2020.11.18,

Նյուսրում

Հանրայինի գործադիր տնօրենը վստահեցնում է, որ նոր ստեղծվող լրատվական ալիքը չի լինի քարոզչական

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է բացառապես լուրեր թողարկող լրատվական ալիք ստեղծել:

Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարեց Հանրային հեռուստատեսության նորանշանակ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ ներկայացնելով նոր ալիքի գաղափարը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, որտեղ հավաքագրվում են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտերը:

Նա հիմնավորեց այդ գաղափարը վերջին տարիներին Հանրայինի լրատվական թողարկումների հանդեպ վստահության աճով.

«Հանրայինը պատերազմի ընթացքում առավել կենտրոնացավ լրատվական գործունեության վրա: Եվ մենք հասկացանք, որ պետք է ունենանք լրատվական հեռուստաընկերություն… Հիմա էլ Հանրայինի հաղորդումների կեսը լրատվական թողարկումներ են, որոնք ունեն պահանջարկ»:

Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ պահպանելու են օբյեկտիվությունը և ուղղորդվելու են հանրային շահերով՝ ներկայացնելով տարբեր քաղաքական տեսակետներ:

«Ես վստահեցնում եմ, որ դա չի լինի քարոզչություն», – հայտնեց նա:

Նոր ալիքի ուղղություններն են լինելու`

  • Լրատվական թողարկումներ՝ ժամը մեկ պարբերականությամբ,
  • Ուղիղ հեռարձակումների ապահովում, հիմա և այստեղ կատարվող իրադարձությունների մասին տեղեկացում,
  • Օրենսդիր և գործադիր մարմինների գործունեության ոչ միայն լուսաբանում, այլև վերլուծական-բացատրական բովանդակության ստեղծում: Նախատեսվում է որոշումները, օրենքները ներկայացնել տեղում ստեղծված ստուդիաներում և հեռարձակել օնլայն ռեժիմով,
  • Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի մասին իրազեկում՝ վերհանելով տեղական խնդիրները: Դա կարվի մարզային թղթակիցների ուժերով,
  • Եթերաժամեր միջազգային մեդիայի և Սփյուռքի համագործակցությամբ,
  • Արցախի ժամ, որի բովանդակությունը պատրաստելու է  Արցախի հանրային հեռուստատեսությունը:

«Մինչ այդ օրական մեկ կամ երկու ռեպորտաժ է հեռարձակվել Արցախից, մինչդեռ, ես կարծում եմ, որ Արցախի ներուժը շատ ավելի մեծ է և պետք է փորձենք դա լրացնել լրատվական ալիքի եթերում»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը:

Հանրայինի լրատվական ալիքի եթերում կլինեն նաև հարցազրույցներ, բանավեճեր: Նոր գործադիր տնօրենը կարծում է, որ «այս պահին Հանրայինը լրատվական-քաղաքական իմաստով նոր ֆորմատների պակաս ունի»: Հետագայում նախատեսվում է ստուդիաներ ունենալ Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում:

«Այս պահին եղած Հանրայինի լրատվական ծառայությունը գրեթե կրկնապատվելու է»,- հայտարարեց Հովհաննես Մովսիսյանը:

Հետո ավելացրեց, որ ստեղծելու են մեդիա դպրոց, որտեղ հիմնական շեշտադրումը կլինի լրագրողական ու հաղորդավարական կրթությունը.

«Փորձելու ենք նոր տաղանդներ գտնել և ներգրավել եթերում, սա կօգնի մեզ նոր կադրեր տրամադրել ընդհանուր մեդիա դաշտին»:

ՀՌՀ-ում խոսեց նաև Հանրային հեռուստատեսության ներկայացուցիչ Կարեն Թաթարյանը, որը մեջբերեց տվյալներ: Օրինակ, խաղաղ ժամանակներում Հանրայինում լրատվությունը կազմել է 11%, իսկ 2020-ին հասել 37%-ի:

«2020 թվականը ցույց տվեց, որ ֆորս մաժորային իրադարձությունները անընդհատ մեկը մյուսին փոխարինելով, հետապնդում են մեզ»,- դրանով նա բացատրեց Հանրայինի եթերի տրամաբանության ու կառուցվածքի փոփոխությունը: Նախ՝ գարնանը՝ քովիդի պատճառով, իսկ հետո աշնանը՝ պատերազմով պայմանավորված:

«Հանրայինի օրենքով սահմանված տարբեր պարտավորություններ մղվեցին երկրորդ պլան, և լրատվության ծավալը մեծացավ… Կարելի է ասել, որ լրատվությունը մեր հիմնական բովանդակությունն է: Լրատվական ալիքի ստեղծումը կօգնի կատարել մեր այլ պարտավորություններ»,- ասաց նա:

Հովհաննես Մովսիսյանը խոսեց նաև ավելի մեծ ծրագրերի ու ապագայում մի քանի այլ ալիքների ստեղծման մասին.

«Լրատվական հեռուստաընկերության ստեղծումը ըստ էության Հանրայինի զարգացման ծրագրերի բաղկացուցիչներից մեկն է, առաջին քայլը: Մենք պատրաստվում ենք նաև նոր հեռուստաընկերություններ ստեղծել կաբելային ցանցում»:

2021-ի հունվարին պարզ կլինի, թե ինչ ալիքներ կստանան հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորում, յոթ տարվա ժամկետով:

Երկու ամսվա ընթացքում դրա պատասխանը կտա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *