2020.04.28,

Նյուսրում

Լուսանկարելով կորոնավիրուսի ժամանակը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կարանտինային այս օրերին, երբ կա ներսի ու դրսի հստակ սահմանազատում, անգամ բախում, շատ բարդ է լինել ժամանակի ֆոտովավերագրող: Ներսում անվտանգ է, իսկ դրսում թափառում է վարակվելու հնարավորությունը: Եվ լուսանկարիչները որոնում են, թե որտեղ կարող են գտնել պատմություններ՝ միաժամանակ մնալով առողջ ու պետքական:

Լուսանկարիչները, ի տարբերություն լրագրողների՝ շանս չունեն տանը աշխատելու: Ավելի ճիշտ, իհարկե, շանս ունեն բոլորը, բայց տանը մնացած լուսանկարիչը արդեն ոչ թե իրականության, այլ իր սեփական ապրումների վավերագրողն է:

Կարող է նայել իրականությանը՝ իր տան պատուհանից կամ հայտնվել այնտեղ, որտեղ կա տագնապ, բայցև աշխատելու նյութ:

Զարմանալի է, բայց հիմա շատ չեն մեր համավարակային կյանքի կադրերը, պատճառը թե՛ արտակարգ դրությունն է՝ իր զսպող կանոններով, թե՛ պարազապես փաստը, որ կյանքը որոշ իմաստով դադար է վերցրել ու կասեցրել շատ հանրային միջոցառումներ, իսկ պատմությունները զմռսել փակ տարածքներում, հատկապես, հիվանդանոցներում ու մեկուսարաններում:

Երեք լուսանկարիչներ մտորում են այս օրերի մասին: Վախի, վարակի, կյանքից չկտրվելու կամ միտումնավոր կտրվելու և, իհարկե, փողի մասին: 

Գևորգ Պերկուպերկյան, Արմենպրես

Ինձ համար այս վարակի պայմաններում աշխատելը մի քիչ դժվար է, բայց հասկանալի: Աշխատում ենք՝ դիստանցիա պահելով, պաշտպանիչ միջոցներ կրելով: Չեմ կարող ասել, որ վախ կա: 

Սովորաբար, ավելի վախենալի է հանրահավաքների կամ ցույցերի ժամանակ, քանի որ նույնիսկ զրահաբաճկոնը չի կարող օգնել, երբ գլխիդ քար են նետում: Օրինակ, Սարի Թաղի դեպքերի ժամանակ, ինձ վրա երկու ձայնային ռումբ է փայթել և լսողությունս վերականգվել է մի քանի ամիս անց միայն:

Հիմա ֆոտոթղթակիցներն ունեն տեղաշարժվելու հնարավորություն, այսինքն՝ իրավունք աշխատելու: Իսկ դա կարևոր է այս օրերում: 

Օրինակ, որպես Արմենպրեսի լուսանկարիչ գնացել էի անցակետեր, լուսանկարելու, թե ոնց են աշխատում ոստիկանները: Եվ այդ ընթացքում ծնվեցին այլ նյութեր ու պատմություններ: Անցակետերից բացի նկարեցի նաև ծաղիկների ջերմոցները, որոնք լի էին չվաճառված ծաղիկներով: 

Այդ թեման նույնպես կարևոր էր, որովհետև հետո դրան արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը, ծրագրեր մշակեցին ջերմոցների տերերի հետ և այլն:

Այո, բոլորն ասում են, որ լուսանկարիչները մեր իրականության վավերագրողն են, բայց մինչև հիմա Հայաստանում նրանց գործը գնահատված չէ: Մի օրինակ բերեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից, որոնք շատ հանդիսավոր էին, բայց ոչ մի արժեքավոր լուսանկար չկա: 

Արմենպրեսը, որը միշտ արխիվացնում է բոլոր լուսանկարները, կարողացավ միայն պատի ծակից ընդամենը մեկ կադր փախցնել, քանի որ լուսանկարելը արգելված էր, որոշել էին, որ լուսանկարիչները խանգարում են միջոցառմանը: Դա շատ ամոթալի էր: Կողքս աշխատող Ռոյթերսի լրագրողն, օրինակ, ստիպված էկրանն էր լուսանկարում, որ հասցնի ուղարկել խմբագրություն…

Բացառիկ այդ օրը չարխիվացվեց՝ տարբեր տեսանկյուններով: Ես վստահ եմ, որ ժամանագիրը ոչ թե լրագրողն է, այլ լուսանկարիչը ու վիդեոօպերատորը: Որովհետև վաղը գրածը կարող է դրվել կասկածի տակ, իսկ ֆոտոն՝ ոչ: 

Եվ տարիներ անց պատմություն կառուցելիս ու գիտական աշխատություններ գրելիս, առաջին հերթին պետք է գալու ֆոտոարխիվը կամ վիդեո քրոնիկոնը: Ֆոտոների հիման վրա են նաև կառուցվում գեղարվեստական ֆիլմերի դեկորացիաները:

Իհարկե, հիմա լուսանկարում եմ քրոնիկա, օրվա վավերագրություն, բայց շատ անձնական շարքեր, որոնք անում էի, հետաձգվեցին, քանի որ համավարակի պայմաններում չեմ կարող մարդկանց ազատորեն հանդիպել: 

Անհամեմատ բարդ վիճակում են ֆրիլանս լուսանկարիչները, քանի որ անցաթղթի բացակայության պատճառով նրանց շարժը խոչընդոտվում է: Շատ նախագծեր են չեղարկվում կամ ձախողվում: Բիզնեսն էլ չգիտի, թե որքան է տևելու դադարը, որ կարողանա պլանավորել նաև գովազդը: 

Ես, օրինակ աշխատում եմ մի քանի խանութների ու ընկերությունների հետ, որոնք անցան լրիվ օնլայն վաճառքի ու կարիք ունեին լուսանկարների: Առաջարկեցի իմ փոքր ստուդիա-սենյակում նկարել ապրանքները, քանի որ ավելի լավ է աշխատեմ, քան պարապ մնամ: Իսկ վճարել կարող են նաև հետո:

Սկսեցի նաև նկարել ծաղիկներ ու ծաղկած ծառեր՝ խոշորացնելով, ասենք տանձենու կամ նշենու ծաղիկը: Հիմա մտածում եմ, թե ինչ եմ նկարելու վաղը…

Կուզեի այս ժամանակային արանքը, դադարը օգտագործել, որ միանայինք լուսանկարիչներով ու տարբեր առաջարկություններ անեինք, թե ինչպես մեր աշխատանքը դարձնել արդյունավետ ու նաև հեշտ:

Նազիկ Արմենակյան, 4plus

Իհարկե, ցանկացած իրավիճակում ուզում ես ինչ-որ կերպ մնալ վավերագրող՝ լուսանկարել, արխիվացնել, որովհետև գիտես, որ մի քանի տարի հետո դա լինելու է հետաքրքիր ու ուշադրության արժանի:

Բայց հիմա մի իրավիճակ է, երբ իսկապես ծանրութեթև ես անում մտքերդ, մտածելով՝ արժե՞ գնալ ռիսկի ու նույն ձևով գործել, թե՞ ոչ: Մինչ այս համավարակը նման հարց չի եղել: Օրինակ, հեղափոխության օրերին ես օրերով անգամ տուն չէի գնում՝ իմ վրայից հանելով տնային պարտականությունները: Գիտեի, որ պետք է լինեմ դրսում, դա բնական ու շատ էգոիստական զգացում էր: Երբ լայվով տեսնում էի, որ մի թեժ կետ կա, միանգամից վազում էի այնտեղ: 

Հիմա այլ է, քանի որ զգում ես, որ պատասխանատվություն ես կրում ոչ միայն քո, այլև բոլորի համար: Էլի ես եմ, իմ նկարահանող սարքն ու կյանքը, բայց երաշխիք չունեմ, որ չեմ լինի այն մարդը, որը կարող է տարածել վարակը:

Ու ամեն օր մտածում եմ, որ կարող եմ դուրս գալ փողոց ու նկարել, բայց… չեմ անում:

Անգամ եթե հնարավոր լինի թույլտվություն ստանալ և գնալ, ասենք, նկարել հիվանդանոցում, առաջանում են շատ էթիկական խնդիրներ: Նախ՝ պետք է պատրաստված լինես՝ հատուկ հագուստով, պաշտպանիչ տարբեր միջոցներով: Կարծես մի զոնայում ենք, որտեղ պետք է պատրաստ լինես թե՛ տեխնիկապես, թե՛ հոգեպես:

Չես կարող առաջ վազել, մտածելով, որ քեզ ոչինչ չի պատահի: Առավելևս չեմ վերցնի ինձ վրա պատասխանատվություն, ասելով որևէ մեկին՝ գնա դուրս ու նկարիր մարդկանց: Իրավիճակը անկանխատեսելի է և վտանգավոր:

Որպես տարբեր լուսանկարիչների հետ համագործակցող խմբագրություն, որոշեցինք, որ մեզ ենք վավերագրելու այս ժամանակի մեջ, նկարելու ենք ընթացքը: Արեցինք խմբակային նյութ, թե ինչպես ենք ապրում ու աշխատում:  Կարծում եմ՝ դա էլ է բավական ու նաև արժեքավոր:

Երբ հայտարարվեց կարանտինը, որոշում կայացրեցի, որ հիմա ժամանակն է ինքնամեկուսանալու, ինչպես արել են բոլորը: Թող դա լինի իմ փորձառությունը որպես լուսանկարչի, որ խցիկը ուղղեմ ոչ թե ուրիշներին, այլ՝ ինձ: Մինչ կարանտինը իսկապես զգում էի, որ ես, ընկերներս, շրջապատս գերլարված իրավիճակում ենք, հոգնած ու ծանրաբեռնված: 

Մտածում էի, որ պետք է կանգ առնենք, բայց եթե կանգնենք, տակից դուրս կգա՞նք, թե՞ չէ: 

Կանգառը առիթ է վերանայելու, թե որտեղ ես, ինչ ես անում, մտածելու տարիքի, արված աշխատանքի մասին: Օրինակ, հիմա ամեն օր փորձում եմ դասավորել արխիվս, որովհետև դա էլ է շատ կարևոր: Անընդհատ հոսանքի հետևից գնում ենք առաջ, ստեղծում նոր պատմություններ, խմբագրում և լրացնում, նորի հետևից վազում, ու արդյունքում շատ բաներ չենք հասցնում:

Ի վերջո, այս կարանտինի պատճառով բոլորս էլ կորցնում ենք մեր ազատ տարածքը, թեկուզ տան մեջ միայնակ լինելու, մտքերի հետ դեմ առ դեմ մնալու հնարավորությունը: Մյուսների հետ անընդհատ կիսում ենք թե՛ ժամանակը, թե՛ տարածությունը: Ու անձնական տարածքը սկսում է կորել:

Տարիների ընթացքում միշտ գնացել եմ ուրիշների մոտ, դռներ եմ թակել, տարբեր մարդկանց եմ լսել ու նկարել, հիմա կարծես նույնը անում եմ ինքն ինձ հետ: Ինձ եմ լսում…

Եվ դա այնքան անտանելի արհեստական ու բարդ է, որ անգամ պատմելի չէ: Երբեք խցիկը չեմ ուղղել ինձ վրա, հիմա անում եմ… 

Կարանտինը հատկապես աղետալի է ֆրիլանս լուսանկարիչների համար: Հետևում եմ, թե ինչպես են միջազգային ֆոտոկազմակերպությունները հայտարարում նոր նախագծերի ու դրամաշնորհների մասին հատուկ այն լուսանկարիչների համար, որոնք չունեն ամսական կայուն եկամուտ կամ կորցնում են եկամուտը: Մեզ մոտ նման աջակցություն կամ ուշադրություն չկա:

Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Վախն ինձ համար առանձնապես մեծ տեղ չունի, թեև հասկանում եմ, որ գործ ունենք լուրջ վարակի հետ: Դուրս ենք գալիս, աշխատում ենք փողոցում ու փակ տարածքներում՝ ձեռնոցներով ու դիմակով, թեև որոշ իմաստով դա անհարմար է:

Արդեն վաղուց մեր գործակալությունը մտածում է, որ պետք է փորձել նկարել սուր վարակիչ հիվանդանոցը: Դիմել էինք Առողջապահության նախարարություն, բայց երբ իմացանք, որ չկա «ակվարիում» հասկացությունը, այսինքն, ապակեպատ մեկուսարանը, որը բաժանում է հիվանդներին ու դրսի մարդկանց, ստիպված հրաժարվեցինք այդ մտքից: 

Եթե լիներ մեկուսացնող ապակին, հաստատ կմտնեինք ու կաշխատեինք այսօրվա այդ թեժ կետում: Բնականաբար հաշվի առնելով բոլոր էթիկական պահանջները: 

Դա պետք է նկարել ոչ թե ցույց տալու համար հիվանդների դեմքերը (դեմքը չի ցուցադրվում, դա գրված ու չգրված օրենք է), այլ ցուցադրելու, թե ինչպես են մարդիկ աշխատում այս արտակարգ իրավիճակում:

Հիմա մենք չգիտենք, թե ինչ է կատարվում հիվանդանոցների ներսում, իսկ դա իմանալը նաև զգաստացնում է մարդկանց: Համոզված եմ, որ պետք է ցույց տալ, թե ինչպես են մարդիկ պայքարում վարակի դեմ՝ ինֆեկցիոն հիվանդանոցներում:

Հիմա ամբողջ աշխարհում շատ են նման նկարները: Ասենք, ինչպես են բժիշկները աշխատում, հիվանդին տանում հիվանդանոց, դուրս գրում, տեղափոխում: Կան ներսից արված նկարներ, որտեղ երևում են բժիշկները, բայց միաժամանկ՝ չի երևում, թե հիվանդն ով է:

Մենք երկար բանակցում էինք նախարարության հետ, ուզում էինք պարզել, թե ինչպիսի պաշտպանիչ միջոցներ են պետք, ինչպես է հետո արվելու (պե՞տք է արդյոք պարտադիր երկու շաբաթյա կարանտինը, թե՞ ոչ): Բայց մեզ ասացին, որ կարող ենք նկարել միայն բակում, երբ բժիշկները հանգստի ժամին գնում-գալիս են: Իմ կարծիքով՝ թեև հանգստի պահն էլ պիտի ցույց տալ, բայց կոպիտ ասած՝ դա երկրորդական նպատակ ունի:

Աշխարհը ցույց է տալիս, որ ունի հիվանդ ու ունի մարդիկ, որոնք այդ հիվանդներին տիրություն են անում: Իսկ մենք դա չգիտես, ինչու, ցույց չենք տալիս:

Այո, գնացի Մասիվի հիվանդանոց ու հինգ բժշկի նկարեցի բակում: Ինչ-որ կերպ երևաց, որ նրանք դիմակներով ու պաշտպանիչ հագուստով են, բայց այդ լուսանկարները ոչ մի լուրջ խնդիր չլուծեցին:

Ստացվում է, որ բոլորս գիտենք, որ վարակվածներ կան, բայց դրա մասին ոչ մի կադր չկա: Հեռվից մի շատ մոտավոր, աղոտ կադր արեցի, երբ շտապօգնությունը ինչ-որ մեկին բերեց հիվանդանոցի մուտքի մոտ: Բայց դա քիչ է:

Մեզ առաջարկեցին նաև նկարել, թե ինչպես են ընդունարաններում չափում մարդկանց ջերմաստիճանը, լսում թոքերը, բայց դա կարող էի անել ցանկացած հիվանդանոցում: Ես չեմ ուզում ընդհանուր բան ասել իմ լուսանկարներով, ուզում եմ այսօրվա մասին կադրեր անել:

Կարանտինի առաջին օրերին նկարեցինք, թե ոնց են ախտահանում ու մաքրում մետրոյի գնացքները: Դատարկ մետրոն դարձավ այն հերթական շարքերից մեկը, որը էլի երկրորդական է: Ինքդ քեզ հարցնում ես՝ ի՞նչքան պիտի նկարես մաքրելու գործողությունը, փողոցում քայլող դիմակով մարդկանց, թեկուզ ձեռք ձեռքի տված դիմակավորված զույգերին, որոնք, իհարկե, կարող են լինել հետաքրքիր կադրեր: 

Բայց միևնույն է, ուզում ես ավելին անել:

Կարելի է ասել, որ այսօր գործ չունեն գրեթե բոլոր ճյուղերի լուսանկարիչներ՝ թե ՛սպորտային, թե՛ ինտերիեր նկարող և այլն: Մենք որպես գործակալություն օրվա ընթացքում մի քանի բան դեռ նկարում ենք, բայց առավելագույնը՝ ինչ-որ ասուլիսներ կառավարությունում կամ ԱԺ-ի ելույթներ: Ու դա սպանում է մեզ: Անգամ փողոց նկարելու ցանկությունն է վերջանում:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *