2018.01.17,

Նյուսրում

2017-ին լրագրողների հանդեպ ճնշումները կրկնապատկվել են

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Լրատվամիջոցների և նրանց աշխատակիցների հանդեպ ճնշումներն անցած տարի կտրուկ ավելացել են: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017թ-ի զեկույցի տվյալներով՝ 2016թ-ի 52 դեպքի համեմատ 2017թ-ին գրանցվել է լրագրողներին ճնշելու 113 դեպք:

Ըստ զեկույցի, գրեթե կրկնապատկվել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ 2016-ին` 33 դեպք, 2017-ին՝ 62:

Լրագրողների հանդեպ Ֆիզիկական բռնության դեպքերի թիվը գրեթե անփոփոխ է:

«2017թ-ը լրատվամիջոցների համար բավականին լարված տարի է եղել` պայմանավորված Ազգային Ժողովի, Երևանի ավագանու, ՏԻՄ ընտրություններով, սովորաբար այս շրջաններում ավելանում են լրագրողների նկատմամբ բռնություններն և տարատեսակ ճնշումները»,-ասում է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ընտրական գործընթացների ժամանակ գրանցված 29 դեպքից միայն 7-ի առնչությամբ է հարուցվել քրեական գործ, որից 5-ը կարճվել է հանցակազմի բացակայության հիմնավորմամբ, երկուսի գործը դատարանում է:

Մելիքյանի խոսքով, այս գործերը քննելու համար իշխանությունը հետևողականություն չի ցուցաբերում, լուրջ վերաբերմունք չկա, մինչդեռ խախտումները մտահոգիչ են. «Եթե այս գործերին ընթացք չտան, էլ ո՞ր դեպքերի համար պետք է քրեական պատասխանատվություն լինի»:

Դատական գործեր Հայաստանում և միջազգային ատյաններում

2017թ.-ին լրատվամիջոցների և լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի թիվը հասել է 60-ի (հայցերից 30-ը sut.am-ի գործով է եղել):

Մեդիայի հարցերում մասնագիտացած իրավաբան Արա Ղազարյանն ասում է, որ 2008-ից մինչև այժմ լրագրողների գործունեության խոչընդոտման 120 ֆիքսված դեպք կա, որոնք միտումնավոր չեն հետաքննում. «սա նշանակում է, որ խնդիր կա նախաքննության փուլում»:

Այժմ միջազգային ատյաններում Հայաստանից լրագրողների գանգատներով գործերը նոր ընթացք են ստանում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն շրջանառության մեջ է դրել «Էլեկտրիկ Երևանի» դեպքերով Գևորգ Ղազարյանի, Հակոբ Կարապետյանի գործերը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Թեհմինե Ենոքյանի գործը:

Հայաստանում քննվող գործերի մասին խոսելով՝ իրավաբան Դավիթ Ասատրյանը նշում է, որ մեր դատարաններում գործերը կարող են քննվել ընդհուպ 30 ամիս, որի ընթացքում հասարակությունը մոռանում է դեպքի մասին:

«Ստացվում է վճիռը չի ստանում այն հանրային արձագանքը, որը կարող էր լինել, եթե գործը քննվեր 3 կամ 4 ամսվա ընթացքում: Դատարաններում լրագրողների ձայնը լսելի դարձնելու համար պետք է կարճ ժամկետներ սահմանել»,- ավելացնում է Ասատրյանը:

Հակառակվելով իրավաբանների և զեկույցի վիճակագրությանը, գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է, որ 2017թ-ին Հատուկ քննչական ծառությունում 6 քրեական դեպք է հարուցվել, որից մեկի դեպքում արդեն վճիռ կա, 3-ը կարճվել է բողոքների բացակայության պատճառով, 2-ն ընթացի մեջ են: Արդյունքում 4 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել:

«Համաձայն չեմ, որ իշխանությունը պատասխանատվություն չի կրում այս գործերի համար, հարուցված գործերով հարցաքննություն է անցել ոստիկանության ավելի քան 60 աշխատակից, դեռևս քննվում է նրանց գործողությունների իրավաչափությունը»,- հավելում է Աբրահամյանը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *