Անդրոիդ համակարգերով հեռախոսների օգտատերերը հնարավորություն ունեն ներբեռնելու ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի բջջային հավելվածը՝ Media Ethics Observatory-ն, որի միջոցով կարելի է բողոք ուղարկել անմիջապես բջջային հեռախոսից:
Դիտորդ մարմնի (ԴՄ) գործունեության նպատակը ԶԼՄ-ներում նկատված որոշ խախտումների դեպքում (անձանց իրավունքների, էթիկական և այլն) վեճն ինքնակարգավորման ճանապարհով հարթելն է:
Չափանիշները, որով առաջնորդվում է մարմինը, ավելի քան չորս տասնյակ լրատվամիջոցների կողմից ընդունված միասնական էթիկական սկզբունքներն են:
Մինչ այժմ քաղաքացիները լրատվամիջոցների կողմից իրենց իրավունքների կամ էթիկայի խախտման պարագայում հնարավորություն ունեին Դիտորդ մարմնին դիմել գրավոր կամ Երևանի մամուլի ակումբի կայքի միջոցով:
«Թվային դարում առանց հավելվածների հնարավոր չէ: Հնարավորինս հեշտացվել է դիմելու ձևը: Հավելվածը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսով ինչ-որ բան ընթերցելիս, դիտելիս որևէ խնդիր արձանագրելով՝ անմիջապես նյութի հղումը, լրացուցիչ այլ տվյալներ ուղարկել Դիտորդ մարմնին»,- ասում է ԴՄ համակարգող Մեսրոպ Հարությունյանը:
Քաղաքացին որևէ լրատվամիջոցից բողոք ունենալու դեպքում, ներբեռնած լինելով բջջային հավելվածը, ընդամենը պետք է լրացնի մի քանի տող՝ անուն-ազգանուն, կոնտակտներ, լրատվամիջոցի անվանումը, նյութի հղումը, վերնագիրը, հրապարակման ամսաթիվը: Համապատասխան կոճակը սեղմելուց հետո դիմումը կհայտնվի Դիտորդ մարմնի էլեկտրոնային փոստում, և սկսվում է գործընթացը:
Մեսրոպ Հարությունյանի խոսքով՝ Media Ethics Observatory հավելվածը ոչ միայն գործիք է, այլև Դիտորդ մարմնի հանրահռչակման միջոց:
2017 թվականին բջջային հավելվածի միջոցով Դիտորդ մարմնին դիմել է երկու անձ: Դա կազմում է նախորդ տարվա դիմումների ուղիղ կեսը, քանի որ նախորդ տարի Դիտորդ մարմինը ստացել է 4 բողոք:
Երկու բողոքի վերաբերյալ փորձագիտական կարծիք է կայացվել, որից մեկը ընդդեմ Tert.am-ի, մյուսը՝ «Արարատ» հեռուստաընկերության: Ներկայումս քննվում է մեկ բողոք ընդդեմ ATV հեռուստաընկերության: Դիտորդ մարմինը հանդիպել է դիմողին և խնդրել դիմումն ուղարկել պատշաճ ձևաչափով: Բանն այն է, որ ոչ թե դիմել է այն անձը, ում իրավունքներն ըստ դիմումի խախտվել են, այլ՝ նրա բարեկամը: Իսկ Դիտորդ մարմինը երրորդ անձանցից բողոքներ չի ընդունում:
«Ինքնակարգավորման մարմինները երրորդ անձանցից ինչ-որ մեկի իրավունքների վերաբերյալ բողոք չեն քննում, որովհետև միգուցե տվյալ անձը չցանկանա, որպեսզի իր անունը ավելորդ անգամ շրջանառվի: Միգուցե մարդու անձնական կյանքին վերաբերող նյութը հեռարձակվել կամ հրապարակվել է, և այն դիտել է 10 մարդ, իսկ բողոքի դեպքում պատմությունը էլի սկսվում է շրջանառվել, պատմությունը հայտնի է դառնում ավելի շատ թվով մարդկանց, ինչը կարող է տվյալ քաղաքացու համար անցանկալի լինել»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:
Որևէ վեճ քննելու կարգը հետևյալն է. բողոք ստանալով, Դիտորդ մարմինը տեղեկացնում է այն լրատվամիջոցին, որի վերաբերյալ ստացված է բողոքը: Եթե ԶԼՄ-ը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ է (դրանք այսօր 46-ն են), այսինքն ստորագրել է «Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը» եւ ըստ այդմ ընդունել Դիտորդ մարմնի գերակայությունը՝ քննելու իր վարքի համապատասխանությունը Կանոնագրին, ապա այս դեպքում ԴՄ-ն տվյալ ԶԼՄ-ին տեղեկացնելուց հետո սկսում է վարույթը եւ տալիս իր եզրակացությունը, որը պետք է հրապարակվի տվյալ լրատվամիջոցում:
Իսկ եթե ԶԼՄ-ը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ, ապա ԴՄ-ը առաջարկում է միջնորդություն՝ վեճն արտադատական կարգով լուծելու համար: Եթե ԶԼՄ-ն չի արձագանքում դիմումին, Դիտորդ մարմինն, այդուհանդերձ, իրեն իրավունք է վերապահում քննել հարցը, տալ փորձագիտական կարծիք եւ այն հրապարակել:
Դիտորդ մարմնի հանրահռչակման ձեւ են նաեւ Երևանի մամուլի ակումբի պատրաստած տեսանյութերը:
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: