2021.01.15,

Նյուսրում

Հեռարձակող ալիքների ցանկում կլինեն փոփոխություններ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2021-ից Հայաստանի ողջ տարածքում հեռարձակվելու են Հանրայինը, «Արմենիա»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «Ա-ԹիՎի»-ն, «Կենտրոն»-ը և «РТР-Планета»-ն։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ ՀՌՀ, հունվարի 14-ին և 15-ին ամփոփեց հանրային մուլտիպլեքսում մարզային, համապետական և մայրաքաղաքային հեռարձակողների լիցենզավորման (սլոթի) մրցույթի արդյունքները։ Այս մրցույթը նոր կանոնների համաձայն է  որոշելու, թե որ ալիքներն են տեղ գտնելու հանրային մուլտիպլեքսում առաջիկա յոթ տարիների ընթացքում։

ՀՌՀ անդամները ուղիղ եթերում ներկայացրեցին վարկանիշային միավորները, որոնց համաձայն գնահատվել են հեռուստաընկերությունների հայտերը։ Չափանիշները հետևյալն են․

  • Սեփական արտադրության հաղորդումների գերակայություն
  • Հայերեն հաղորդումների գերակայություն
  • Բազմակարծությունը խթանելու կարողություն
  • Տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ
  • Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն
  • Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը ուղղված հաղորդումների գերակայություն:

Վարկանիշային միավորների առավելագույն գումարը 840 է: Իսկ նվազագույնը, որը չհաղթահարելու դեպքում հեռուստաընկերությունը դուրս է մնում լիցենզավորման մրցույթից, 280 միավորն է (առավելագույնի մեկ երրորդը):

Եվ քանի որ միավորների գումարն է ինքնաբերաբար որոշելու, թե որ ալիքը ինչ մեծության սփռման սլոթ է ստանալու (շատ միավորները ապահովելու են հանրապետական սփռման սլոթ, ավելի պակաս միավորները՝ մայրաքաղաքային), ապա վարկանիշների ցուցակը ստացվեց այսպիսին․

«Արմենիա» («Արմենիա թիվի» ՓԲԸ)՝ 713,

«Երկիր մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ)՝ 688,

«Շանթ» («Շանթ» ՍՊԸ)՝ 680,

«Ա-ԹիՎի» («Ա ԹՎ» ՍՊԸ)՝ 670,

«Կենտրոն TV» («Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի» ՓԲԸ)՝ 663,

«5-րդ ալիք» («Շարկ» ՍՊԸ)՝ 657,

«հ2»՝ 626,

«Արմնյուզ» («Արմնյուզ ՓԲԸ»)՝ 613,

«Ա1+» («Մելտեքս» ՍՊԸ)՝ 545,

«Freenews» («Ֆրի Նյուզ» ՍՊԸ)՝ 531,

Համապետական սփռման սլոթերը 5-ն են, մայրաքաղաքայինը՝ 7-ը։ Հետևաբար, առաջին հինգ հորիզոնականները զբաղեցնողները կստանան համապետական սփռման սլոթ։

Նախկինում հայտարարվել էր, որ հանրային մուլտիպլեքսում համապետական սփռման սլոթերը 6-ն էին, իսկ մայրաքաղաքային սփռման սլոթերը՝ 9-ը։ Բայց 2020-ի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվեց «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր և հանրային մուլտիպլեքսում երեք սլոթ հատկացվեց ռուսաստանյան հեռուստաալիքներին՝ «РТР-Планета»-ն կհեռարձակվի Հայաստանի ամբողջ տարածքում, իսկ «Россия-Культура»-ն ու «Первый канал. Всемирная Сеть»-ը՝ Երևանում։

Այդպիսով սլոթերի քանակը պակասեց։ Նաև առանց մրցույթի համապետական սփռման սլոթ է ստանալու Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։

ՀՌՀ-ը դեռ չի հայտարարել իր վերջնական որոշման մասին, բայց ըստ վարկանիշների ստացվում է, որ ՀՀ ողջ տարածքում հեռարձակվելու են Հանրայինը, «Արմենիա»-ն, «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «Ա-ԹիՎի»-ն, «Կենտրոն»-ը։

Ընդհանրապես մրցույթից դուրս մնացին երկու հեռուստաընկերություն, որոնք հավակնում էին բացառապես համապետական սփռման սլոթերին ու չէին պատկերացնում, որ կարող են հեռարձակվել միայն Երևանում։ Դրանք են «հ2»-ը և «Ա1+»-ը։ Թեև երկուսի հավաքած միավորները բավարար էին մայրաքաղաքային սփռման սլոթի համար, բայց նրանք չեն ստանա եթեր։ Երկու ալիքներն էլ ուզում էին առավելագույնը, ինչը չստացան։

Արդյունքում՝ մայրաքաղաքային սփռում կունենան «ԹիՎի 5»-ը, «Արմնյուզ»-ը, «Freenews»-ը։ Դրանց կմիանան նաև այն հեռուստաընկերությունները, որոնք միայն մայրաքաղաքային սլոթի հայտ են ներկայացրել ու հավաքել բավարար միավորներ։ Դրանք են՝ «Դար 21»-ը («Դար-21» ՓԲԸ)՝ 492 միավոր, «Առփի մեդիա»-ն (նախկինում կաբելային հեռուստաալիք)՝ 542 միավոր, «Նոր Հայաստան»-ը («Մո ԹիՎԻ մեդիա հոլդինգ» ՓԲԸ)՝ 463 միավոր:

«Շանթ սպորտ» ալիքը («Շանթ» ՍՊԸ) միակն է, որը չի հավաքել բավարար միավորներ (216) և դուրս է մնացել մայրաքաղաքային սլոթերի մրցույթից։

Մրցույթին մասնակցելուց հրաժարվել են մինչ այդ հայտ ներկայացրած Հանրային հեռուստաընկերությունը, որը ցանկանում էր նոր լրատվական ալիք հիմնել և «1in.am»-ը։ Մրցույթին չմասնակցեց նաև «Ար» հեռուստաընկերությունը։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը միավորները ներկայացնելուց հետո ասաց․ «Հույս հայտնեմ, որ արտոնագիր ստացած հեռուստաընկերությունները կզգան իրենց սոցիալական առաքելությունը, կհեռարձակեն հանրային պահանջմունքների բազմազանությունը, կհամապատասխանեն տեխնիկական և արտադրական բարձր ստանդարտներին և կճանաչեն հեռուստատեսության ճանաչողական և գիտելիք տարածելու դերը»։

Իսկ հունվարի 14-ին ամփոփվեց մարզային սլոթերի մրցույթը, ըստ որի՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում յուրաքանչյուր մարզից տեղ կգտնի մեկական ալիք։

Արագածոտն մարզում սլոթ կստանա «Դելտա թիվի»-ն, որը հավաքել է 674 միավոր, իսկ «Պրոգրես Մեդիա»-ն՝ 619։

Արմավիրում հաղթողը «Արանեա»-ն է (435), «ԱԼՏ» հեռուստախմբագրությունը հավաքել է 292 միավոր։

Լոռիում միանգամից երեք հեռուստաընկերություն էին հայտ ներկայացրել։ Առավելագույն միավորները հավաքեց «Ֆորտունա»-ն՝ 673, «Լոռի թիվի»-ն՝ 529, «Անկյուն գումարած 3»-ը՝ 482։

Շիրակում առաջատարը «Ցայգ»-ն է՝ 589 միավորով, «Շանթ թիմ»-ը հավաքեց 492-ը։

Սյունիքում սլոթ կստանա «Զանգեզուր»-ը՝ 573 միավոր։ Տավուշում՝ «Տավուշ մեդիա»-ն՝ 502 միավոր։ Գեղարքունիքում՝ «Գավառ»-ը՝ 622 միավոր։ Կոտայքում «Կոտայք թիվի»-ն՝ 498 միավոր։

Արարատի և Վայոց ձորի մարզերից հայտեր չեն եղել, ՀՌՀ-ն նոր մրցույթներ է հայտարարել։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *