանի շերտեր, սակայն օրենքը պաշտպանելու է հատուկենտ բարձր պաշտոն զբաղեցնողներին»։

Սա, ըստ նրա, հակասում է ժողովրդավար երկրների ստանդարտներին, որովհետև պարզ է, որ իրավապահ մարմիններն այն օգտագործելու են ավելի ջանասիրաբար պաշտպանելու այն պաշտոնատար անձանց, ում հրահանգված է պաշտպանել։

«Սա ցավոտ գործընթաց է հասարակության համար և որպեսզի ծանր հետևանքներ չունենա, լավ կլինի այս փուլում հրաժարվել նման օրենսդրական կարգավորումից։ Եվ եթե մտահոգված են վիրավորանքի և հայհոյանքի տարածմամբ, սկսեն լայն քննարկումներ  փորձագետների հետ»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

ԵՄԱ նախագահի կարծիքով՝ քննարկումները կարևոր են հասկանալու, թե ինչի վրա է պետք դնել շեշտը և հատկապես որ դեպքերն են հանրության ներսում տագնապ առաջացնող․ «Միգուցե միջազգային փորձից ելնելով ավելի նպատակահարմար է կենտրոնանալ ատելության խոսքի վրա, քանի որ այն պաշտպանում է բոլոր քաղաքացիներին»։

Հայհոյանքի և վիրավորանքի քրեականացումից հետո ամենաաղմկահարույց դեպքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ Ֆեյսբուքում վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցված քրգործն էր։ Քայլեր են ձեռնարկում մեկնաբանության հեղինակին հայտնաբերելու, գործը քննում է քննչական կոմիտեն։

Այս դեպքի մասին սոցիալական ցանցերում տարբեր գրառումներ եղան, հիմնականում հումորային, որոշ օգտատերեր կատակում էին, որ պետք է այսուհետ գրածի համար պատրաստ լինել պատասխանատվություն կրել։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ տուգանքով հայհոյանքի, վիրավորանքի, զրպարտության չափաբաժինը ցանցերում չի կարող նվազել։ Ու թեև հիմա որոշակիորեն պակասել է վիրավորանքի քանակը, բայց դա պայմանավորված է ընտրություններից հետո որոշ ֆեյքաբուծարանների փակման հետ։

«Ընդհանրապես այս օրենքը ֆեյսբուքյան ցանցում ոչ մի ռեֆլեքսիա չի առաջացրել, իմաստի տեսանկյունից այն չի քննարկվում, ավելի շատ տարբեր էմոցիոնալ դրսևորումներ կան դրա շուրջ»,- ասում է նա։

Մարտիրոսյանի խոսքով, ի սկզբանե պարզ էր, որ այս կարգավորումը չի կարող աշխատել, չկան մեխանիզմներ, այն ընդամենը ներքաղաքական պայքարի ինչ-որ գործիք է․ «Սա արդարադատության գործիք է իշխանության համար և ամենևին ուղղված չէ հանրային առողջության պահպանմանը»։

Ցանցերը, օնլայն տիրույթը, ըստ նրա, լայն հասկացություն է և պարզ չէ ամենակարևոր հարցը՝ ինչպես են նույնականացնելու վիրավորանքի հեղինակին, եթե հիմնականում հայհոյում և վիրավորում են ֆեյքերը։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ին՝ հաշվի առելով ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Զրպարտությունն ու վիրավորանքը կրկին քրեականցնելու առաջարկությունն արել է Գլխավոր դատախազությունը։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *