2018.06.05,

Նյուսրում

Ստեփանակերտի ցույցեր. սկզբում կար ինֆորմացիայի պահանջարկ, չկային լրատվամիջոցներ (*)

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Ստեփանակերտում հունիսի 1-ին մի քանի քաղաքացիների ու ԱԱԾ աշխատողների մասնակցությամբ՝ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքը բողոքի ակցիայի առիթ դարձավ:

Դրան հետևած դեպքերը առաջինը լուսաբանելու եկան ոչ թե տեղական լրատվամիջոցները, այլ անհատները, որոնք կարճ տեսանյութերի, գրառումների և լուսանկարների միջոցով փորձում էին ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել:

Երեք օր տևած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները փակել էին Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը և պահանջում էին ուժային կառույցների (բացառությամբ բանակի) ղեկավարների հրաժարականը:

Արցախի համար արտառոց այս իրադարձությունը պաշտոնյաներին ստիպեց որոնել ցուցարարներին հանդարտեցնելու և նրանց հետ բանակցելու տարբերակներ:

Արցախի համար ոչ սովորական իրավիճակ էր՝ բողոքի ցույցեր էին, նախագահն իր նստավայրում ընդունում էր այդ ցույցերը համակարգող խորհրդի ներկայացուցիչներին, իսկ ԱԺ-ն գումարում էր արտահերթ նիստ, որն ուղիղ միացմամբ կարելի էր դիտել «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Լրագրողները Հայաստանից Արցախ հասան երկրորդ օրը: Մինչ այդ տեղացիները կատարվող իրադարձությունները լուսաբանում էին նաև սոցիալական մեդիայի միջոցով: (**)

Ինտերնետ կապի վատ որակի պատճառով լայվ հեռարձակում անել չէր ստացվում. սա փաստում էին և լրագրողները, և անհատները:  

Ֆրիլանս լրագրող Հայկ Ղազարյանը հունիսի 1-ին ուշ երեկոյան, կարդալով Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը, մտածեց, որ հաջորդ օրը առանձնահատուկ բան չի կատարվի, քանի որ պահանջները, իր ասելով, մի տեսակ լղոզված էին:

Սակայն առավոտյան արթնացավ ավտոմեքենաների ձայներից (նա բնակվում է Ազատամարտիկների փողոցում) ու հասկացավ, որ թեժ է:

Շտապեց ցույցի վայր՝ ավտոկայան, երբ տեսավ, որ ֆեյսբուքում իրեն շատ հարցեր են տալիս՝ ցանկանալով իմանալ, թե ինչ է կատարվում իրականում:

«Հասկացա, որ ինֆորմացիայի պահանջարկ կա: Լրատվամիջոցներ չկային: Ես իմ փոքր տեսախցիկով սկսեցի նկարել: Երբ հասա ցույցի վայր, այնտեղ էին պետնախարարը, անվտանգության քարտուղարը, Ազատամարտիկների միության նախագահը: Մի խոսքով թեժ էր: Սկզբից ասում էին, որ չնկարահանեմ, բայց ես հրապարակեցի տեսանյութը, որը հետո մեծ արձագանք գտավ»,-ասում է Հայկը:

Քանի որ ինտերնետ կապը շատ վատն էր, Հայկն մի քանի անգամ ստիպված էր տուն գնալ ու այնտեղից գրառում անել կամ ինչ-որ բան հրապարակել:

Հետագայում ցույցի վայրի հարևանությամբ ապրող բնակիչներից մեկից խնդրեց Wi-Fi-ի գաղտնաբառն ու սկսեց դեպքի վայրից լայվ  ռեժիմով գրառումներ անել:

«Փորձել եմ տեսախցիկի դերում լինել ու փոխանցել կատարվածը: Թե ինչքանով է հաջողվել՝ չգիտեմ: Այս օրերին հետևորդներս են շատացել, բազմաթիվ ընկերության հայտեր եմ ստացել, հայաստանյան լրատվամիջոցներից են դիմել ու հրապարակումներս օգտագործելու թույլտվություն խնդրել: Միայն «Հետքի» համար եմ առանձին հարցազրույց արել»,- ասում է Հայկը:

Ստեփանակերտի իրադարձությունները սոցիալական մեդիայում  ունեցան իրենց սեփական հեշթեգը՝  #ԵկՎակզալ:

Ստեփանակերտցի մեկ այլ ազատ լրագրող՝ Մարութ Վանյանը, ակտիվ օգտագործում էր Ինստագրամն ու Ֆեյսբուքը, թեև հանդիպում էր բարդությունների.

«Պատճառն առաջին հերթին համացանցի անհասանելիությունն է: Եթե տեսանյութ եք պատրաստում, պետք է այն տեսագրել, հասնել գրասենյակ, մոնտաժել, տեքստ գրել… Բայց հայտնի չէ, թե երբ այն կվերբեռնվի Յություբում: Երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, իսկ դու զբաղված ես քո նյութի հրապարակմամբ, կորցնում ես մեկ այլ կարևոր նյութ նկարահանելու հնարավորություն»:

Մարութն ասում է, որ այդ օրերին բազմաթիվ զանգեր էր ստանում Հայաստանից ու սփյուռքից, հայաստանյան լրատվամիջոցները մեկնաբանություններ էին ուզում, ֆեյբուքով էլ էին շատ գրում:

Հայաստանյան երկու լրատվամիջոցների առաջարկով նա լուսաբանում էր իրադարձությունները:

Փակված փողոցի ու պաշտոնյաներին ներկայացված դժգոհությունների մասին նա իմացել էր ընկերոջից, գնացել ու տեսել հավաքված բազմությունը:

«Եթե նման բան լիներ Երևանում, նույն վայրկյանին լրագրողների ոչ պակաս բազմություն կհավաքվեր դեպքի վայրում` պարզելու, թե ինչ է կատարվում, անգամ եթե դա գիշերվա ժամերին լիներ: Սակայն այդ առավոտյան ես ոչ մի տեղական լրատվամիջոցի ներկայացուցիչ չտեսա: Ցույցի ներկայացուչիցներն էին իրենց բջջային հեռախոսներով նկարահանում: Որոշ ճշտումներից հետո մի քանի լուսանկարների հետ գրառում կատարեցի Ֆեյսբուքում, որը բնականաբար ոչ անտարբեր մարդկանց մոտ սկսեց հետաքրքրություն առաջացնել, մարդիկ (հատկապես Արցախից դուրս գտնվողները) ուզում էին իմանալ մանրամասները»,- պատմում է Մարութը:

Նրա համար ամենամեծ խոչընդոտը համացանցի որակն էր.

«Որքան էլ տարօրինակ է, ես չտեսա անգամ ակցիայի կազմակերպիչների գրառումները ֆեյսբուքում, չնայած տրամաբանությունը հուշում էր, որ հենց նրանք պետք է ամենաակտիվը լինեն համացանցում` իրենց գրագետ, կշռադատված, մարդկանց հասկանալի գրառումներով: Հենց կազմակերպիչները պետք է տեղյակ պահեին իրենց օրակարգի մասին և այլն»:

Մարութը համոզված է, որ որքան էլ ցանցերի օգտատերերը փորձեն փոխանցել իրական պատկեր, պետք է պրոֆեսիոնալ լրագրություն:

Տեղական լրատվամիջոցները չկարողացան այնպես լուսաբանել, ինչպես Հայաստանում, իսկ հայաստանյան լրատվամիջոցները Ստեփանակերտ եկան միայն երկրորդ և երրորդ օրը:

«Տեղական լրատվամիջոցները թերի են աշխատել: Ես ուղղակի ֆիզիկապես չէի հասցնում պատասխանել մարդկանց բազմաթիվ հարցերին և ֆեյսբուքյան նամակներին: Կարծում եմ, սա վկայում է տեղական լրատվամիջոցների թերանալու մասին, հակառակ դեպքում մարդիկ ինձ չէին հարցնի, թե ինչ է կատարվում Արցախում, այլ պարզապես կմտնեին օրինակ Արցախի հանրային հեռուստատեսության էջ և կհետևեին ուղիղ հեռարձակումներին»,- ասում է Մարութը:

Եվ Մարութ Վանյանը, և Հայկ Ղազարյանը իրենց հրապարակումներով փորձեցին ներկայացնել իրադարձությունները՝ հնարավորինս արագ, հնարավորինս՝ ստույգ տեղեկություններով:

 

Անահիտ Դանիելյան

*
2018թ. հունիսի 6-ին այս հոդվածի վերնագիրը փոփոխվել է: Ավելացվել է «սկզբում» բառը: Պատճառն այն է, որ մեր ընթերցողների մոտ կարծիք կար, որ վերնագիրը չի արտահայտում կարևոր դերը, որ Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանելիս խաղացել են հայաստանյան այն լրատվամիջոցները, որոնք լրագրողների խմբեր են գործուղել Արցախ:

**
2018թ. հունիսի 6-ին այս պարբերությունը փոփոխվել է: Սկզբում այն ուներ այս տեսքը «Մինչև լրագրողները Հայաստանից կհասնեին Արցախ, տեղացիները, օգտագործելով սոցիալական մեդիան, արդեն լուսաբանում էին կատարվող իրադարձությունները:»: Փոփոխությունն արվել է, քանի որ մեր ընթերցողների մոտ կարծիք կար, որ տեքստը չի արտահայտում կարևոր դերը, որ Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանելիս խաղացել են հայաստանյան այն լրատվամիջոցները, որոնք լրագրողների խմբեր են գործուղել Արցախ:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *