Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի սակագները։
Ամենաբարձր գինն առաջարկում են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 1 րոպեի համար 100 հազար դրամ:
Մեկ տարի առաջ՝ 2017թ-ի խոհրդարանական ընտրությունների ժամանակ այս երկու հեռուստատեսություններում քաղաքական վճարովի գովազդի սակագինը նույնն էր: Ընդ որում, վճարովի եթերաժամանակի սահմանափակում «Արմենիա»-ում և «Շանթ»-ում չկա:
Համեմատաբար ցածր են Հանրային հեռուստատեսության՝ «Առաջին ալիք»-ի և «հ2»-ի սակագները՝ համապատասխանաբար 48 հազար և 60 հազար դրամ:
Հանրային հեռուստաընկերությունը դեռևս 2013թ-ի ընտրություններից է սկսել վերանայել իր սակագինն՝ այն իջեցնելով 80 հազարից մինչև 48 հազար: 2017թ-ին 1 րոպե քաղաքական գովազդի գինը հանրայինում արժեր 60 հազար դրամ:
Պանարմենիան մեդիա գրուպի կազմում գտնվող «Ա-Թիվի»-ում գովազդի սակագինը 1 րոպե համար արժե 40 հազար դրամ:
«Երկիր մեդիա»-ն, «Կենտրոն»-ը, «Արմնյուզը», «Ար»-ը և «Հ3»-ը առաջարկում են սակագին 20 հազար դրամի շրջանակներում:
2017-ի համեմատ իր սակագինը վերանայել է «Հ3»-ը՝ մեկ րոպեի համար 50 հազարից այն դարձնելով 18 հազար, «Կենտրոն»-ը՝ 18 հազարից դարձնելով 24 հազար: «Երկիր մեդիա»-ն ու «Արմնյուզը» հավատարիմ են մնացել 2017թ․ սակագներին՝ համապատասխանաբար 25 հազար և 20 հազար դրամ:
Ամենացածր գնով եթերաժամանակը «21TV» հեռուստաընկերությունում է՝ 8 հազար դրամ մեկ րոպեի համար։
Հիմնականում հեռուստաընկերությունների վճարովի եթերաժամանակի տևողությունը 10-ից մինչև 30 րոպե է, որոշ դեպքերում սահմանափակում չկա:
Մարզային հեռուստաընկերություններից ամենաբարձր գինն առաջարկում է «Շանթ» Գյումրին՝ 18:00-22:00 ժամանակահատվածում 1 րոպեի գինը 18 հազար դրամ: 500 դրամ տարբերությամբ հետ է «Ֆորտունան»՝ րոպեն 17 500 դրամ: «Գալա»-ում րոպեն արժե 15 հազար դրամ:
Մարզերում եթեր հեռարձակվող ալիքներում գնային մեծ փոփոխություններ չկան, 1 րոպեի համար գնի տատանումը եղել է մեկ կամ մի քանի հազար դրամի շրջանակներում:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ամենացածր սակագինն առաջարկում է Ալավերդու «Անկյուն գումարած 3»-ը՝ րոպեի դիմաց 1000-1400 դրամ մինչև երեկո, երեկոյան` 1900 դրամ:
Ռադիոեթերում քաղաքական գովազդը 2017-ի համամատ գրեթե նույնն է՝ րոպեի դիմաց 600-2500 դրամի շրջանակներում:
Արտահերթ ԱԺ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը նոյեմբերի 26-ին է: Դեկտեմբերի 8-ը լռության օր է: Քարոզարշավը կտևի 12 օր։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: