2018.07.11,

Նյուսրում

«Մարդու պատմությունն իր փոխարեն պետք չէ պատմել, թողեք դա ինքն անի»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր գործունեությունը սկսել է հանրայնացնել՝ օգտագործելով թե՛ ավանդական մեդիան, թե՛ սոցիալական ցանցերը: Եվ դա անում է հիմնականում մարդկանց մասին հուզիչ պատմություններով, որոնք վեր են ազգությունից, կրոնից, սկզբունքներից, քանի որ մարդասիրական են և համամարդկային:

Նորա Լիվեն կազմակերպության թվային հաղորդակցության մասնագետն է: Նա Թվապատում կոնֆերանսին պատմեց, որ բազմակողմանի քննարկումներից հետո որոշել են համագործակցել լրատվամիջոցների հետ, նրանց հնարավորություն տալ մոտիկից տեսնել իրենց աշխատանքն ու դրա արդյունքները:

Իրականում, ինչպես խոստովանում է Նորան, դժվար է լրագրողներին որոշակի պարբերականությամբ հետաքրքիր պատմություններով գրավելը, քանի որ տարբեր են մեդիայի սպասումները, աշխատանքային լեզուն, նպատակները:

Միջազգային, հասարակական, ինչպես նաև ոչ կոմերցիոն, բարեգործական կազմակերպությունները լրատվամիջոցների հետ աշխատելու, երկար հարաբերություններ կառուցելու խնդիր ունեն: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գտել է որոշ ձևեր, բայց Նորան ասում է, որ մեդիայի հետ կապն ամրապնդելու համար ամենօրյա աշխատանք է պետք:

«Մեր կազմակերպությունը չափազանց չեզոք է, մենք դուրս ենք քաղաքականությունից, մենք որևէ կոնֆլիկտի կողմ կամ քաղաքական մաս չենք, հետևաբար պետք է գերուշադիր լինենք մեր պատմություններում: Եվ պատմենք պատմություններ՝ հիմնված միայն փաստերի վրա»,- նշում է նա:

Մեր զրուցակցի խոսքով, բովանդակություն լրագրողներին տալու խնդիրը միշտ արդիական է, հատկապես եթե դրանք այնքան էլ հետաքրքրիր կամ հուզիչ չեն, մեծ ջանքեր են պետք դրանք փաթեթավորելու համար:

Պատմությունն, ըստ մեր զրուցակցի, որպեսզի լուսաբանվի պետք է էքսկլյուզիվ լինի և կոնկրետ մեսիջներ ունենա մեդիայի համար. «Մեր պատմությունները հետաքրքիր են, որովհետև դրանք ստեղծելու հնարավորություն ունենք միայն մենք: Հակամարտության տարբեր կողմեր ունեն իրենց հետաքրքրություններն ու միգուցե պատմությունները: Կողմերը հնարավորություն չունեն ճանաչել, ինչ մարդկային պատմություններ ու ապրումներ, հույզեր կան մյուս կողմում»:

Մամուլի հաղորդագրությունները, ըստ Նորայի, հետաքրքիր չեն, ձանձրալի են լրագրողների համար, իրենք լրագրողներին մարդկային պատմությունների մաս են դարձնում՝ հնարավորություն տալով մտնել նրանց առօրյա, հանդիպել ընտանիքների հետ:

«Մենք լրագրողներին հարցնում ենք՝ ինչ են ուզում լուսաբանել, ինչը նրանց համար կարող է լինել բառացիկ: Օգնում ենք նրանց կառուցել իրենց պատմությունները, տրամադրում ենք մեր լուսանկարները: Երևի դա է մեր աշխատանքի նորությունը»,-հավելում է թվային հաղորդակցության մասնագետը:

Նա պատմում է, որ  լինում է, երբ լրագրողները դեպքի վայրերում միանգամից սկսում են քաղաքականացել կատարվողը: Ամեն դեպքում, ըստ Նորայի, դա իրենց ընտրությունն է. «Մենք լրագրողներին ազատություն տալիս ենք, դա կազմակերպության ռիսկն է, այլ լուծում չկա: Պետք է մի քայլ առաջ անցնենք մեր քաղաքականությունից և ճանապարհներ բացենք լրատվական դաշտի համար: Այս պահին նման մի հնարավարություն ենք ստեղծել National Geographic-ի համար` լուսանկարելու հակամարտող երկրների կանանց: Գաղափար չունենք ինչ է արդյունքում ստացվելու»:

Նրա խոսքով, բոլոր լուսաբանումներում մարդը պետք է լինի հիմնական դերակատարը՝ իր անկեղծությամբ, խնդիրներով: Եվ առանց մեդիայի կողմից տրվող քաղաքական աստառի: Լրագրողները, ինչպես նա նկատում է, դեպքի վայրից պետք է հետ բերեն մարդկանց էմոցիաները:

«Եվ ամենակարևորը, մարդու պատմությունն իր փոխարեն չպետք է պատմել, թողեք դա ինքն անի»,- ամփոփում է Նորան:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար մարդկանց պատմություններում իր հիշատակումը կարևոր չէ, իրենք օգնում են մարդկային պատմություններ լուսաբանել: Քաղաքական կամ այլ հնչերանգի դեպքում, փորձում են դրանից հետ կանգնել, թեև օգնում են բացել տեղեկատվությունը:

Նորան ասում է, որ իրենք լրագրողներին պատրաստի տեսահոլովակներ չեն  տալիս, կայքում ունեն հատուկ բաժին, որտեղ կան տեսանյութեր, լուսանկարներ, հոդվածներ, որոնք բաց են լրատվամիջոցների օգտագործման համար:

 

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *