2018.01.24,

Նյուսրում

Լրագրողների պայուսակներն ամեն վայրկյան պատրաստ են աշխատանքի

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Այս անգամ մենք ենք խախտել լրագրողների անձնական տարածքը: Լրագրողները բացել են պայուսակները և խոսել իրենց սովորությունների, սիրած իրերի և դրանց հետ կապված պատմությունների մասին:

Տիրայր Մուրադյան, «Հայկական Ժամանակ»

Առավոտյան տնից դուրս գալուց առաջ ևս մեկ անգամ պետք է հավաստիանամ, որ պայուսակիս մեջ ամեն ինչ իր տեղում է: Բացի մասնագիտական գործիքներից՝ ֆոտոխցիկ, ձայնագրիչ, մարտկոցներ, հիշողության կրիչներ և այլն, ինձ հետ են նաև իրավաբանության մասին գրքեր ու դասախոսություններ: Օրվա մեջ և՛ աշխատում եմ, և՛ սովորում, այնպես որ մասնագիտական նյութերը միշտ պետք է ձեռքիս տակ լինեն:

Համակարգիչն էլ արդեն երկար ժամանակ է դարձել է պարտադիր իր պայուսակիս մեջ, քանի որ հաճախ է լինում հենց դեպքի վայրում նյութ եմ գրում, տեսանյութը մշակում, որպեսզի օպերատիվ կարողանամ մատուցել տեղեկությունը:

Այս պահին պայուսակում են ԱԱԾ-ին ուղղված հարցումների նամակները: Այս կառույցը պարտադրում է լրագրողներին, որ հարցումները նամակով ուղարկեն իրենց, նույն տարբերակով էլ պատասխանում է դրանց: Պարզապես ահագին ժամանակ ենք կորցնում նամակը փոստային ծառայություն տանելու, իսկ պատասխանի դեպքում՝ փոստից ստանալու համար: Դա ինձ երբեք հետ չի պահում մի քիչ ավելի ժամանակ և նյարդեր վատնել՝ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:

Ամի Չիչակյան, «Առավոտ»

Այնքան շատ բան եմ ինձ հետ աշխատանքի բերում, որ ամենահարմար տարբերակն ուսապարկն է, որտեղ ամեն ինչ տեղավորվում է: Անկեղծ ասած՝ պայուսակս հաճախ չեմ դասավորում, քանի որ ամեն անհրաժեշտ իր մեջն է:

Անձնագիրս միշտ ինձ հետ է, բայց ոչ թե այն պատճառով, որ օրվա ընթացքում այն օգտագործում եմ, այլ պարզապես սովորություն է. առանց անձնագրի տնից դուրս չեմ գալիս: Տրանսպորտում ժամանակս իզուր չվատնելու համար թաբլեթով ծանոթանում եմ լրահոսին, հետաքրքիր նյութեր կարդում: Նաև «թափառում» սոցիալական ցանցերում, շփվում ընկերներիս հետ:

Հաճախ է պատահում, որ ուշ եմ տուն վերադառնում, ուսապարկիս գրպաններում լապտերներ կան: Այս մեկը փչացել է, պետք է վաղը փոխարինեմ ուրիշով: Լապտերս օգտագործում եմ նաև շան հետ զբոսնելու ժամանակ:

Հրանտ Գալստյան, «Հետք»

Շատ պայուսակներ չունեմ, բայց գնելուց առաջ մեծ ուշադրություն եմ դարձնում հարմարավետությանը: Իրերն այնպես եմ դասավորում, որ առանց խառնելու և շատ արագ հանեմ տվյալ պահին ինձ անհրաժեշտ իրը:

Խառնաշփոթն իմ պայուսակի համար չէ, ես ավելորդ իրեր չունեմ: Եղանակից կախված իմ պայուսակում կարող է անձրևանոց հայտնվել, ձեռնոց, շարֆ, աշնանը և գարնանը` բաճկոն, որպեսզի աշխատանքի գալիս և երեկոյան տուն վերադառնալիս չմրսեմ:

Մաստակ ունեմ, անձեռոցիկ ու ամենակարևորը` կտորից տոպրակ: Այն հաճախ եմ օգտագործում հատկապես գնումներ անելիս, դեմ եմ պոլիէթիլենային տոպրակներին և ուզում եմ իմ օրինակով մարդկանց ցույց տալ, որ հեշտորեն կարելի է հրաժարվել պոլիէթիլենայինից և անցնել էկոլոգիապես մաքուր տարբերակին: Կտորից տոպրակն ավելի մատչելի է, հատկապես որ վերջերս որոշ խանութներում գնումներ անելիս պետք է վճարել պոլիէթիլենային տոպրակի համար:

Գևորգ Ղազարյան, Հանրային հեռուստաընկերություն

Խիստ աշխատանքային է իմ պայուսակը՝ լուսանկարահանման անհրաժեշտ տարբեր իրերով: Իմ դեպքում ամենահարմար տարբերակն ուսապարկն է, որտեղ ամբողջությամբ կարողանում են տեղավորել իրերս:

Տեխնիկայի հետ կապված ցանկացած դետալ իր տեղն ունի, դա օգնում է ինձ արագ կազմակերպել աշխատանքս և ոչինչ չկորցնել, հետևաբար անտեղի խուճապի մեջ չընկնել: Կարևոր է, որ ամեն պահ պայուսակդ պատրաստ լինի դուրս գալու աշխատանքի: Պատրաստ նաև ֆորսմաժորային իրավիճակների:

Այս տեսքով իմ պայուսակը թերի է, եթե ֆուտբոլային հանդիպում եմ լուսաբանելու այս ամենին գումարվում է նաև համակարգիչը, իսկ քաղցս հագեցնելու համար միշտ ունենում են կոզինախ: Այն արագ է կշտացնում և ունի բարձր կալորիականություն:

Նարինե Ղալեչյան, «Ազատություն»

Որպես կանոն ընտրում եմ տարողունակ պայուսակներ: Ունեմ տարբեր գույների մոտ 8 ուսապարկ, դրանք հաճախ չեմ փոխում, թեև պարունակությունը կարող է երբեմն փոխոխվել, օրինակ ավելանալ աղջկաս նկարները՝ «խզբզոցները»:

Ես փոքրիկ պայուսակներ, հատկապես երեկոյան կամ դասական հագուստի համար նախատեսված, չունեմ: Վերջերս խնջույքի գնացի ուսապարկով և այն թողեցի հանդերձարանում, որովհետև իրականում դիմահարդարման միջոցներ չեմ օգտագործում:

Փոքր պայուսակն ինձ համար չէ, քանի որ առավոտյան տնից դուրս եմ գալիս աշխատանքային առօրյայիս համար անհրաժեշտ բեռով:

Ինձ մոտ ամեն ինչ կա՝ մաստակ, դեղեր, շատ գրիչներ, այցեքարտեր, խոնավ անձեռոցիկ, արևային ակնոց և այլն: Փոխարենը շատ քիչ են աղջկական պարագաները՝ օծանելիք և ձեռքի քսուք:

Շատ ունեմ կոնֆետներ, որոնք քաղցր են պահում լարված և չնորմավորված աշխատանքային ժամերին:

Մանու Իրիցյան, «Արմենիա» հեռուստաընկերություն

Մասնագիտությունը հուշում է, որ պայուսակը պետք է մեծ լինի, բայց իմ դեպքում հակառակն է՝ նախընտրում եմ փոքրիկ տարողություն: Պայուսակներ շատ ունեմ, իսկ սա իմ ամենասիրելին է:

Մոտ երեք ամիս օգտագործում եմ նույն պայուսակը մինչև որ եղանակի կամ հագուստի պատճառով ստիպված իրերս տեղափոխում եմ ուրիշի մեջ: Դրանք հաճախ փոխել չեմ սիրում, քանի որ կարևոր իրերը միշտ մոռանում եմ նախկինի մեջ: Այդ պատճառով է, որ բոլոր պայուսակներիս արտաքին գրպաններում կոպեկներ ունեմ, որպեսզի տրանսպորտում անհեթեթ դրության մեջ չհայտնվեմ:

Թեև օրվա ընթացքում երբեք չեմ թարմացնում դիմահարդարումս, սակայն ինչպես պայուսակիս մեջ, այնպես էլ աշխատասեղանիս դիմահարդարման մի քանի պարտադիր միջոցներ ունեմ՝ օծանելիք, շրթներկ, կոսմետիկ մատիտ, հայելի:

Իսկ ամենակարևորը ինձ հետ է յոթ տարվա պատմություն ունեցող իմ ամենասիրելի ականջօղը, որի զույգը տարեվերջին՝ կորպորատիվի խնջույքի ժամանակ եմ կորցրել: Հույսս չեմ կորցնում` այն կգտնեմ և կմիավորեմ:

Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *