2020.10.01,

Նյուսրում

Ֆրանսիացի և հայ լրագրողները ադրբեջանական հրետակոծության տակ․ լրացվող

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, կա երկու վիրավոր, նախնական տվյալներով, երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Լրագրողներից մեկը՝ Ալան Կավալն այժմ Ստեփանակերտում վիրահատվում է, նրա վիճակը ծանր է:

Մյուս լրագրողը՝ Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը, վիրահատվում է Մարտունի քաղաքում, նրա վիճակը այդքան էլ ծանր չէ։ Ֆրանսիացի գործընկերներին ուղեկցող անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը Hetq.am-ի հետ զրույցում ասել է, որ նկարահանումների ժամանակ իրենց ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է:

Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ տուժել են նաև հայ լրագրողներ: Թեթև վնասվածք է ստացել «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը: 

Հրետակոծության տակ է հայտնվել նաև «Սիվիլնեթի» նկարահանող խումբը, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Դմիտրի Ելովսկին նույնպես հրետակոծության տակ է հայտնվել։ Նրան տեղափոխել են ռմբապաստարան։ 

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում: 

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության, լրագրողները հաստատապես չեն եղել առաջնագծում, նրանք տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրետակոծության ժամանակ:

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները տարածել են հայտարարություն և կոչ արել միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից: Ինչպես նաև
ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար։

Համաձայն Ժնևի կոնվենցիայի, զինված բախումների գոտում մասնագիտական պարտքը կատարող լրագրողները պետք է դիտվեն որպես քաղաքացիականներ, եթե նրանք այս կարգավիճակին հակասող որևէ քայլ չեն կատարել: Օրինակ, եթե նրանք զինվորական համազգեստ չեն հագել կամ զենք չեն վերցրել:

Լրագրողները, այն պետության կառավարության կողմից, որի քաղաքացին են կամ որտեղ ապրում են կամ տեղակայված է նրանց տեղեկատվական գործակալությունը, ստանում են վկայական, որտեղ նշված է, որ քաղաքացին լրագրող է և ունի կարգավիճակ:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին փաստաթուղթը, որը պաշտպանում է լրագրողներին պատերազմական իրավիճակներում, ընդունվել է 2015-ին:

Այն կոչ է անում պետություններին` քայլեր ձեռնարկել պաշտպանելու լրագրողներին, մարտական գործողությունների ժամանակ չթիրախավորելու, իսկ գերի վերցվելու պարագայում նրանց վերաբերվելու որպես քաղաքացիական անձանց։

Լրագրողների անվտանգության հարցերով զբաղվում է նաև Միջազգային կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպությունը, որը ցուցաբերում է բացառապես մարդասիրական օգնություն: 

Նման իրավիճակներում ԿԽՄԿ-ն կարող է տարատեսակ աջակցություն ցուցաբերել՝ ստանալ տեղեկություն լրագրողի հավանական ձերբակալության մասին, տրամադրել տեղեկություն լրագրողի գտնվելու վայրի մասին, իրականացնել ակտիվ որոնողական աշխատանք կամ էլ առաջին օգնություն ցուցաբերել վիրավորված լրագրողներին:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *