Դեկտեմբերի 9-ին սպասվող ԱԺ ընտրություններին ընդառաջ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ պայմանավորվել են աշխատել հավասար և ազնիվ խաղի կանոններով: Մի շարք հանրապետական և մարզային սփռման լրատվամիջոցներ ստորագրել են արտահերթ ընտրությունների լուսաբանման հուշագիր:
Նրանք համաձայնել են պահպանել էթիկական սկզբունքները և հետևել նախընտրական քարոզչության անվճար և վճարովի եթերաժամանակի տրամադրման կարգին:
Այս գրավոր պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի և աջակից լրագրողական կազմակերպությունների նիստում:
Ընտրությունների ժամանակ այս լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում չպետք է թաքնված քաղաքական գովազդի վերածեն կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները:
Հուշագիրը ստորագրել են «168 ժամ»-ը, Lragir.am-ը, Sut.am-ը, «Առավոտ»-ը, «Լոռու մարզ» թերթը, «Լոռի», «Ալտ», «Հրազդան» հեռուստաընկերությունները և մի շարք այլ լրատվամիջոցներ:
«Նման հուշագիր ստորագրվել է 1996թ-ի ընտրությունների ժամանակ, դրանից հետո նման փաստաթղթի մասին կամ խոսք չի եղել կամ ընդհանուր համաձայնություն»,- ասում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի համակարգող Մեսրոպ Հարությունյանը:
Նրա խոսքով, նախկին ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները թեև պահպանել են լուսաբանման եթերաժամանակի պահանջը, սակայն թույլ են տվել բազմաթիվ էթիկական խախտումներ:
Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ հուշագրի ստորագրումը կարևոր է, բայց բավարար չէ և կարող է պրակտիկ կիրառության ժամանակ խնդիրներ առաջացնել:
«Մինչ այս փաստաթղթի ստորագրումը իրենց գործունեության մեջ պատասխանատու, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն ու լրագրողները ընտրությունների ժամանակ մշտապես և հնարավորինս պահպանել են էթիկական նորմերը: Հուշագրում, իհարկե, նոր կետեր կային, սակայն ընդհանուր առմամբ դրանք բարի ցանկություններ են: Կասկածում եմ, որ հատկապես նման ընտրությունների պայմաններում կարող են դրանք ամբողջությամբ պահպանվել, շեղումներ օբյեկտիվորեն կլինեն»,- ասում է Սաթիկ Սեյրանյանը:
Նրա կարծիքով, ընտրությունների լուսաբանման ընթացքում Էթիկական կանոններն ամբողջությամբ կիրառել չի ստացվելու:
Մարզային հեռուստաընկերությունից «Ալտ»-ը պատրաստակամ է հետևել այն բոլոր կետերին, որոնց տակ ստորագրել է: Հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանն ասում է, որ նախկինում կարգավորված չէր և իրավական հետևանք չկար, հետևաբար ոչինչ չէր արգելվում:
Հիմա կարիք կա ավելի պատասխանատու լինելու, քանի որ, ըստ Դանիելյանի, բոլոր խախտումներն արձանագրվելու են մոնիթորինգի ժամանակ:
Մեսրոպ Հարությունյանը, անդրադառնալով բովանդակային կետերին, ասում է.
«Այս հուշագրով հեռարձակող լրատվամիջոցները ձեռնպահ են մնալու որևէ կոնկրետ թեկնածուի կամ կուսակցության աջակցելուց, իսկ տպագիր և առցանց լրատվամիջոցները նման մտադրություն ունենալու դեպքում նախապես և հստակ հայտարարելու են»:
Փաստաթուղթը ստորագրած լրատվամիջոցները հնարավորինս սահմանափակելու են կուսակցական գործիչների ոչ քաղաքական, այսինքն՝ մասնագիտական գործունեության կամ պաշտոնական պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների տարածումը, եթե այդ տեղեկությունները հանրային նշանակություն չունեն:
Հուշագրի կետերի խախտման դեպքում Դիտորդ մարմինը ԶԼՄ-ների և դրանք ներկայացնող լրագրողների վարքի համապատասխանությունը քննարկելու է և հանդես գա եզրակացությամբ:
Հուշագիրը բաց է այլ ԶԼՄ-ների ստորագրման համար:
Գայանե Ասրյան
Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: