2018.04.16,

Նյուսրում

Աշխատելով #ԻմՔայլի արտակարգ ռեժիմով

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Լրագրողները, լուսանկարիչներն ու օպերատորները վաղ առավոտից պատրաստ էին լուսաբանելու #ԻմՔայլը բողոքի ակցիայի ընթացքը, որը զարգանում էր Երևանի տարբեր կետերում՝ ուղեկցվելով փողոցների ու կամուրջների շրջափակմամբ: Հետագայում, ինչպես տեսանք, ակցիայի սցենարը անընդհատ փոխվում էր, մոբիլիզացվում էին ոստիկանական ուժերն ու տեղի էին ունենում բախումներ:

Լրագրողները ստիպված էին հաշվի առնել տարբեր թեժ կետերում տեղի ունեցող դեպքերն ու աշխատել արտակարգ ռեժիմով:

#ԻմՔայլն արշավի սկիզբը դրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Արշավի նպատակն է կանխել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետը՝ վարչապետությունը։

Սկսելով Գյումրիից՝ մասնակիցները 1 4 օրերի ընթացքում, անցնելով շուրջ 200 կմ ճանապարհ, ապրիլի 13-ին հասան Երևանի Ազատության հրապարակ:

Ակցիայի կիզակետը ապրիլի 16-ին էր, երբ մասնակիցների քանակը հասավ մի քանի հազարի ու դեմ առ դեմ ելավ ոստիկանական պատին Բաղրամյան պողոտայում:

Լրագրողների հետ ամփոփել ենք ապրիլի 16-ի առաջին մասը, առանձնացրել աշխատանքի լավ և վատ կողմերը:

Աիդա Կարապետյան, ԱՐ հեռուստաընկերություն

Մեր հեռուստաընկերությունից առավոտից մինչև այժմ չորս նկարահանող խումբ է աշխատել: Րոպեներ անց արդեն ռեպորտաժներ կլինեն մեր լրատվական թողարկումներում:

Մեր աշխատանքային խմբերը քաղաքի տարբեր հատվածներում են աշխատում, որպեսզի իրավիճակի ամբողջական պատկերը կարողանանք ցույց տալ: Ընդհանուր առմամբ, հեշտ է աշխատել և մինչ այժմ ոչ մի խոչընդոտ չի եղել:

Քնար Խուդոյան, epress.am

Շատ լրատվամիջոցների խմբագրությունները քաղաքի կենտրոնում են և շատ դժվար է նյութեր տանել-հասցնել խմբագրություն, երբ փողոցները փակ են: Նկարահանում ենք, արագ հասկանում, թե ինչ է կատարվում և որն է լինելու հաջորդ քայլը, և նյութերը ուղարկում հրապարակման:

Ինձ թվում է այս պահին ոչ միայն լրագրողները, այլև մասնակիցները կողմնորոշված չեն գործողությունների մեջ և շատ կարևոր է, որպեսզի բացի օնլայն լուսաբանումը, մենք հասկանանք կազմակերպիչների քայլերի տրամաբանությունը, ոստիկանների գործողությունների սցենարները և միայն դրանից հետո դեպքի վայրից լուսաբանումներ իրականացնենք:

Առավոտից արդեն անհնար է Բաղրամյան փողոց գնալը, փակված էր, հիմա էլ պարզ չէ կգնանք այդ ուղղությամբ, թե ոչ: Մենք՝ լրագրողներս, պետք է հասկանանք և դրա մասին տեղեկացնենք մեր լսարանին:

Տիրայր Մուրադյան, Իրազեկ քաղաքացիների միավորում

#ԻմՔայլը նոր աշխատանքային ֆորմատ է լրագրողների համար, քանի որ չես կարող աշխատել մի տեղում, պետք է անընդհատ շրջես, ուշադիր արձանագրես տեղի ունեցող իրադարձությունները:

Այդ անկանխատեսելիությունը նաև ոգևորում է լրագրողներին: Օրինակ, առավոտյան գիտեինք, որ փակելու են կամուրջները, գնացինք այնտեղ, սակայն հետո պլանները փոխվեցին: Այսինքն, մենք էլ չգիտենք, թե ինչ տեղի կունենա հաջորդ պահին: Մինչդեռ այլ տեղ՝ Հերացու փողոցում ծավալվեցինք զարգացումները, փակեցին փողոցը:

Իմ աշխատանքային պրակտիկայում երբեք այսքան ադրենալին չեմ ստացել ցույցեր և այլ ակցիաներ լուսաբանելիս:

Անի Գևորգյան, լուսանկարիչ, Forrights.am

Նման իրավիճակներում շատ կարևոր է բեյջով աշխատելը, սակայն իմ փորձառությունը ցույց է տալիս, որ ոստիկանները միևնույն է չեն խնայում նաև լրագրողներին: Եվ դա վախեցնում է:

Երթը լուսաբանում եմ որպես ֆրիլանս լրագրող, հատկապես հետևելով, թե որքանով են ակցիայում ներգրավված երիտասարդներն ու ուսանողները: Թեմատիկ մոտեցումն ավելի հետաքրքիր է դարձնում իմ աշխատանքը, քանի որ կարողանում եմ ավելի նեղացնել և խորացնել իմ լուսանկարների առանցքը:

Գևորգ Թոսունյան, CivilNet.am

#ԻմՔայլը առաջին բողոքի ակցիան է, որտեղ մարդիկ ինքնաբուխ համախմբվել են, սա նաև լրագրողների համար է նորություն: Դա խանդավառում է: Դու էլ ես սկսում ավելի ոգևորված աշխատել:

Ցույցի ընթացքում նկատել եմ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մոտեցել եմ, որ հարցազրույց վերցնեմ, հասկանամ ինչ են անում, սակայն ադեկվատ են եղել, չեն վիճաբանել: Ոստիկաններն ադեկվատ են իրենց պահում նաև լրագրողների հանդեպ, ոստիկանների և լրագրողների միջև բախում այս օրերին չեմ նկատել:

Շողիկ Գալստյան, Factor.am

Հերացու փողոցից դեպի Կորյուն փողոց ընկած հատվածում հրմշտոց եղավ, չնայեցին լրագրողների բեյջերին և քաղաքացիների  հետ նրանց ևս դարձրին թիրախ: Մի քանի լրագրողներ (Հրապարակ, CivilNet.am) այդ պահին հայտնվեցին ոստիկանական պատի առջև:

Այդ ժամանակ շատ արագ շրջանցեցի և սկսեցի կողքից աշխատել: Կարևոր է, որպեսզի լրագրողը միշտ մի քանի քայլ առաջ մտածի և հարկ եղած դեպքում կարողանա իրեն պաշտպանել ու շարունակել լուսաբանումը:

Ոստիկանները  չեն լսում քեզ, անգամ եթե բարձր գոռում ես, որ լրագրող ես: Չեն խնայում և չեն լսում:

Տաթև Խաչատրյան, Հայկական Ժամանակ

Դժվարությունն այն է,  որ լրագրողները չեն կարողանում լինել անհնազանդության ակցիայի ամենաթեժ կետերում միաժամանակ: Բոլոր վայրերում ունենք թղթակիցներ, փորձում ենք օպերատիվ լուսաբանել, սակայն շահում են այն լրատվամիջոցները, որոնք ուղիղ միացում են ապահովում:

Երբեմն դա նաև խանգարում է մարդկանց գալ և միանալ ցույցին: Եթե չլիներ համաժամանակյա եթերը, մարդիկ դուրս կգային փողոց, թեկուզ միայն հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Իսկ, ընդհանուր առմամբ, լրագրողների համար խաղաղ և անխոչընդոտ ակցիա է: Դեռ այդպես է:

Լիլիան Գալստյան, լուսանկարիչ, Panօrama.am

Առավոտյան Հերացու փողոցում, երբ սև մեքենան քշեց մարդկանց ուղղությամբ, ես մի կերպ կարողացա խույս տալ վրաերթից: Չգիտես, ով է ղեկին, ինչ նպատակ է հետապնդում և ինչ կարող է անել քեզ հետ: Դա էր միակ վտանգավոր պահը:

Քանի որ արագ է փոխվում ակցիայի ծրագիրը և շատ են գործողությունները, դա նշանակում է ժամանակ առ ժամանակ դատարկել ինֆորմացիայի կրիչը և պատրաստ լինել անկանխատեսելի ընթացքի:
 

Գայանե Ասրյան

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *