Նոր կորունավիրուսը և շատ երկրներում ստեղծված արտակարգ իրավիճակը առավել զգուշավորություն և սահմանափակումներ է ենթադրում նաև լրագրողների համար։
Ինչպես աշխատել առողջության մասսայական վտանգների, այժմ արդեն աշխարհում հայտնի նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես լուսաբանել ստեղծված իրավիճակը՝ չվտանգելով նաև սեփական անվտանգությունը։
Media.am-ը, օգտվելով համավարակների ժամանակ լրագրողների անվտանգ ու արդյունավետ աշխատանքի մասին Assian American Journalists association-ի, Committee to protect journalists-ի, Global Investigative Journalism Network-ի ու BBC-ի ուղեցույցներից, հավաքել է մի քանի խորհուրդներ կորոնավիրուսի թեման լուսաբանող լրագրողների համար։
∅ Թեման լուսաբանելու համար խմբագրությունում ընտրել լրագրող, որն առողջ է և ունի ուժեղ իմունային համակարգ։ Այնպես որ վարակվելու վտանգը մինիմալ լինի։ Հատկապես, երբ խիստ անհրաժեշտ է աշխատել հիվանդանոցում, կորոնավիրոսով վարակվածների, բժիշկների կամ մեկուսացված անձանց հետ։ Չվարակվելուց բացի կարևոր է նաև չվարակելը։
∅ Օգտագործել պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ՝ հիվանդանոցում, այլ փակ տարածքներում աշխատելու ժամանակ։ Հնարավոր է պետք լինեն նաև այլ միջոցներ՝ համապատասխան համազգեստ ու դեմքը փակող ռեսպիրատոր։
∅ Բուժհաստատությունում, շուկայում կամ ֆերմայում, ընդհանրապես բաց տարածքում աշխատելիս պետք չէ տեխնիկան դնել գետնին։ Ամեն անգամ նման տեղեր այցելելուց հետո տեխնիկան անպայման պետք է ախտահանել։
∅ Աշխատանքի ժամանակ իրարից հնարավորինս պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն։
∅ Հիվանդանոցում ինչ-որ առարկայի, կենդանիների դիպչելուց հետո բաց տարածքում աշխատելիս չուտել ու չխմել։
∅ Լվալ ձեռքերը տաք ջրով և օճառով աշխատանքից առաջ, ընթացքում և հետո։
∅ Իհարկե չենք մոռանում, որ ձեռքերով չպետք է կպնել դեմքին։ Փռշտալիս փակել քիթը և բերանը արմունկով կամ անձեռոցիկով՝ վերջինս անմիջապես նետելով բերանը փակվող աղբամանը։
∅ Ֆրիլանս աշխատող լրագրողները իրենք են պատասխանատու իրենց առողջության ու անվտանգության համար։ Մինչև թեման լուսաբանելը պետք է կապվել խմբագրի հետ՝ հասկանալու, թե որքանով են նրանց համար թեմային առնչվող ռեպորտաժները կարևոր ու ինչ աջակցություն է ցուցաբերում խմբագրությունը թղթակցին։
∅ Ամենակարևորը՝ սեփական անվտանգության ապահովումն առաջնային է և ոչ մի ռեպորտաժ կյանք չարժե։ Վարակվելը կամ կյանքը վտանգելը շրջապատի համար նոր հոգս է ու ոչ թե հերոսանալ։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: