2020.09.22,

Նյուսրում

«Նույնականացման մեդիավկայականներ» ունեն օնլայն լրատվամիջոցների ընդամենը 15%-ը

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնում փորձել են պատասխանել շատերին հետաքրքրող մի հարցի՝ ու՞մն է այս կամ այն լրատվամիջոցը, ենթադրենք ԶԼՄ.am-ը։

Կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ Հայաստանում հաճախակի են օնլայն հարթակներ բացվում և շատերին է հետաքրքրում, թե դա ինչ է՝ լրատվամիջո՞ց, թե՞ այլ կայք, ինչ առանձնահատկություն ունի այն, ով է հիմնադիրը և այլն։ Այդ հարցերը, նրա կարծիքով, տալիս են ոչ միայն հետազոտողներն ու լրագրողները, այլ նաև լսարանը։ 

Ի տարբերություն լրագրողների, որոնք կարողանում են  այդ հարցերի պատասխանները գտնել, լսարանի համար դա շատ ավելի դժվար է։ 

Հայաստանի օնլայն ԶԼՄ-ների «նույնականացման վկայականները» հետազոտության մեջ ուսումնասիրվել են 60 օնլայն հարթակներ, որոնցից շատերը չեն ներկայացնում իրենց մասին լիարժեք տեղեկություններ:

«Սկզբում կարծում էի, թե այդ վիճակը միայն նոր բացված լրատվամիջոցներում է, բայց երբ ուսումնասիրեցի, պարզվեց, որ տասնամյակներով գործող ու բոլորին ծանոթ լրատվամիջոցներն էլ են շատ փնթի այդ հարցում։ Բացարձակ ոչ մի դժվարություն չի ներկայացնում ցույց տալ, թե երբվանից են գործում, որտեղ են, կոնտակտներ տալ և այլն։ Ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ 60 օնլայն հարթակ եմ հաշվարկել։ Իհարկե կային կայքեր, որոնք իմ սահմանած չափանիշներով, դժվարությամբ կհամարեի ԶԼՄ, թեև իրենք իրենց այդպես են համարում», – ասում է նա։ 

Լաուրա Բաղդասարյանի կարծիքով՝ օնլայն հարթակների կարգավորման կարիք կա․ օրենքով սահմանված պահանջը դեռևս 2003-ին ընդունված, բայց բոլորը չէ, որ կատարում են այն․ «Թափանցիկությունը սեփական կոնտենտի համար պատասխանատվություն է նաև սեփական լսարանի առաջ»։ 

Հետազոտության ժամանակ սահմանվել է օնլայն ԶԼՄ-ներն այլ հարթակներից տարբերելու հետևյալ երեքի միաժամանակ առկայության սկզբունքը՝ բացի սոցիալական մեդիայում էջերից նաև մայր կայքերի գոյությունը, մայր կայքերում հասարակական-քաղաքական բնույթի ամենօրյա լրահոսի առկայությունը, էքսկլյուզիվ/ հեղինակային/ խմբագրական նյութերի առկայությունը։

Պարզվել է, որ բոլոր ԶԼՄ-ները գործում են որպես հանրապետական տեղեկատվական ծածկ ապահովող հարթակներ, դրանցից ոչ մեկը տեղական, լոկալ ծագման չէ։ 

Ներկայումս գործող «Զանգվածային լրատվության մասին» օրենքով՝ պարտադիր պահանջ է թողարկային տվյալները հրապարակելը բոլոր տեսակի ԶԼՄ-ների համար։ 

Լաուրա Բաղդասարյանը պարզել է, որ 60 լրատվամիջոցից ընդամենը 9-ն (15%) են հանդես գալիս ամբողջովին լրացված «նույնականացման մեդիավկայականներով»՝ լսարաններին ներկայացնելով իրենց գործունեության մեկնարկի տարեթիվը, խմբագրի/խմբագրակազմի անունները, հիմնադիր մարմինը, խմբագրության հետ կապ հաստատելու տեղեկությունները՝ հեռախոսը, հասցեն, էլհասցեն։ Դրանք են՝ Aravot.am-ը, Armtimes.com-ը, Golosarmenii.am-ը, Hetq.am-ը, Iravunk.com-ը, Mediamax.am-ը, NV.am (Новое время), Paradiplomacy.am-ը, Tert.am-ը։

60-ից 48 լրատվամիջոց հրապարակվում է մասնակի թողարկային տվյալներով՝ ներկայացնելով ողջ փաթեթից գոնե 1 պարտադիր տեղեկատվություն։

Բացարձակապես ոչ մի թողարկային տվյալ չեն նշում Freenews.am, 365news.am, Medialab.am հարթակները։ Չնայած, որ 365news.am-ը կայքում ունի խմբագրությանը նամակ գրելու պատուհան, իսկ Medialab.am-ը՝ «Մեր մասին» բաժին, որը լրացված չէ որևէ տեղեկատվությամբ։ Medialab.am-ը միակը չէ, որի «Մեր մասին» բաժինը դատարկ է։

Հարթակներում հաճախ հանդիպող տվյալը՝ էլեկտրոնային փոստի հասցեն նշված է լրատվամիջոցների 88%-ում, խմբագրության որևէ մեկ հեռախոսի համարը՝ 87%-ում։ 

Երրորդ տեղում ամենից հաճախ հանդիպող տեղեկություններից է գործունեության մեկնարկի տարեթիվը։ Այս տվյալն իրենց հարթակներում նշում է 70%-ը։

Խմբագրության ֆիզիկական հասցեն չի նշում լրատվամիջոցների 42%-ը։

70%-ը չի նշում իրենց արտադրանքի համար պատասխանատուի՝ խմբագրի, խմբագրակազմի անունները, իսկ 63%-ն էլ չի նշում իրենց հիմնադիր մարմնի կամ անձի անունը։ 

Լրատվամիջոցների մեծամասնությունը չի մոռանում գրել իրենց հեղինակային իրավունքի պաշտպանության կանոնների մասին։ Մի շարք լրատվամիջոցների դեպքում դրանք մանրամասն շարադրված ուղեցույցի բնույթի են։ 

«Տարբեր ԶԼՄ ղեկավարների հետ զրույցներից պարզել եմ, որ մի շարք լրատվամիջոցներ ունեն մշակված էթիկայի վարքականոններ, բայց գերադասում են դրանք պահել կորպորատիվ, ներքին խոհանոցի տիրույթում։ Սակայն կան նաև 3 ԶԼՄ-ներ ( Hetq.am-ը, Aravot.am-ը, Lragir.am-ը), որոնք հրապարակել են իրենց էթիկայի կանոնագրերը և գործում են այս իմաստով լսարանների առաջ բաց խաղաքարտերով», – ասվում է հետազոտության մեջ։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *