2020.06.19,

Նյուսրում

Կորոնավիրուսի դեմ պայքարում անձնական տվյալների օգտագործումը դեռ գնահատված չէ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Covid 19-ի դեմ պայքարելու համար Հայաստանի կառավարությունը 2020թ-ի ապրիլից հնարավորություն ունի հեռախոսների միջոցով հետևել և վարակակիրների հետ շփման մասին տեղեկացնել մարդկանց: Նպատակը ինքնամեկուսացման միջոցով վարակի հետագա տարածումը կանխելն է:

Այս օրինագծի քննարկումն ԱԺ-ում օրեր տևեց, բուռն քննարկում եղավ: Որպեսզի տվյալների օգտագործումը հետագայում խնդիրներ չառաջացնի, հիմնական տեսակետն այն էր, որ պետք է խորհրդարանական ուժերից կազմված վերահսկող օղակ լինի, որտեղ կներգրավեն նաև անկախ փորձագետներ:

Ամիսներ անց դեռևս պաշտոնապես չի քննարկվել ծրագրի ներդրման արդյունավետությունը, եղած խնդիրները, ինչպես նաև վարակի տարածման նման տեմպի պայմաններում օգտագործման անհրաժեշտությունը:

Ինչպես նաև դեռ չեն ստեղծվել տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության  մեխանիզմներ:

Ապրիլի 2-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ՝ հորդորելով պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե որ կառույցներն են ներգրավված գործընթացում, ինչպես է ապահովվում տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:

Հետագայում Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մտահոգությունների հետ կապված տեղեկացրեց, որ ավտոմատացված համակարգը ստեղծվել է «հայ կամավոր ծրագրավորողների կողմից»։ 

Ըստ նրա, ծրագրավորողները չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնում, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի։

Մեդիա կազմակերպություններին են միացել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պահանջում են գործընթացը դարձնել թափանցիկ և հանրությանը ներկայացնել կամավորների անունները, նրանց ներկայացված տեխնիկական առաջադրանքը, պարբերաբար հրապարակել տվյալներ և գնահատել արդյունավետությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանն ասում է, որ Կառավարությունն ու Պարետատունը լռության են մատնում այս պահանջը, ինչը քամահրական վերաբերմունք է հանրության հանդեպ:

«Հանրային առողջության համար մարդկանց անձնական տվյալների օգտագործումը պետք է լինի թափանցիկ, լինեն հանրային վերահսկողության մեխանիզմներ: Միայն այն, որ Կառավարությունը գումար չի ծախսել, չի արդարացնում հանրության հանդեպ նման վերաբերմունքը: Սա նպաստում է այս օրերին ծավալվող դավադրությունների տեսություններին, չիպավորման մասին ֆանտաստիկ տեղեկությունների տարածմանը»,-ասում է Իզաբելլան:

Նրա խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման ծրագրերի օգտագործման դեպքում կառավարություններն ունենում են հանրային մեծ վստահություն:

«Մարդիկ բազմաթիվ մտահոգություններ ու կասկածներ ունեն, թե ինչպես են հավաքվում իրենց տվյալները, մշակվում և օգտագործվում: Նրանց հետաքրքրում է՝ օգնո՞ւմ են, արդյոք, անձնական տվյալները համավարակի դեպ պայքարի գործընթացին»,-ասում է նա:

Հայ ծրագրավորողներն, ովքեր կամավոր զբաղվում են տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ, ըստ նրա, դեմ չեն, որ հրապարակվեն իրենց անունները, սակայն հանրությունը այլ կարևոր տեղեկություններ է ուզում ստանալ: 

Հայաստանի քաղաքացիական հասարակությանը թվային տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության հարցերում աջակցող  Cyberhub-ի համահիմնադիր Արթուր Պապյանն ասում է, որ կարևոր է տեսնել, թե ռեալ ժամանակում ծրագիրն ինչպես է աշխատում, եթե աշխատում է, ապա շարունակել օգտագործել այն, եթե ոչ՝ հասկանալ ինչպես վարվել:

«Սկզբում, երբ Կառավարությունը մուտք ստացավ մարդկանց անձնական տվյալներին, վարակի դեպքերը բավականին քիչ էին և այդ շրջանում միգուցե օգտագործումը կարող էր արդյունավետ լինել, իսկ հիմա օրական միջինը 500 դեպք է գրանցվում, արդյոք, այսքան ռեսուրս ունի պետությունը շարունակելու հետևել, գնահատել և կապ հաստատել մարդկանց հետ»,-ասում է նա:

Միջազգային փորձն, ըստ նրա, ցույց է տալիս, որ սա մեխանիկական աշխատանք չէ, այլ գործընթաց, որտեղ ներառված են որոշակի գիտելիքներով մասնագետներ, որոնք կարևոր է, որ ճիշտ վերլուծեն և գնահատեն վարակակիրների և կոնտակտավորների մասին տեղեկությունները:

Պապյանի խոսքով, փաստեր կան, որ վարակակիրների հետ շփում ունեցած մարդիկ տեղեկացվել են այդ մասին, սակայն թե ինչ արդյունք է տվել ծրագրի կիրառումը չի հանրայնացվում:

Այն կարող է դառնալ վտանգավոր գործելաոճ, որն ըստ մասնագետի, կարող է կիրառվել և արդարացվել իշխանության եկող հետագա ուժերի կողմից:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *