2021.05.11,

Նյուսրում

Դատական պրոցես սլոթերի մրցույթի շուրջ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը դատական հայցեր էր ներկայացնել ընդդեմ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։

2021-ի հունվարի 15-ին ամփոփոված մրցույթի արդյունքերով, այդ ալիքը չէր ստացել հնարավորություն ընդգրկվելու հանրային մուլտիպլեքսում և շարունակելու վերգետնյա հեռարձակումը ողջ հանրապետության տարածքում։

«Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ն մեկ դատական հայցով պահանջում է, որ անվավեր ճանաչվի Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթը, հետևաբար նաև՝ իր եթերազրկումը։

Իսկ երկրորդ հայցով պահանջում է իրեն ճանաչել հաղթող այդ մրցույթում և տրամադրել հեռարձակման լիցենզիա։

Երկու հայցերն էլ դատարանը բավարարել է՝ պահանջելով, որ  վերացվեն ՀՌՀ-ի որոշումները և պարտավորեցնելով ՀՌՀ-ին «Հ2»-ին ճանաչել այդ մրցույթի հաղթող։

Հիմնավորումն այն է, որ նախապես հայտարարված մրցույթի սլոթերի քանակը փոփոխվել է։ Նախկինում հանրապետական սլոթերը 6-ն էին, սակայն միջպետական պայմանագրի արդյունքում դարձան 5, ինչն էլ պատճառ հանդիսացավ թեկնածու ալիքների նկատելի մրցակցության։

Միջպետական պայմանագրով (որն ավելի բարձր մակարդակի փաստաթուղթ է, քան ՀՌՀ-ի որոշումը) մեկ հանրապետական և երկու մայրաքաղաքային սլոթերը տրամադրվեցին ռուսաստանյան ալիքներին, այն էլ առանց որևէ մրցույթի և անվճար։ Եվ դա իրոք ազդեց ողջ մրցույթի տրամաբանության վրա։ Ավելին, ձևավորեց կախվածություն օտար պետության հեռարձակման քաղաքականությունից։

Բայց խնդիրն այն է, որ միջպետական պայմանագիրը հնարավոր չէ հետ շրջել ու վերականգնել սլոթերի նախնական քանակը։ Եվ այսպես թե այնպես միշտ կլինի որևէ հեռուսատաընկերություն, որը մրցույթից դուրս կմնա։

Հիմա ՀՀ վարչական դատարանը եզրակացրել է, որ պետք է անցկացնել Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման նոր մրցույթ և «Հ2»-ին նոր մրցույթում ճանաչել հաղթող։

ՀՌՀ-ն այդ որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում։ 

Կարելի է ենթադրել, որ դատական այս շրջապտույտը կտևի երկար (անգամ տարիներ), քանի որ բողոքարկումներն ու հակընդդեմ հայցերը արագ չեն ավարտվի։ Չի բացառվում նաև, որ գործը հասնի Վճռաբեկ դատարան։ 

«Հ2»-ի եթերազրկումը ստանում է քաղաքական երանգ, իսկ դատական համակարգը դա ընդգծում է՝ լավ հասկանալով, որ միջպետական պայմագրերը հետադարձ ուժ չունեն, բայց կարող են դառնալ առիթ խոսելու անարդար մրցույթից։    

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *