Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ օտարերկրացիների համար Արցախ մուտք գործելու ընթացակարգը փոխվում է։ Այժմ մուտքի թույլտվության համար Արցախի իշխանություններին դիմած անձանց մասին տեղեկությունը կփոխանցվի նաև ռուս խաղաղախահներին։
Media.am-ը վերհիշում է երկու դեպք, երբ հայտնի արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողներին արգելվեց մուտքը Արցախ։ Պատմում ենք նաև, թե ինչպես է փոխվել մուտք գործելու ընթացակարգը։
Լսարանի քննադատությունը
Մամուլի ազատության օրվան նվիրված իր ուղերձում արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ազատությունը համարեց Հայաստանի կարևորագույն նվաճումներից մեկը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է «լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում»:
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ լրատվամիջոցների գործունեության խոչընդոտներ, սակայն, եղան։
Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում և Արցախում աշխատելու համար պետք է հավատարմագիր ստանային երկու ԱԳ նախարարություններից։ Ըստ Հայաստանի ԱԳՆ տվյալների՝ պատերազմի ընթացքում դիմած 600-ից ավելի միջազգային լրագրողները ստացել են հավատարմագրերը։ Արձանագրվել է միայն մեկ հավատարմագրի կասեցման դեպք, որը վերաբերվում էր ռուս լրագրող Իլյա Ազարին։
Ազարը առաջին անգամ չէր լուսաբանում Հայաստանը և Արցախը։ Նա Արցախում էր 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իսկ 2018-ի հեղափոխության ժամանակ նա մանրամասն ռեպորտաժներ էր հրապարակում երևանյան ցույցերից, որոնք կարդում էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Այս ռեպորտաժները ցույցերին տիրող մթնոլորտը ներկայացնում էին մասնակիցների պատմությունների, կարծիքների, ինչպես նաև հեղինակի տպավորությունների միջոցով։
2020-ի պատերազմի ժամանակ Ազարը մեկնեց Արցախ և նույն ոճի ռեպորտաժներ սկսեց գրել այնտեղից։ Հոկտեմբերի 7-ին հրապարակված «Война у южных ворот» հոդվածում Ազարը զրուցում էր Շուշիում և Լաչինում գտնվող մարդկանց հետ և փոխանցել նրանց պատմությունները։ Այդպես, գյումրեցի մի տղամարդ Ազարին պատմում էր․ «Նրանք [Հայաստանի իշխանությունները] խաբո՛ւմ են մարդկանց։ Նրանք 18 տարեկան զինվորներին կռիվ են ուղարկել միայն ինքնաձիգերով։ [Ասում են]․ «Կներեք՝ փամփուշտ չկա, կներեք՝ տանկ չկա»»։
Այս հոդվածը դարձավ Ազարի՝ Հայաստանի մասին ամենաընթերցված ռեպորտաժը․ «Новая газета»-ի կայքում․ այն կարդացին շուրջ 260,000 անգամ։ Սոցցանցերի հայ օգտատերերը խիստ քննադատեցին Ազարին՝ նրան մեղադրելով իրավիճակը սխալ և կողմնակալ ներկայացնելու մեջ։
Կարևոր է հիշել, որ այդ ժամանակ Արցախից դուրս հայ հասարակությունը շատ սուղ տեղեկություն էր ստանում պաշտոնական աղբյուրներից, հիմնականում՝ «Հաղթելու ենք» կարգախոսներ։ Իսկ տեղացի լրագրողները աշխատում էին պետական, լսարանի և ինքնագրաքննության պայմաններում։
Իլյա Ազարի հոդվածի հրապարակման հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նրան զրկել են հավատարմագրից։ «Новая газета»-ն գրեց, որ Ազարի հետ կապվել են ԱԳ նախարարությունից և պահանջել, որ հեռացնի հանրային բողոք առաջացրած ռեպորտաժը, ինչը նա հրաժարվել է անել։
Media.am-ի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց, որ Իլյա Ազարը Արցախ մուտք էր գործել առանց թույլտվության։ Նա անցել էր Հայաստանի ԱԳՆ հավատարմագրումը (և կարող էր աշխատել Հայաստանի տարածքում), բայց չէր դիմել Արցախի ԱԳՆ՝ Արցախի տարածքում աշխատելու թույլտվություն ունենալու համար։ «Նրան ասել էինք, որ նա նաև արցախյան կողմի հավատարմագրումը պետք է ունենա [․․․], բայց առանց դիմելու գնացել է այնտեղ։ Որևէ երկրում առանց թույլտվության լրագրողները պատերազմական գոտի չեն կարող գնալ, դա միջազգային ընդունված կարգ է», – ասաց Աննա Նաղդալյանը։
«Новая газета»-ն իր հերթին նշում էր, որ Ազարին հայկական կողմը հասկացրել է, որ հավատարմագրումից զրկելու իրական պատճառը հանրության բացասական արձագանքին արժանացած «Война у южных ворот» հոդվածն էր։
Ազարի խոսքով՝ 2011 թվականից նրան արգելված է նաև մուտքը Ադրբեջան՝ նախկինում Արցախ այցելելու պատճառով։
Արգելք՝ առանց բացատրության
Մեկ այլ լրագրող, որի մուտքը արգելեց թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը, Eurasianet.org կայքի Կովկասի գծով խմբագիր Ջոշուա Կուչերան էր։ Հոկտեմբերի 30-ին Կուչերան գրեց, որ նրան հրաժարվել են հավատարմագիր տրամադրել՝ առանց որևէ պատճառ նշելու։ Մեր հարցմանն ի պատախան Արցախի ԱԳՆ-ն նույնպես որևէ պատճառ չնշեց։
Eurasianet.org կայքի խմբագիրը նախկինում էլ այցելել է Արցախ։ Media.am-ի հետ զրույցում Կուչերան նշեց, որ տեղեկացրել էր ադրբեջանական կողմին այցի մասին, քանի որ հակառակ դեպքում նա խնդիրներ կունենար Ադրբեջան մուտք գործելուց։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ասել էր, որ նրա այցին առարկություն չի եղել, քանի որ Eurasianet.org-ի կողմից «ցուցաբերվել է հարգանք Ադրբեջանի օրենքների և տարածքային ամբողջականության հանդեպ»։ Չնայած դրան, պատերազմի ժամանակ Ադրբեջանը իր տարածք մուտք գործելու թույլտվություն Ջոշուա Կուչերային չտրամադրեց։
Մեկնաբանելով ադրբեջանական և հայկական կողմի արգելքները Կուչերան նշեց․ «Սա ուղղակի իշխելու համար խաղեր են երկու կողմից էլ, որի միակ արդյունքը անկախ լրագրությունը դժվարացնելն է»։
Ռուս խաղաղապահները կտեղեկացվեն մուտքի թույլտվության դիմումների մասին
2021-ի փետրվարից փոխվեց օտարերկրացիների, այդ թվում՝ օտարերկրյա լրագրողների Արցախ մուտքի ընթացակարգը։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թույլտվություն ստանալու համար լրագրողները պետք է դիմեն Արցախի ԱԳՆ։ Բայց այժմ ԱԳՆ-ն այդ դիմումների մասին տեղեկությունը կտրամադրի նաև ռուս խաղաղապահներին։
Վերջին օրերին սոցցանցերում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ նույնիսկ վիզա ստացած օտարերկրացիները դժվարություններ են ունենում կամ չեն կարողանում մուտք գործել Արցախ։ Լրագրող Նիլ Հաուերը գրեց, որ զրուցել է մի խումբ լրագրողների հետ, որոնք թև ունեցել են պահանջվող բոլոր փաստաթղթերը, չեն կարողացել մտնել Արցախ։ Կինովավերագրող Սեդա Գրիգորյանն էլ Ֆեյսբուքում գրեց, որ հայ-արտասահմանյան խումբը դժվարություններ է ունեցել, քանի որ մի քանի անգամ ստիպված են եղել անցակետերում բանակցել խաղաղապահների հետ՝ օտարեկրյա քաղաքացիների մուտքի համար։
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը Media.am-ի հետ զրույցում նշեց, որ անցակետերում դժվարությունները համակարգային չեն։ «Այդ հայտերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվում է նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, որի հիմնական նպատակն է ապահովել մուտքի թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների անարգել, անխոչընդոտ և անվտանգ մուտքը Արցախի Հանրապետության տարածք, – նշեց Ներսիսյանը։ – Այս մեխանիզմը ներդրման փուլում է գտնվում, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվում կատարելագործելու այս մեխանիզմը»։
Կարինե Ղազարյան
* Հոդվածում կատարվել է փոփոխություն։ Նախկին տարբերակում նշվում էր, որ Eurasianet.org կայքի խմբագիր Ջոշուա Կուչերան դիմել է ադրբեջանական կողմին՝ Արցախ մուտքի թույլտվություն ստանալու համար։ Այս տեղեկությունը սխալ էր։ Ուղղումը կատարվել է փետրվարի 17-ին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: