Սեպտեմբերի 22-ին հայտարարվելու է մրցույթ’ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու համար:
Հայաստանի վերգետնյա հեռարձակողները մասնակցելու են մրցույթին համաձայն նոր օրենքի, որը շատ արագ մշակվեց ու ընդունվեց մեկ ամիս առաջ: Օրենքի արագ ընդունման պատճառներից մեկը նաև այն էր, որ նախորդ՝ 2011թ․-ից տրամադրված լիցենզիաների ժամկետներն ավարտվում են 2021-ի հունվարին, իսկ մրցույթը պետք է անցկացնել դրանից չորս ամիս առաջ:
Եվ պետությունը նպատակ էր դրել մրցույթն անցկացնել արդեն նոր օրենսդրական դրույթների պայմաններում:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել 2020-ի օգոստոսի 7-ին, սահմանել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգ:
Եվ քանի որ Հայաստանում դեռևս չեն ձևավորվել մասնավոր մուլտիպլեքսներ, հանրային մուլտիպլեքսը մնում է միակ հեռարձակման թվային ցանցը, որի 100%-ը պատկանում է պետությանը:
Սլոթերը (մուլտիպլեքսային ցանցի հոսքի մի մասը, որը համապատասխանում է մեկ հեռուստաընկերության ծրագրերին) հետևյալն են.
- Հանրապետական հեռարձակում – 6 սլոթ
- Մայրաքաղաքային հեռարձակում- 9 սլոթ
- Մարզային հեռարձակում- 10 սլոթ, յուրաքանչյուր մարզում մեկական:
Հանրային մուլտիպլեքսում կարող են հայտնվել օտարերկրյա հեռարձակողներ միայն միջպետական պայմանագրերի առկայության դեպքում:
Այժմ հայտնի է, որ նման պայմանագրի համաձայն՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում 2021-ից սկսած ներառվելու է ռուսաստանյան ВГТРК ալիքը (ամերիկյան CNN-ը և ռուսաստանյան «Առաջին ալիքը» նախորդ տարիների պես, այլևս այդ ցանկում չեն լինի):
Մուլտիպլեքսում տեղ ունի նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը՝ առանց որևէ մրցույթի:
Մրցույթը անցկացնելու և հայտերը գնահատելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ):
Մրցույթի պայմանները
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը լինելու է ըստ վեց չափանիշներով սահմանվող գնահատականների․
- Սեփական արտադրության հաղորդումների գերակայություն
- Հայերեն հաղորդումների գերակայություն
- Բազմակարծությունը խթանելու կարողություն
- Տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ
- Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածություն
- Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը ուղղված հաղորդումների գերակայություն:
Յուրաքանչյուր չափանիշ կարող է գնահատվել առավելագույնը 20 վարկանիշային միավորով, հետագայում միավորները կգումարվեն:
Այս կարգը նման է բուհական միասնական քննության կարգին, երբ մրցույթի մասնակիցները ոչ թե դիմում են կոնկրետ սլոթի համար, այլ միասնական հայտ են ներկայացնում, հետագայում ըստ միավորների՝ հավակնում կա՛մ համապետական, կա՛մ մայրաքաղաքային հեռարձակում ստանալու համար: Բոլոր սլոթերի համար պահանջները նույնն են:
Եթե միավորները բավարար չեն ավելի մեծ սփռում ունեցող սլոթի համար, ապա ալիքները ինքնաբերաբար հայտնվում են երկրորդ՝ ավելի փոքր սփռում ունեցող սլոթերի ցանկում:
Միավորների անցողիկ շեմը միավորների գումարի մեկ երրորդն է:
Միավորների հավասար բաշխման դեպքում հաշվի կառնվի նախորդ տարիներին ներկայացված ծրագրի համապատասխանությունը իրականությանը (ինչ ես ասել, ինչ չես արել):
Մրցույթին չի կարող մասնակցել այն ալիքը, որը պարտք է հեռուսատաաշտարակին:
Նոր կարգը պարտադրում է (և դա նորություն է), որ հանրային մուլտիպլեքսում հայտնվել ցանկացող ալիքի հաղորդումների առնվազն 20%-ը լինի հանրօգուտ:
ՀՌՀ նախագահ Տիգրանը Հակոբյանը հանրօգուտ հաղորդումների այդ նվազագույն շեմը համարում է կարևոր քայլ՝ որակյալ բովանդակություն ապահովելու համար:
Նա ասում է. «Ի վերջո, նոր օրենքում տրված են հստակ սահմանումներ: Օրինակ, թե որն է հանրօգուտ բովանդակությունը»:
Նախկին օրենքում անգամ չի եղել սահմանում, թե ինչ է, օրինակ, «մանկական հաղորդումը» կամ «երիտասարդ ալիքը», ըստ որի էլ կարելի էր հետևել այդ սահմանման կատարմանը:
Տիգրան Հակոբյանի կարծիքով՝ այս օրենքը թեև ոչ ամբողջովին, բայց որոշ չափով կնվազեցնի կոպիտ ու բութ պրոպագանդայի տարածումը, քանի որ արդեն կա նաև «բազմակողմանի բովանդակություն» սահմանումը:
Օրենքով փորձ կարվի նվազեցնել ապատեղեկատվության տարածումը: Հանրային մուլտիպլեքսում հայտնվել ցանկացող ալիքները պետք է հաշվի առնեն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը վերաբերում է հավաստի տեղեկատվության ապահովմանը։
Եվ այդ հոդվածի կատարումը ամենաբարդն է վերահսկելն ու ապահովելը, նաև այն պատճառով, որ հեղհեղուկ է ձևակերպած՝ թողնելով տարընթերցումների տեղ:
Օրենքը պահանջում է, որ հեռարձակողը ապահովի.
1) որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը,
2) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.
3) իրազեկումը՝ ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ։
Շատ է խոսվել այն մասին, որ լրատվամիջոցները խոսքի ազատության քողի տակ հաճախ խոսքի իրավունք են տալիս այն հյուրերին, որոնք կարող են բացահայտ սուտ կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածել, իսկ լրատվամիջոցները դրա համար պատասխանատվություն չեն կրում (մե՛նք չենք ասում, մեր փորձագետներն են ասում, իսկ մենք պարզապես նրանց խոսքն ենք մեջբերում):
Օրենքի այս հոդվածով զգուշավոր ու փոքր քայլ է արվել դեպի ապատեղեկատվության կանխումը: Հիմա եթե հնչի ոչ ստուգված պնդում, և այդ մասին բողոք հասնի վերահսկող մարմին (այս դեպքում ՀՌՀ-ն), բողոքը կդառնա առաջին քայլը դաշտը մաքրելու մեխանիզմը գործի դնելու համար:
Բողոքը կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձից կամ կազմակերպությունից: Այդ թվում նաև՝ լսարանից:
Եվ լրատվամիջոցը պարտավոր է կամ հերքել կամ հիմնավորել իր եթերում հնչած ապատեղակատվությունը կամ քարոզչական տեղեկությունը:
«Ցանկացած քարոզչություն գոյության իրավունք ունի՝ մասնավոր, կաբելային հեռարձակմամբ: Իսկ հանրային մուլտիպլեքսն այն փոքր կղզյակն է, որտեղ խաղի կանոնները մաքուր են: Իզուր չի կոչվում հանրային, այնտեղ չի կարող լինել կեղտոտ քարոզչություն»,- ասում է Տիգրան Հակոբյանը:
Հանրային մուլտիպլեքսում հայտնվելու մեկ այլ պարտադիր պայման է դարձել էթիկայի վարքականոնը, որն այլևս անխուսափելի անհրաժեշտություն է: Թեև մեդիա ծառայություն մատուցող տարբեր ընկերությունների էթիկական նորմերը շատ չեն տարբերվում, սակայն հիմա կարևոր է դառնում, որ յուրաքանչյուր հեռարձակող ստեղծի, մշակի ու հրապարակի իր սեփականը: Ստորագրի, որ հետևելու է իր իսկ ստեղծած վարքականոնին:
Հանրային մուլտիպլեքսի սլոթերը տրամադրվում են յոթ տարվա ժամկետով: Եվ ՀՌՀ-ն պնդում է, որ տեխնիկական, ֆինանսական բաղադրիչից բացի, առավել գնահատելի է տեսլականը, ապագա զարգացումների պլանը, որը կներկայացնեն ալիքները:
Հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Հակոբյանը խնդրեց, որ ծրագրային փաստաթուղթը լինի իրատեսական: Այդ թվում նաև, երբ նշվելու են ֆինանսական աղբյուրները և ենթադրյալ հովանավորներին:
«Խնդրում եմ, մի եղեք վերամբարձ, եկեք կոտրենք սիրուն ու ընդհանուր գրելու ավանդույթը: Անկեղծ ծրագիր ներկայացրեք»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանը կարծում է, որ շատ բան կախված է դաշտի խաղացողներից: Եթե հայտնվեն լուրջ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերություններ, դաշտի փոփոխությունները ավելի արագ ու դինամիկ կզարգանան:
ՀՌՀ-ն արդեն մի քանի նոր հեռուստաընկերությունների հանձնել է հեղինակազորման վկայագրերը (հեռարձակողի կարգավիճակ տրվող փաստաթուղթ), ինչը նշանակում է, որ հին խաղացողների կողքին հայտնվում են նորերը:
Հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթում, իհարկե, առավելություն ունեն խոշոր ու երկար ուղի անցած, տեխնիկապես ու ֆինանսապես զինված ալիքները, բայց կարևոր է նաև նոր օդի չափաբաժնի ներարկումը վերգետնյա հեռարձակման դաշտում նույնպես:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: