2020.05.20,

Նյուսրում

Փորձագետները նշում են մոտ 25% անկում գովազդի ոլորտում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքով հեռուստաընկերությունների ֆինանսական խնդիրները մեղմելու կառավարության մտադրությանը: 

Նա նշեց, որ հեռուստաընկերությունները հեռուստաաշտարկի վճարումների հետ կապված պարտքեր են կուտակել. 

«Հեռուստաընկերություններն այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի սոցիալական հոլովակները հեռարձակում են անվճար: Ասել եմ, որ դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ կառավարությունն է այդ հոլովակների պատվիրատուն, վճարում պետք է անի այդ թվում մարզային հեռուստաընկերություններին։ Հեռարձակման համար վճարումները կլինեն աջակցություն, որպեսզի հեռուստաընկերությունները կատարեն իրենց պարտքային պարտականությունները»:

Վարչապետի խոսքով, դեռ պարզ չէ մեխանիզմը, թե ինչքան և ինչ սկզբունքով են արվելու այդ վճարումները:

Արդեն երկու ամիս է, ինչ գովազդային շուկայում անկում է նկատվում: Քանի դեռ պարզ չէ մարդկությունն ինչպես և ինչ ժամկետներում է հաղթահարելու նոր կորոնավիրուսի արհավիրքը, բիզնեսի տարբեր ճյուղեր անցել են մարքեթինգային նոր մարտավարության:

Վաճառքների նվազման ֆոնին ընդհանուր միտում կա անցնել խնայողությունների՝ ավելի քիչ ծախսել գովազդի համար, միաժամանակ ավելի թիրախային ներկայացնել ապրանքն ու ծառայությունը: 

Ըստ մասնագետների, այս ճգնաժամը որոշ բիզնես ոլորտների համար բացում է հնարավորությունների նոր պատուհան: Նրանք փոքր բյուջեով գովազդներ են տեղադրում առցանց հարթակներում և իրենց ապրանքը (հիմնականում առաքման միջոցով) հասցնում տանը մեկուսացած քաղաքացիներին:

Գովազդային շուկայի տատանումներն ազդում են լրատվամիջոցների ֆինանսական անկախության վրա: Արդեն մի քանի ամիս է հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնում են գովազդային պայմանագրերի կասեցման և խզման մասին:

Մոտ մեկ ամիս առաջ «Սկիզբ Մեդիա»-ի (1in.am) տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ ունեն ընկերություններ, որոնք անորոշ ժամկետով կասեցրել են պայմանագրերը և պարզ չէ, թե ինչպես և երբ են հետագայում վերսկսելու համագործակցությունը:

Այս զրույցից մեկ ամիս անց նա ասում է, որ վիճակն անորոշ է՝ ոչ լավ է, ոչ վատ․ 

«Ընկերությունները գնային հարցումներ անում են, շուկան կարծես ակտիվացման քայլեր է ուզում անել, բայց հիմնականում հունիսի կամ հուլիսի համար են գովազդ պլանավորում: Երկարաժամկետ նոր գովազդատուներ չունենք, կարճաժամկետ համագործակցություններ կան՝ PR հաղորդագրությունների հրապարակման ձևով»:

Հնարավոր գովազդային համագործակցությամբ, ըստ նրա, հետաքրքրվում են հիմնականում առևտրի ոլորտի ընկերությունները, ինչպես նաև գովազդային գործակալությունները, որոնք համարվում են գովազդային միջնորդ՝ ընկերության և լրատվամիջոցի միջև:

Լրատվամիջոցը գովազդի գները չի վերանայել, որովհետև գովազդատուի հետ միշտ աշխատել են ճկուն և եթե բյուջեի հետ խնդիր է եղել, հարմարվել են:

Ինչքան գովազդ է կորցրել շուկան

«Մեդիա գրուպ» գովազդային գործակալության տնօրեն Տանյա Թորոսյանն ասում է, որ 2019-ի առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակաշրջանում կոմերցիոն գովազդի շուկայում արձանագրվել է մոտ 25% անկում: Ընդ որում, շուկայից դուրս են եկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խոշոր բրենդեր:

Ըստ նրա, կորստի տեսակետից մեկ միջազգային հայտնի բրենդի, օրինակ Կոկա-Կոլայի դուրս գալը համազոր է տեղական 50-60 գովազդատուի․ «Շուկայից դուրս են եղել միջազգայիններից Լորեալ, Կոկա-կոլա, Բիլայն և այլ խոշոր գովազդատուներ, որոնք հիմնականում օգտվում էին հեռուստատեսային գովազդից»:

Թորոսյանն ասում է, որ դաշտի կայունացումը պայմանավորած չէ միայն հայաստանյան իրավիճակով․ «Մեր խոշոր գովազդատուներից, օրինակ, Ֆեռերոն, եթե չկարողանա այս տարի արտադրական ծավալ ապահովել և արտահանում կազմակերպել, ընկերության համար Հայաստանում գովազդ ունենալը դառնալու է անօգուտ»:

Նա ասում է, որ գովազդային տեսանկյունից՝ իրավիճակին շատ արագ հարմարվեց ռեստորանային ոլորտը, համեմատաբար էժան մեդիակրիչների օգնությամբ կարողացավ առաքում կազմակերպել և հասնել հաճախորդի տուն. 

«Ամենաշատը տուժել է հեռուստատեսային գովազդը, որոշ չափով՝ ռադիոգովազդը։ Արտաքին գովազդն առաջին հայացքից կա, բայց իրականում դա չապամոնտաժված գովազդներ են, որոնք իներցիայով մնացել են և այս պահին գումար չեն գեներացնում»:

Մինչև հոկտեմբեր, նրա խոսքով, դժվար է ակնկալել դրական տեղաշարժ․ «Թուլացող տնտեսությանն ամենաարագն արձագանքում է գովազդը: Չնայած դեռ կան  գովազդատուներ, որոնք սպասում են, թե հաջորդ ամիս ինչ է լինելու, որպեսզի հասկական գովազդային քաղաքականությունը: Կարելի է ասել, դաշտն ապրում է այս իներցիայի հաշվին»:

Գովազդի նոր տենդենցները

Տանյա Թորոսյանն ասում է, որ գովազդում փոխվում են տենդենցները, փոքր խանութները, առաքման ծառայությունները, անցանց ֆինանսական ծառայություններ մատուցողները միայն շահում են իրավիճակից.

«Մանրածախ առևտրի համար ոսկե շրջան է, մարդիկ մնալով տանն, ավելի շատ են սպառում սնունդ, զվարճանքի տարբեր միջոցներ: Մոնոպոլիա խաղի օնլայն վաճառքը մի քանի անգամ ավելացել է, կանայք սկսել են գնել խոհանոցային տեխնիկա, տղամարդիկ՝ գործիքներ, որ տանը տարիներով կուտակված գործերն անեն»:

«Փրայմ Քոմերշլ» ցանցային գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանն ասում է, որ բիզնեսի տարբեր ուղղություններ տարբեր ձևով են արձագանքել իրավիճակին:

Օրինակ, մարդկանց համար ճոխություն համարվող շատ բրենդեր (մեքենաներ, օծանելիք և այլն), հասկանալով ստեղծված անորոշ վիճակում մարդկանց սպառման վարքագիծը, դադարեցրել են գովազդային արշավները:

Փոխարենն ակտիվացել են ամենօրյա օգտագործման, լվացող, մաքրող միջոցներ առաջարկող գովազդները․ «Գովազդային շուկայում հետաքրքիր կռիվ է ընթանում, բյուջեներ են կրճատվել, ում բյուջեն թույլ է տալիս, վարում է գովազդային ագրեսիվ քաղաքականություն»։

Որոշ ընկերություններ, ըստ Սահակյանի, առաջխաղացնում էին իրենց ապրանքը սուպերմարկետներում տարբեր ակցիաների միջոցով (համտես, զեղչեր), հիմա դա արդեն էֆեկտիվ գովազդային գործիք չէ, օրինակ «Փրոքթեր ընդ Գեմբըլ»-ը հանել է մարքեթինգի այս մասը:

«Նման ակցիաների վրա կազմակերպությունները ծախսում են իրենց գովազդային բյուջեի մոտավորապես կեսը, հիմա այդ գումարները կհոսեն համացանց և լրատվական կայքեր: Այս հարթակներում գների նվազման միտում նախկինում կար, հիմա կարծում եմ՝ նույն գինը կմնա»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով, գնացուցակի փոփոխություն չի լինի, սակայն գովազդատուներին ավելի ճկուն պայմաններ կառաջարկեն, զեղչեր կանեն, բոնուսներ կտրամադրեն, հակառակ դեպքում սելս հաուսները տարվա բյուջեն կատարել չեն կարողանա և կկորցնեն հայտնի բրենդերի հետ համագործակցությունը:

Սամվել Սահակյանը կարծում է, որ հիմա գովազդային ոլորտի խաղացողներն ավելի շատ ուզում են պահել իրենց գործընկերներին, մինչև նրանք ոտքի կկանգեն ու կհաղթահարեն այս ճգնաժամը, քան գումար վաստակել:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *