2018.09.28,

Նյուսրում

Փոփոխությունների ու լրագրողական նոր մոտեցումների պատմություններ. «Թվապատում 2018»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Սեպտեմփերի 28-ին ամփոփված «Թվապատում 2018» մրցույթն առանձնացրեց մի քանի լրագրողական պատմություններ, որոնք առաջացրել են հասարակական հնչեղություն, ստիպել մտածել ու ձեռնարկել փոփոխություններ:

«Ուզում էի անցնել փողոցը, տարված էի հեռախոսով, սկսեցի սպասել լուսակրի ձայնին ու այդ պահին հասկացա, որ բազմաթիվ մարդիկ ճանապարհն անցնելու համար լուսակրի ձայնի կարիք ունեն, մինչդեռ նման հարմարություն կա միայն քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներում: Միտքն ինձ ստիպեց գտնել Սիփանին և նրա հետ քայլել քաղաքում ու լսել Երևանը»,- ասում է լրագրող Արեն Մելիքյանը, որը մրցույթում հաղթած EVNreport նախագծի «Լսել Երևանը» պատմության հեղինակն է:

Նրա հետ այս պատմության Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում մրցանակ ստացավ նաև նյութի հերոս Սիփան Ասատրյանը, որը տեսողական խնդիրներ ունի:

«Մեր հասարակությունը չգիտի, որ հաշմանդամությունը տառապանք չէ, և ինձ կարող է երջանկացնել թեկուզ այն, որ պատահական մարդկանց հետ խոսեմ և բացատրեմ դա»,- անկեղծանում է սեպտեմբերի 23-ի ընտրություններում Երևանի ավագանու անդամ ընտրված Սիփան Ասատյանը, ում շատ էր ոգևորել Արենի առաջարկած համագործակցության ֆորմատը:

Մրցույթում հաղթած նյութերի թեմաներն էին սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները:

Լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս Թվապատման ժյուրին կարևորել էր աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները: Հաղթողները պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:

«Բավականին բարձր որակի նյութեր էին ներկայացված, ընտրությունը դժվար էր: Պարզապես վերջին տարիներին մի քանի գերակշռող թեմաներ կան, օրինակ հաշմանդամությունը, ինչը բնական է հաշվի առնելով մրցույթի պահանջը և թեմայի լուսաբանման մատչելիությունը»,-ասում է մրցույթի ժյուրիի անդամ, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Սոցիալական թեմայով «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները պաշտպանված չեն»  տեսանյութի համար հաղթող ճանաչվեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Սուսան Բադալյանը Ստատուս․ մարդու իրավունքներ անվանակարգում:

«Իմ պատմության մեջ ներկայացված խնդիրներն հեշտ լուծվող չեն, դրանք տասնյակ տարիներով կուտակված խնդիրներ են, միայն կոյուղու հարց չէ, այլ հոգեկան խանգարում ունեցող մարդու հանդեպ վերաբերմունքի խնդիր է: Անկեղծ ասած տեսանյութը պատրաստելիս և հիմա էլ ես արագ փոփոխությունների ակնկալիք չունեմ»,- ասում է Սուսան Բադալյանը, որը խնդիրը հանրային քննարկման դաշտ բերեց:

Նա կարևորում է հատկապես նկարահանման ժամանակահատվածը, երբ երկրում հեղափոխություն եղավ և Նուբարաշենի առողջության պահպանման ազգային կենտրոն մուտք գործելու առիթ ստեղծվեց:

Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգի հաղթող նյութը Hetq.am-ում հրապարակված «Կոմունալ վճարներ․ ինչպես են տաքանում Երևանում» պատմությունն է:

Դիտակ. հետաքննական լրագրություն անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց  Hetq.am-ի լրագրող Գրիշա Բալասանյանը՝ «Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը» նյութի համար:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում անվանակարգում պարգևատրվեցին Ampop.am կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը՝ «Կուտակային կենսաթոշակ. ապահովելով սեփական ծերությունը» նյութի համար, և Ուրբանիստա կայքի «Բացակա քաղաքացիները`ավագանու բաց նիստերին» պատմության համահեղինակներ Հասմիկ Դիլանյանն ու Անահիտ Մինասյանը։

Հիմնական անվանակարգերից բացի, հատուկ և խրախուսական մրցանակներ շնորհվեցին պատմությունների, որոնք առանձացել էին նյութերի լրագրողական բարձր որակով և ներկայացված թեմայի կարևորությամբ:

4Պլյուս կոլեկտիվի վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «Կյանքը մինչև և հետո» ֆոտոպատմությունն արժանացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հատուկ մրցանակին:

Հին թեման նոր գործիքների լավագույն կիրառման համար մրցանակ ստացավ Mediamax.am-ի «Հանրապետություն» նախագիծը:

«Թվապատում» ամենամյա մրցույթը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Այս տարի մրցույթին աջակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Յուքոմ ընկերությունը:

Գայանե Ասրյան,
Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *