2020.05.25,

Նյուսրում

Նախարարությունը չի մանրամասնում հեռուստաաշտարակին հեռուստընկերությունների պարտքերը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վերգետնյա հեռարձակողների միությունը վերջերս նամակով դիմել է Կառավարությանը՝ ֆինանսական աջակցության խնդրանքով։ Կորոնավիրուսի պայմաններում ավելի են սրվել հեռարձակողների ֆինանսական խնդիրները, և նրանք չեն կարողանում մարել հեռուստաաշտարակին (Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց) ծառայությունների դիմաց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ ասաց, որ Կառավարությունը մտադրություն ունի հեռուստաընկերություններին ֆինանսապես օգնել, որպեսզի կարողանան վճարել հեռուստաաշտարակին ունեցած իրենց պարտքերը:

«Հեռուստաընկերություններն այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի սոցիալական հոլովակները հեռարձակում են անվճար: Ասել եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ կառավարությունն է այդ հոլովակների պատվիրատուն, վճարում պետք է անի, այդ թվում՝ մարզային հեռուստաընկերություններին։ Հեռարձակման համար վճարումները կլինեն աջակցություն, որպեսզի հեռուստաընկերությունները կատարեն իրենց պարտքային պարտականությունները»,-նշել է Փաշինյանը:

Նա ասաց, որ դեռևս վճարման մեխանիզմները պարզ չեն, անհրաժեշտ է մասնագիտական քննարկում:

Վերգետնյա հեռարձակողների միության նախագահ Դավիթ Հակոբյանն ասում է, որ նամակի մեջ խնդրել են ոչ միայն իրենց միության կազմում ընդգրկված, այլև բոլոր հեռարձակողներին օգնել, սուբսիդավորել, որպեսզի կարողանան վճարել պետական տուրքերը։

«Պետական մուլտիպլեքսում հեռարձակվող լրատվամիջոցներն արտակարգ դրության օրերին ենթարկվել են պարետատան ցուցումներին, եթեր են հեռարձակել համաճարակի կանխարգելմանն ուղղված տարբեր հոլովակներ: Դրանց հեռարձակման համար վճարելու գաղափարը շատ ողջունելի է: Հեռարձակողներս այդ գումարը ստանալով կմարենք աշտարակին ունեցած մեր պարտավորությունները»,-ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, այս պահին Կառավարությունում խնդրի լուծման քննարկումների մասին տեղեկատվություն չունեն:

Հեռուստաաշտարակի պարտքերի թեման նոր չէ, հեռուստաընկերությունները պարտքեր են կուտակել վերջին մի քանի տարիների ընթացքում, սակայն Կորոնավիրուսի հետևանքով գովազդի ծավալի կրճատումն ավելի է խորացնում խնդիրը:

Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը չնայած պարտքերին շարունակում է հեռարձակողներին ծառայություններ մատուցել: 

Մասնավորապես, կայանն ապահովում է արբանյակային կապի ծառայություններ, կառուցում, պահպանում ու շահագործում է  հեռահաղորդակցական ցանցեր, կապի օպերատորների, հեռահաղորդակցական  գործունեությամբ զբաղվողների համար տեխնիկական միջոցներ տեղակայում ու սպասարկում, իրականացնում շինարարական և մոնտաժային աշխատանքներ:

Այն փակ բաժնետիրական ընկերություն է՝ կենտրոնական և մարզային գրասենյակներով, ունի բազմաթիվ աշխատակիցներ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է:

Հեռուստաընկերություններից յուրաքանչյուրի ունեցած պարտքի մասին մեզ տեղեկատվություն ստանալ չհաջողվեց, որովհետև պայմանագրային հարաբերությունները գաղտնի են երրորդ անձանց համար:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ թվային ցանցով հանրապետական և մարզային սփռման ծառայության մատուցման ամսական պայմանագրային ընդհանուր գումարը բոլոր հեռուստաընկերությունների համար միասին կազմում է մոտ 49 մլն դրամ:

Թեև վարչապետն ինքն արդեն հրապարակային խոսել է հեռուստաընկերությունների պարտքերի մասին, սակայն նախարարությունը Media.am-ի հարցմանը պատասխանում է, որ կազմակերպությունների կողմից հիմնականում ամսավճարների մասով պարտավորությունները կատարվում են:

Իսկ պարտավորությունների չկատարման դեպքում, ըստ կառույցի, խնդիրը կարգավորվում է կողմերի միջև կնքված պարտքի մարման ժամանակացույցերի շրջանակներում:

Հեռարձակողներին պարտքերի հարցում աջակցության խնդրով, ըստ նախարարության, այս պահին քննարկումներ չկան:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *