2019.12.17,

Նյուսրում

Ատելության խոսքի կարգավորման նախաձեռնություն ԱԺ-ում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակը պայքարն է ատելության խոսքի դեմ: 

Պատգամավորները, անկախ փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վեց ամսվա ընթացքում ուսումնասիրելու և քննարկելու են ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային փորձը, մեր օրենսդրության հետ համապատասխանությունը, ատելության խոսքի տարածման քրեականացման և այլ հարցեր:

«Արդեն տևական ժամանակ է քննարկվում է, որ ատելության խոսքը պետք է կարգավորել օրենքով: Մտածեցինք ԱԺ-ում հարթակ ստեղծել, քննարկել բոլոր առաջարկները: Մեր նպատակը միայն քրեական կարգավորումը չէ, մեզ համար կարևոր է կրթության միջոցով հանրային իրազեկումը»,- ասում է աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Ատելության խոսքը մարդու որևէ հատկանիշի, որևէ խմբի նկատմամբ արտահայտված խոսքն է, որը զուգորդված է բռնության կոչով, ատելությամբ, հրահրում և սերմանում է գործողություններ, որոնք բխում են ատելությունից:

Նրա խոսքով, պետք է մեծացնել քրեական պատասխանատվության շրջանակը՝ ընդլայնելով խտրականության դրսևորման սահմանները:

Այժմ մեր օրենսգրքում թշնամանք և ատելության խոսքի տարածումը կարգավորվում է երեք հատկանիշներով՝ ռասայի, կրոնի և ազգության: Եվ քրեորեն պատժվում է:

Սակայն կա նաև անհրաժեշտությունը ընդլայնելու այդ երեք հիմնական հատկանիշները, քանի որ մարդիկ խտրական վերաբերմունքին են արժանանում և ատելության խոսքի թիրախ դառնում նաև այլ հատկանիշներով՝ սեռի, ծագման, զբաղմունքի, սոցիալական կամ ֆիզիկական վիճակի, գենդերային ինքնության, հաշմանդամության և այլն:

«Կարևոր է այս թեմայով հանրային խոսակցությունը, քննարկումների հանրայնացումը, որպեսզի մարդիկ զգան, հասկանան, որ ատելության խոսքի դեմ պայքարը խոսքի ազատության սահմանափակում չէ: Ատելության խոսքը չի պաշտպանվում խոսքի ազատության պատշպանության երաշխիքներով»,- ասում է Սարգիս Խանդանյանը:

Ի տարբերություն կեղծ լուրերի շրջանառության (ֆեյքնյուզի), որի դեպքում դժվար է կարգավորումներ մտածել, ատելության խոսքի դեմ օրենսդրական կարգավորումների եվրոպական երկրների փորձը, կարող է օգտակար լինել․ 

«Պետք է դիտարկել, թե ինչ համատեքստում է ասվում խոսքը, ով է ասում, ինչ լսարանի համար է ասում, պարզել՝ կա՞ դիտավորություն, թե՞ ոչ:  Եվ որքան հաճախ է ասվում: Ատելության խոսքը պետք է կրկնվող լինի»,- ասում է Սարգիս Խանդանյանը:

Ատելության խոսքի դեմ պայքարին թերահավատ մոտեցողները նշում են, թե դժվար է որոշել, որ դեպքում պետք է այն դիտարկել քաղաքացիական և որ դեպքում քրեական պատասխանատվության դաշտում:

Աժ պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում երկընտրանքում կողմնորոշվելու համար որպես օրինակ է բերում ՄԱԿ-ի առաջարկած «Ռաբաթի թեստը»: 

Թեստի հիմքում վեց կետ է դրված` համատեքստ, հեղինակ, դիտավորություն,  բովանդակություն ու ձև, տարածում, վնասի հավանականություն կամ ռիսկ: 

Եթե ատելության խոսքը պետք է քրեական պատասխանատվության տիրույթում քննարկվի, կարևոր է վնասի հավանականության կամ որոշակի ռիսկի հիմնավորումը: Նաև հարկավոր է ապացուցել պատճառահետևանքային կապը ատելության խոսքի և հնարավոր բռնության կամ խտրական գործողության միջև։

Իհարկե, ատելության խոսքի համար հարմար հարթակ են սոցցանցերն ու լրատվամիջոցների սոցցանցային էջերը, որտեղ մեկնաբանությունների ու կարծիքների տարափը չի փայլում հավասարակշռված ու արժանապատիվ խոսքով: Եվ քիչ չեն ատելության խոսքից ծնված բռնության կոչերը:

Թե որքանով են լրատվամիջոցները հետևում ու հսկում իրենց էջերի հիգիենան, որոշում է միայն լրատվամիջոցը:

1in.am-ի և «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Աստղիկ Սափեյանը հաճախ է հանդիպում ատելության խոսքի դրսևորումների և կարծում, որ դաշտը օրենսդրությամբ կարգավորելու ժամանակն է:

Նրա խոսքով, ահռելի աշխատանք է ամեն օր հետևել կայքի, սոցցանցերի հարթակներում կատարվող գրառումներին և մոդեռացիա անել դրանք: Լրատվամիջոցը հիմնականում հեռացնում է ատելության խոսք, բռնության կոչեր ու հայհոյանքներ պարունակող գրառումները ուղիղ միացումների, հարցազրույցների ժամանակ, սակայն չի կարող վերահսկել, թե ինչ գրառումներ կարող են լինել Յություբում տեսանյութը տեղադրելուց շաբաթներ, ամիսներ անց:

Լրատվամիջոցի խմբագիրն ասում է, որ օրենսդրական կարգավորումը ամբողջությամբ չի կարող կարգավորել դաշտը, սակայն մարդկանց կդարձնի ավելի զգոն, և ատելության խոսքի չափաբաժինը կնվազի:

Նոր իշխանությունը ատելության խոսքի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին խոսում է դեռ հեղափոխության օրերից: Զարմանալիորեն պայքարը պատվիրակվեց Ազգային անվտանգության ծառայությանը: «Դուխով Հայաստան» էջի օգտատերը կալանավորեց բռնության կոչեր, ատելության խոսք տարածելու համար։ Այդ գործի քննության ընթացքից նորություն դեռ չկա, թեև ատելության խոսքի դեմ պայքարի համատեքստում սա կարող էր նախադեպ դառնալ: 

Օրենսդրական կարգավորումներից բացի ատելության խոսքի նվազման համար անհրաժեշտ է հանրային զգոնություն և գիտակցում, որ թշնամանք ու ատելություն տարածելը ոչ թե խիզախություն է, այլ նաև պատժելի արարք:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *